Ինչո՞ւ են երիտ. ՀՀԿ-ականներն ու տարեց ՀԱԿԿ-ականները հերոսացնում Ծառուկյանին
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից հետո ակնհայտ է, որ իշխանությունները լրջորեն զբաղվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշով: Ասվածն առաջին հայացքից, իհարկե, տարօրինակ է թվում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ երիտսոցակտիվը on-line ռեժիմով բոլոր հնարավոր սոցիալական ցանցերում զբաղված է ԲՀԿ-ականներին ու նրանց ավագանու թեկնածուներին անարգանքի սյունին գամելով: Բավական է մասնավորապես ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը որևէ միտք հայտնի վիրտուալ կամ արթմնի, երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ ՀՀԿ-ականներն իրենց պատերին են «սվաղում» ամենազանազան քննադատական տեքստեր, պամֆլետներ ու սարկաստիկ նյութեր:
Իսկ վնասո՞ւմ են ՀՀԿ-ականների քննադատությունները Վարդան Օսկանյանի ու ԲՀԿ-ի վարկանիշը, թե՞ հակառակը՝ բարձրացնում են այն: Նույնիսկ միջին վիճակագրական երիտասարդ ՀՀԿ-ականը կարող է հասկանալ, որ, երբ իշխանական դեմքերը նախընտրական շրջանում քննադատում են ընդդիմադիր, անգամ այլընտրանքային ուժի ներկայացուցիչներին, դա միայն նպաստում է վերջինիս վարկանիշի բարձրացմանը: Իսկ երբ այդ գործով զբաղված են հասարակության մոտ, մեղմ ասած, դրական էմոցիաներ չառաջացնող ՀՀԿ-ականները, այդ «գործի» արդյունավետությունը կրկնապատկվում է:
ԲՀԿ-ի վարկանիշի վրա իշխանություններն աշխատում են ոչ միայն վիրտուալ տարածությունում: Ոչ առանց իշխանական շրջանակների միջամտության ապրիլի 9-ի հիմնական ինտրիգներից մեկը դարձել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցել-չմասնակցելու հարցը Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Ի վերջո, Ծառուկյանը չգնաց Մարզահամերգային համալիր՝ իր բացակայությունը փոխարինելով ԲՀԿ-ականների պատկառելի պատվիրակության ներկայությամբ: Բայց այդ փոքր «դրվագով» Գագիկ Ծառուկյանը երևակվեց՝ որպես համարձակ, ինքնուրույն գործիչ, ով իրեն կարող է թույլ տալ չմասնակցել այն նախագահի երդմնակալությանը, ով փետրվարի 18-ի ընտրություններում իր ծննդավայր Առինջում ստացել է 99 տոկոս «վստահության քվե»: Բայց ինտրիգն ինտրիգ չէր լինի, եթե ավարտվեր միայն ապրիլի 9-ով: Հիմա էլ մամուլը գրում է, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն իշխանական հարսանիքներից մեկում կողք կողքի սեղանների շուրջ նստած լինելով՝ նույնիսկ «բարև, բարլուս» չեն արել:
Ինչպիսի համարձակություն… Հասարակության՝ այս օրերին ընտրազանգվածի տրամաբանությամբ ապրող հասարակության մոտ, իհարկե, ավելի շատ տպավորվում են «համարձակության» մասին վերը նշված պատմությունները, քան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտնած տեղեկատվությունն այն մասին, որ ապրիլի 9-ի երդմնակալությունից առաջ ինքն է կազմակերպել Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որը վերջինիս խնամի ու Սերժ Սարգսյանի կուսակից Հովիկ Աբրահամյանը դասել էր «լավ բաների» շարքին:
Մի խոսքով, իշխանական քարոզչությունը Տարոն Մարգարյանին «լավ տղա ու լավ քաղաքապետ» կերտելուն զուգահեռ՝ զբաղված է նաև ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի համար անդառնալի ընդդիմադիրի կերպարի ստեղծմամբ: Ծանոթ պատմություն է: Գրեթե նույնը՝ սոցցանցերի ու «հարսանիքների» մասով, մասնավորապես, եղել է նաև 2013 թվականի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ: Արդյունքը եղավ այն, որ Ծառուկյանն իր անձի վրա կենտրոնացրեց ընդդիմադիր ընտրազանգվածի սպասումները, ապա «կարևոր գործերով» բացակայեց Հայաստանից՝ ժողովրդին թողնելով «ոչ մրցակցային ու կանխորոշված» ընտրությունների հույսին: Գրեթե նույնը տեղի է ունենում նաև այսօր: Այն տարբերությամբ, որ, եթե անցած տարվա դեկտեմբերին երկու տողանոց հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանն ապահովեց ընտրությունների «ոչ մրցակցայնությունը», ապա ներկայումս Վարդան Օսկանյանը՝ իր ծավալուն «ստատուսներով», ուղղակի բորբոքում է մրցակցային ոգին:
Իշխանության կողմից ԲՀԿ-ի վերաընդդիմադիրացումը կարող է տարբեր նպատակներ ունենալ: Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ ՀՀԿ-ականներն այս ամենն անում են Երևանը ԲՀԿ-ին հանձնելու համար: Իհա՛րկե ոչ: Ավելի հավանական է, որ այս քայլերով իշխանությունը փորձում է վերականգնել հավասարակշռության խախտումը, որն առաջացել է նախագահական ընտրություններից հետո:
Ի վերջո, «հզոր» ԲՀԿ-ն մեծ առաքելություն կատարեց նախագահական ընտրություններում, բայց դրանից հետո կորցրեց ամենակարող այլընտրանքի ընկալումը: Հիմա վերականգնվում է հենց այդ ընկալումը, քանի որ առանց դրա ԲՀԿ-ի ֆունկցիան իշխանական համակարգի պահպանման գործընթացում արդյունավետ չի կարող լինել:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ մինչ իշխանական երիտասարդները ԲՀԿ-ի վարկանիշով զբաղվում են «սև քարոզչության» միջոցով, ՀԱԿ-ի ծերակույտը՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նույն խնդիրը լուծում է Ծառուկյանի համար «ճակատ տվող մարտիկի» կերպար ստեղծելով: Թե ինչու՝ կրկին դժվար չէ կռահել: Բայց այդ մասին՝ հաջորդ դասին: