Իտալական պարբերականը Պուտինին մեղադրել է գրագողության մեջ. Կրեմլը լռում է
Իտալական La Repubblica թերթում հրապարակվել է Նիկոլա Լոմբարդոցիի հոդվածը, որում ասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գիտական դիսերտացիայում հայտնաբերվել են ամբողջական էջեր, որոնք վերցվել են ամերիկյան հետազոտությունից.
«Անգամ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի ամենակարող մարդը, տրվել է ուրիշների աշխատանքներից գիտական թեզիսներ գողանալու գայթակղությանը՝ իր ինքնակենսագրականը հեղինակավոր գիտական կոչմամբ համալրելու համար: Նրա դեպքում խոսքը տնտեսության մասին է, իսկ դա, ինչպես հայտնի է, նրա թույլ տեղն է:
Նրա գրագողության մասին լուրերը տարածվել են վաղուց: Արդեն մի քանի տարի է, ինչ ամերիկացի հեղինակավոր գիտնականները երիտասարդ Պուտինի աշխատանքը համարում են գրագողություն: Խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խաչակրաց արշավանք է սկսել գրագողության և կեղծ կոչումների դեմ, ինչը Ռուսաստանի կրթական համակարգի խոցերից մեկն է:
Եվ այդ երևույթի դեմ պայքարելուն կոչված բոլոր հանձնաժողովներն այժմ բախվել են Պուտինի սկանդալային ու անսովոր սխալին: Ի՞նչ անել: Դադարեցնե՞լ գրագողության նկատմամբ հայտարարած որսը, թե՞ պատժել բոլորին՝ բացի նրանից: Ակնհայտորեն ստեղծվել է անելանելի իրավիճակ:
Կրեմլը լռում է, փորձագետները չեն մեկնաբանում: 1996 թվականին, երբ ներկայիս նախագահը նոր էր սկսում իշխանական աստիճաններով վեր բարձրանալ, նա Սանկտ Պետերբուրգի Լեռնագործության ինստիտուտում դիսերտացիա է պաշտպանել «Շուկայական հարաբերությունների ձևավորման պայմաններում տարածաշրջանի լեռնահանքային բազայի վերարտադրման ռազմավարական պլանավորում» թեմայով։
Ապա Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտի գիտնականներից մեկը պարզել էր, որ 218 էջից բաղկացած այդ աշխատության 60 տոկոսը և նվազագույնը 6 գծապատկեր վերցվել է 1994 թվականի ՊԱԿ-ի Ակադեմիայի կողմից ռուսերեն թարգմանված ամերիկյան տնտեսագիտական դասագրքից: Սակայն այն ժամանակ դա չունեցավ պաշտոնական որևէ արձագանք»: