ԲՀԿ-ի ներքաղաքական կոմպլեմենտարիզմը Երևանի ավագանու ընտրություններում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը փոքր-ինչ անսովոր ընթացք է ստանում: Նախ` քարոզարշավին չի մասնակցում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ականները ասում են, որ նրա մասնակցության կարիքը չկա, քանի որ ԲՀԿ ցուցակում ընդգրկված գործիչները առանց նրա էլ կարողանում են արդյունավետ քարոզչություն իրականացնել:

Երևի Ծառուկյանը շատ զբաղված է, որ նույնիսկ իր հիմնական աշխատավայրում` խորհրդարանում տարվա մեջ մեկ անգամ է լինում, ուր մնաց` նախընտրական հանդիպման համար ժամանակ գտնի:

Ծառուկյանի չմասնակցությունը կարող է այլ բացատրություն էլ ունենալ: Ծառուկյանը խուսափում է բակային հանդիպումներից, քանի որ կարող են հնչել ոչ այնքան հաճելի հարցեր: Մասնավորապես, ներքաղաքական բնույթի. օրինակ՝ ինչո՞ւ ԲՀԿ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին, իսկ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է:

Ծառուկյանն այդպես էլ բացատրություն չի տվել, թե ինչու հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին: Մի՞թե Երևանի քաղաքապետի պաշտոնն ավելի կարևոր է ԲՀԿ-ի համար, քան ՀՀ նախագահինը: Մյուս հարցը, որին ԲՀԿ-ն և նրա ղեկավարը պատասխան չունեն, այն է, թե ինչպե՞ս են վերաբերվում նախագահական ընտրությունների ընթացքին և հայտարարված արդյունքներին: Եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ նախագահական ընտրությունները կեղծվել են, ապա ո՞րն է երաշխիքը, որ Երևանի ավագանու ընտրություններում նույնը տեղի չի ունենալու: Իսկ եթե կեղծվելու է, ապա ստացվում է, որ ԲՀԿ-ն, պայքարում է երկրորդ տեղի համար, քանի որ կեղծիքները ապահովելու են ՀՀԿ-ի հաղթանակը:

Նման հարցերից խուսափելու միակ ձևը նախընտրական հանդիպումների չմասնակցելն է:

Բայց ԲՀԿ-ի հիմնական խնդիրն այլ տեղ է. նախընտրական մարտավարության շուրջ ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանը և Գուրգեն Արսենյանը տրամագծորեն հակառակ մոտեցումներ ունեն: Օսկանյանը ներկայացնում է ԲՀԿ ընդդիմադիր, այսպես ասած, ինաուգուրացիան բոյկոտած թևը, որը համարում է, որը ընտրողների ձայները շահելու համար ԲՀԿ-ն պետք է հանդես գա ընդդիմադիր դիրքերից, քննադատի ոչ միայն Տարոն Մարգարյանին, այլ ընդհանրապես գործող իշխանությանը, և ասի, որ Հայաստանում իշխանափոխության իրականացումը սկսելու են Երևանից:

Իսկ Գուրգեն Արսենյանը ԲՀԿ ինաուգուրացիային մասնակցած թևի ներկայացուցիչ լինելով՝ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ անընդհատ շեշտում է, որ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունի Կապի և տրանսպորտի նախարար, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի հետ, որ երբ նա Կենտրոնի համայնքապետ է եղել` միասին քննարկել են Կենտրոնի հետ կապված բազմաթիվ ծրագրեր: Իհարկե, Արսենյանն ավելացնում է, որ այդ մտերմությունը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի, բայց մարդկանց համար անհասկանալի է, թե ինչու է Արսենյանը ՀՀԿ-ականներին քննադատելու փոխարեն, խոսում այդ կուսակցության կարկառուն ներկայացուցիչների հետ ունեցած իր անձնական մտերմության մասին:

Արսենյանն իշխանության հետ համագործակցելու և այդ ճանապարհով իշխանության ստանալու գծի կողմնակից է: Երևի հենց այդ երկփեղկվածության արդյունքն է, որ այս գործիչները խուսափում են միասին մասնակցել նախընտրական հանդիպումներին, քանի որ հակադրությունն առավել քան ակնհայտ կլինի:
Պատահական չէ, որ ԲՀԿ որոշ տարածքային կառույցների ղեկավարներ խնդրել են, որ ԲՀԿ քարոզիչներն իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքներ չայցելեն, և նախընտրական քարոզչություն չիրականացնեն, քանի որ նման հակադիր քարոզչությունը կարող է ճիշտ հակառակ արդյունքը տալ: Տարածքային կառույցների պատասխանատուները խոստանում են իրենց կողմից ստանձնած պարտավորությունն ապահովել առանց քարոզչության:

Ո՞վ է այս գործիչներից ավելի ճիշտ, և ո՞ւմ առաջարկած միջոցներն են ավելի արդյունավետ: ԲՀԿ-ականների մեծ մասը լուրջ չի վերաբերվում քարոզչությանը և դրա արդյունավետությանը` համարելով դա ժամանակի անտեղի վատնում, համարելով, որ հաջողության բանալին փող բաժանելու մեջ է: ԲՀԿ-ն փող բաժանելու սահմանափակ ձևեր գտել է, օրինակ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցով հ/կ-ներին կամ անհատներին հայրենասիրական, սպորտային կամ երիտասարդության հետ կապված ծրագրեր իրականացնելու համար գրանտներ են բաժանվելու, որը մեկնարկելու է ապրիլի 15-ից:

Բնականաբար, այդ ծրագրերը շատ պատահականորեն են համընկնելու ընտրությունների հետ: Բայց դա չի կարող փոխարինել տնետուն և հասցեական գումար բաժանելուն: Ի դեպ, Գուրգեն Արսենյանը համարվում է գումարով քվե գնելը կատարելության և կանոնիզացիայի հասցրած գործիչը: Մինչև 2000թ. պատգամավորի թեկնածուները ընտրողներին կաշառելու համար ալյուր, ձեթ կամ շաքարավազ էին բաժանում: Իսկ եթե անգամ գումար էին տալիս, ապա ոչ համատարած, այլ` բուժման ծախսերը հոգալու համար:

Ընտրողների կանոնակարգված և մասսայական կաշառումն առաջին անգամ արձանագրվել է 2000թ. Մասիսում տեղի ունեցած պատգամավորի ընտրությունների ժամանակ: 2000թ. «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ Մուրադ Մուրադյանը նշանակվեց Բնապահպանության նախարար: Պատգամավորի թափուր տեղի համար նշանակված ընտրություններին մասնակցեց Գուրգեն Արսենյանը, ում Մասիսում գրեթե ոչ ոք չէր ճանաչում: Սակայն նա կարողացավ 5 հազար դրամով գնել ընտրողների մեծամասնության քվեն, և ազատ արդար ընտրությունների միջոցով ընտրվել ԱԺ պատգամավոր: Ընդամենը երեք տարի հետո նա նույնն արեց Հայաստանի մասշտաբով` ապահովելով իր ղեկավարած ՄԱԿ կուսակցության մուտքը խորհրդարան:

Արսենյանը հասկանում է, որ իր հաջողությունը կախված չէ նրանից, թե ինչ ուժգնությամբ ինքը կքննադատի իշխանությանը, քանի որ քննադատողների պակաս կարծես թե չկա, և դժվար է ասել, թե ում օգտին կքվեարկի իշխանությունից դժգոհ ընտրողը: Նա հասկանում է, որ հաջողությունը կախված է նրանից, թե արդյո՞ք իշխանությունը հնարավորություն կտա ԲՀԿ-ին` օգտագործել իր կողմից ժամանակին բարեհաջող իրականացված ընտրական տեխնոլոգիան: Իսկ որպեսզի նման արտոնություն ունենաս, պետք է ոչ թե քննադատես իշխանությանը, այլ ընդհակառակը` ցույց տաս քո ունեցած ընդհանրություններն այդ իշխանության և նրա ներկայացուցիչների հետ:

Եթե Գագիկ Բեգլարյանը չի ընտրվում քաղաքապետ, ապա նա առնվազն պետք է շահագրգռված լինի, որ քաղաքապետ լինի նա, ում հետ ինքը Երևանի հետ կապված բազմաթիվ ընդհանուր ծրագրեր է ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս