Ա.Մանուչարյան. «Սերժ Սարգսյանը հաղթելու մի հնարավորություն ունի, եթե նա օգնի, որպեսզի ժողովուրդը ոտքի կանգնի…» (տեսանյութ)

«Հայաստանը դադարել է խոշորագույն հայկական պետությունը լինելուց, այսօր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այս միտման շարունակման դեպքում Հայաստանն աշխարհում կհայտնվի նույնիսկ 3-րդ տեղում, քանի որ Միացյալ Նահանգներում, Կանադայում հայերի թիվը նույնպես մոտենում է Հայաստանի բնակչության թվին:

«Այսինքն` ով ուզում է իրեն գովի, թե դեմոկրատիայով առաջ է անցել, ինչ-որ նոր բաներ է արել, երբ լսում ես պետական-քաղաքական այրերի հաշվետությունները, նրանց համար սա հիմնական պարամետրն է: Հայաստանն այս վիճակում է գտնվում, և դա ազգային աղետ է: Այդ իշխանությունը, այդ քաղաքական համակարգը, որ գործում են, երկիրը տանում են դեպի ազգային աղետ»,- ասաց Մանուչարյանը:

Նա անընդունելի համարեց այսօրվա ընդդիմության «բզկտվածությունը», և այս առումով առանձնացրեց երեք ուժերի` պայմանականորեն ասած` նկատի ունենալով հավաքական այն ուժը, որին կոչեց Րաֆֆի Հովհաննիսյան, այն ուժը, որը կոչվում է ՀԱԿ, ինչպես նաև` «Սարդարապատը»:

«Ժողովուրդն այսօր մեծ, թե փոքր հատվածներով գնում է այս ուժերի ետևից, մյուսները ժողովուրդ չունեն, նրանք պարզապես ունեն ինչ-ինչ կողմնակիցներ և այլն»,- ասաց նա: Ըստ Մանուչարյանի` այդ երեք ուժերի միասնական գործունեությունն այժմ խիստ կարևոր է` երկրի խնդիրների լուծման տեսակետից:

Մանուչարյանն անդրադարձավ նաև նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական գործընթացներին` հատկապես ընդգծելով երիտասարդության դերը:

«Ֆանտաստիկ երիտասարդություն տեսանք վերջին ելույթներում` հրապարակում: Ես հատկապես գովել եմ նրանց, ովքեր դասադուլ էին կազմակերպում և մեր իշխանավորներին էլ ասեմ` դուք այդ երեխաներին պետք է աչքի լույսի պես նայեք, որովհետև նրանք են այս երկրի ապագան, իսկ դուք, ցավոք սրտի, ապագա չեք, դուք հիմա ապագան, քայքայող եք, փչացնող, քանդող, և նրանց պետք է բարձրացնեք, որ ձեզ պարտադրեն, որովհետև դուք էլ սկզբունքորեն տաղանդավոր մարդիկ եք, բայց դուք հիմա այս երկիրը ոչնչացնում եք, այդ երեխաներին զրկում եք հայրենիքից»,- շեշտեց Աշոտ Մանուչարյանը:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամն անդրադարձավ վերջին շրջանում քաղաքական դաշտում ամենաշատը շրջանառվող այն խոսակցությունների մասին, թե «Րաֆֆին պարտվեց», կամ անգամ` «Րաֆֆին մեռավ», ինչպես նաև նույն համատեքստում հիշատակեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանին, ով միացել էր Րաֆֆի Հովհաննիսյանին և ում նույնպես այսօր համարում են պարտված:

«Նրանք սկզբունքորեն չեն կարող Երևանում պարտվել, Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է: Ով մոռացել է, հիշեցնում եմ` ողջ հայության համար` իղձերի, երազանքների կենտրոն: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը, բացի դրական, բացասական կողմերով մարդ լինելուց, և Վահան Բադասյանը նաև սիմվոլիկ դերակատար են. մեկը ներկայացնում է սփյուռքը, մյուսը ներկայացնում է Արցախը: Եվ սփյուռքը ներկայացնում է ոչ թե այն ձևով, որ «նկար մը գցի» այստեղի պաշտոնյաների հետ, հետո գնա, ասի` «կողքինը կամ վրայինը ես եմ», այլ եկել է այստեղ, որպեսզի ժողովրդի հետ միասին հաղթահարի այն անհեթեթությունները, որ կան այստեղ: Լավ է անում, վատ է անում, նա սիմվոլիկ կերպով հանուն Հայաստանի պայքարող մարդ է»,- նշեց Մանուչարյանը:

«Եվ նույնը` Վահան Բադասյանը: Նա Արցախից չի եկել, որ մասը կազմի կողոպուտի համակարգի, որն այստեղ ստեղծել են երկու-երեք դուրսպրծուկներ Արցախից, նա եկել այստեղ, որ Հայաստանի մայրաքաղաքում կարգուկանոն հաստատի, և նա այստեղ կարող է միայն հաղթել,- շարունակեց բանախոսը:- Այս հանգամանքները շատ կարևոր են, և այդ դուրս տվողները, լինի դա իշխանության, ընդդիմության ներկայացուցիչ, թե լրատվամիջոցներից, պետք հստակ հասկանան` որպես սիմվոլներ` նրանք Երևանում կարող են միայն հաղթել: Ես նշեցի նրանց մի որակը, իսկ մյուսն այն է, որ նրանք նաև ժողովրդի համար այս գործընթացը տանողն են: Ժողովուրդն այս գործընթացում կարող է միայն հաղթել, հակառակ դեպքում մենք կործանելու ենք այս երկիրը»:

Ըստ Մանուչարյանի` իշխանության առաջին խնդիրը պետք է լինի այդ հաղթանակն ապահովելը, այսինքն` ժողովուրդը պետք է զգա, որ նա իշխում է:

«Ժողովուրդը նորից պետք է լինի հրապարակներում և նորից պետք է լինի թելադրող: Սերժ Սարգսյանը, եթե նույնիսկ անկեղծորեն ուզենա (ինչին ես կասկածում եմ), ի վիճակի չէ, որովհետև այդպիսին է համակարգը, որում նա ձևավորվել է (նույնիսկ ոչ այնքան ներքին համակարգը, այլ` արտաքին): Եվ Սերժ Սարգսյանը հաղթելու մի հնարավորություն ունի,եթե նա օգնի, որպեսզի ժողովուրդը ոտքի կանգնի և իրեն պարտադրի կատարելու այդ պարտադրանքը, ուրիշ ճանապարհ մենք չունենք»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա` ապրիլի 9-ին կատարվեց մի արարողություն, որով մերժվեց գոյություն ունեցող կյանքը և կառավարման համակարգը, ինչը կատարվեք քիչ, թե շատ լավ: Սակայն նա միաժամանակ նշեց, որ այնուամենայնիվ չկատարվեց երկրորդ քայլը:

«Մասնավորապես, ես փորձեցի թե´ պարոն Հովհաննիսյանին` որպես այս գործողությունների հիմնական կազմակերպչի, թե´ մյուս մասնակիցներին, այդ հանրահավաքին մասնակցելով` հրապարակային ներկայացնել` ինչպիսի՞ կառավարման համակարգ կարող են հաստատել: Ես ասացի, որ չկա ներկայացուցչական ժողովրդավարություն, դա մի հնարք է, որ ստեղծել են, այսպես կոչված, առաջատար ժողովրդավարական պետությունները, որպեսզի թաքցնեն իրականում կապիտալի իշխանությունը:

Ներկայացուցչական ժողովրդավարությունը խաբկանք է ժողովուրդների համար: Հիմա հնարավոր է միայն ուղիղ ժողովրդավարության համակարգ, և, իմ կարծիքով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ամսի 9-ը ավարտեր կոչով` ամբողջ Հանրապետությունով մեկ ստեղծել Հայաստանի քաղաքացիների ժողովի շտաբեր (այդ շտաբերը պետք է ստեղծվեին բնակարաններում, տաղավարներում, որտեղ հավաքվում են, թե ծառի տակ, կարևոր չէ)… պետք է ստեղծվեր այդպիսի համակարգ, որը պետք է ապահովեր, որպեսզի մեր ժողովուրդը նորից հավաքվեր և իր հավաքական միտքը, կամքը դարձներ ստեղծարար ուժ այս երկրի համար,- ասաց Մանուչարյանը,- Մնացած բաները, ինչ կատարվել են, Ոստիկանություն, սա, նա, նա, դրանք մեր կյանքի երկրորդական և շատ ցավալի ատրիբուտներն են:

Ոստիկանության մասով, չնայած ես տեսա այդ մեղմ վարքագիծը, բայց մի բան էլ պետք է հասկանանք` 20 տարուց ավելի է` Ոստիկանությունը ներկայացվում է որպես ժողովրդի թշնամին, որպես գործիք ժողովրդի կողոպտիչների ձեռքում: Այս իրավիճակում ոմն Տիգրան Առաքելյանի` մի երիտասարդի, պահել բանտում այն պայմաններում, երբ նա ընդամենը ապստամբ է Ոստիկանության այդ որակի դեմ (կարող է և սխալ է կատարել, ես դրան չեմ անդրադառնում)… Եթե այնտեղ պետք է հանցագործ նստի, դա Տիգրանը չէ, այլ այդ ղեկավարությունն իրականացնող մարդիկ են»:

Աշոտ Մանուչարյանը նշեց, որ ապրիլի 9-ին մարդիկ սպասում էին, թե ի՞նչ համակարգի պետք է անցնի Հայաստանը: «Պարոն Հովհաննիսյանն ասաց` ինչ համակարգի, իրական ժողովրդավարության, բայց ինչպե՞ս, նա չասաց: Ամեն մի ժողովրդի ղեկավարող պետք է իմանա` ժողովուրդը չպետք է հեռանա հրապարակից` առանց հանձնարարական ունենալու: Եթե բան չես ասում, թվում է, թե գնում ենք գրոհով վերցնենք այդ շենքը, և այդ շենքում է իշխանությունը: Այդ շենքում երբեք իշխանություն չի եղել, և, փառք Աստծո, երբեք էլ չի լինելու, որովհետև եթե ժողովուրդը փողոցում չէ, այդ շենքը համաշխարհային կապիտալի գործերի տեղական կառավարիչների նստավայրն է»,- ավելացրեց Աշոտ Մանուչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս