Րաֆֆի Հովհաննիսյանը, ճապոնական ասացվածքը և ՀՀ իշխանությունները

«Հոյակապ երիտասարդություն ունենք, ու լավ է, որ նրանց մոտ վախի գործոնը չկա: Եթե Հայաստանում ինչ-որ բան փոխվի, երիտասարդությունը դա կանի: Վերջին դեպքերի ժամանակ ժողովուրդը կրկին հուսախաբ եղավ: Հիմա ամենասարսափելի բանը դատարկվելն է,- անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական-հասարակական իրադարձություններին՝ 168.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Տարոն Մուրադյանը և հավելեց,- Եթե մարդկանց կենցաղային վիճակը լավ լինի, չեն գնա: Հիմա թող Սերժ Սարգսյանը նախագահ չլինի, ուրիշը լինի:

Եթե Ս. Սարգսյանը երկրի տնտեսական վիճակը լավացրեց, մարդիկ սկսեն նորմալ ապրել, երկրից չգնան, այլ հակառակը՝ հետ գան, ես կասեմ՝ հալալ է իրեն: Բայց չեն անում, սա է ցավալի: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ: Հսկայական սփյուռք ունենք, որը մեծ գործոն է: Հրեաներն ինչպե՞ս են իրենց սփյուռքն օգտագործում: Մենք սփյուռքին հեռու ենք վանում, քանի՞ սփյուռքահայի խաբեցինք»:

– Պարոն Մուրադյան, ապրիլի 9-ի դեպքերից հետո կարծես թե ժողովրդի ոգևորության ալիքը մի փոքր մարել է, ի՞նչ եք կարծում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարո՞ղ է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որոնց շնորհիվ ոգևորության ալիքը կրկին կուժեղանա:

– Ճապոնական շատ լավ ասացվածք կա՝ «Ցանկություններիդ մեջ միշտ զուսպ եղիր, քանզի շատ անգամ դրանք կատարվում են»: Ինձ թվում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նման վիճակում հայտնվեց: Նա ուզեց, եղավ, և հանկարծ փաստի առջև կանգնեց, չիմացավ՝ ի՞նչ անի: Ժողովուրդը եկավ և նրա մեջքի ետևում կանգնեց, բայց նա չիմացավ՝ ի՞նչ անի, մոլորվեց: Իմանալով ներկայիս իշխանություններին՝ նա չպետք է ասի՝ «իմ դիակի վրայով», և այլն. իշխանությունը, կարծում եմ, թքած ունի:

– 2008 և 2013 թվականների ՀՀ նախագահական ընտրությունների միջև տարբերություններ նկատեցի՞ք: Ասում են՝ ավելի արդար, թափանցիկ էին այս ընտրությունները:

– Արդարություն չկար, պարզապես բիրտ ուժն էր բացակայում: Եթե սա կարելի է համարել մի քայլ առաջ, ուրեմն մի քայլ առաջ ենք եկել: Բայց սա մեկ քայլ առաջ չէր: Եթե կա խաբեություն, թեկուզ շոյելով, ծիծաղելով, միևնույն է՝ խաբեությունը մնում է խաբեություն:

– Առաջիկա հինգ տարիներն ինչպե՞ս եք տեսնում:

– Մշուշոտ: Եթե ինչ-որ բան անելու լինեին, այս հինգ տարիների ընթացքում կանեին: Այո, ճիշտ է, հիմա լրատվությունն անհամեմատ ազատ է, բայց կարելի է մտածել, որ սա Արևմուտքի աչքին թոզ փչելու ձև է, թե՝ նայե՛ք, մեզ մոտ ժողովրդավարություն է, խոսքի ազատություն և այլն: Ես երբևէ ոչ մի գնացողի չեմ մեղադրել, որովհետև լոզունգներով չպետք է ապրել: Թող կառավարությունը մտածի՝ եթե բոլորը գնան, ո՞ւմ են ղեկավարելու, ո՞ւմ շնորհիվ են ապրելու:

Տեսանյութեր

Լրահոս