Հեղինե Բիշարյան. «Եթե նախագահն է խոսում խնդիրների մասին, ինչո՞ւ պետք է «Օրինաց երկիրը» չխոսի

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծում է, որ Երևանի ավագանու այս  ընտրություններում ՕԵԿ-ը հաջողության հասնելու ավելի լուրջ հնարավորություններ ունի, քանի 2009թ.:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի համասնական ցուցակը 2009թ. Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում էր Հեղինե Բիշարյանը:

«Ինչպես գիտեք, 2008 թվականից հետո այն սև PR-ը, որը տեղի էր ունենում մեր նկատմամբ, բավական թարմ էին այդ հետքերը: Բնականաբար, «Օրինաց երկիրն» այդ ամեն ինչից դուրս գալու խնդիր ուներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հեղինե Բիշարյանը: Ըստ ՕԵԿ փոխնախագահի, չնայած այդ խոչընդոտին, իրենք մոտեցել էին անցողիկ շեմը հաղթահարելուն, քանի որ շատ ակտիվ քարոզարշավ էին իրականացնում:

«Իհարկե, գուցե եղել են բազմաթիվ տեխնիկական, կազմակերպչական խնդիրներ, բայց պետք է ասեմ, որ հիմա այդ առումով ավելի կազմակերպված ենք: Երևան քաղաքի մեր բոլոր կառույցները պատրաստ են ընտրություններին: Պետք է ասեմ նաև, որ պարոն Երիցյանը (խոսքը Արմեն Երիցյանի մասին է:- Ա.Փ.)՝ որպես գործադիրում աշխատած և փորձ ունեցող, իբրև քաղաքապետի թեկնածու, շատ ավելի ընկալելի է: Ես գտնում եմ նաև, որ այն թիմի անդամները, ովքեր համալրել են  մեր ցուցակը, ինչպես օրինակ, պարոն Շահինյանը (խոսքը Հովհաննես Շահինյանի մասին է:- Ա.Փ), աջակցող, օգնող ձայներ են «Օրինաց երկրի» համար»,- նշեց  ասաց Հեղինե Բիշարյանը:

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե դժվար  չէ՞ մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավ իրականացնելը ՕԵԿ-ի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  մի կողմից ՀՀԿ-ի հետ կոալիցիոն գործընկերային հարաբերություններն են կարևոր,  մյուս կողմից էլ՝ ընտրողները նախընտրական շրջանում մեծ նշանակություն են տալիս թեկնածուների՝ իշխանությունների հասցեին արված քննադատությանը,  Հեղինե Բիշարյանը պատասխանեց, թե որևէ խնդիր չկա այդ հարցում:

«Նախագահական ընտրությունների ժամանակ երկրի նախագահը, որը թեկնածու էր, բազմաթիվ խնդիրներից էր խոսում: Նույնիսկ իր երդմնակալության ժամանակ նա երկրի կարևորագույն խնդիրներից խոսեց: Եթե երկրի նախագահը, ով կառավարում է այս երկիրը, խոսում է այս խնդիրների մասին, ինչո՞ւ պետք է «Օրինաց երկիրը»  չխոսի այս մասին: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Իհարկե, մենք ասում ենք, որ քաղաքը կառավարվում է, քաղաքն առանց կառավարչի չէ, բայց մենք ուզում ենք ավելի լավ կառավարել, ավելի լավ գործեր անել: Առողջ քննադատությունն օգնում է: Եթե չլինի այս գաղափարական պայքարը, քաղաքական ուժերի համար գոյությունն անընդունելի կլինի»,- նշեց Հեղինե Բիշարյանը:

Նա չհստակցերեց, թե ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ո՞ր ուժերի հետ է ՕԵԿ-ն առավել արդյունավետ համարում իր աշխատանքը, սակայն պնդեց, որ իրենք պատրաստ են  աշխատել  բոլոր՝ առողջ մտածելակերպ և առողջ գործելակեպ ունեցող քաղաքական ուժերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս