Րաֆֆի Հովհաննիսյան. Ով ուզում է քաղաքական դիակների մասին խոսել, իշխանությունից միչև ընդդիմություն՝ դուք նույն ստորն եք
Առաջիկա շաբաթներին ու ամիսներին մենք հանգիստ չենք տալու մեր իշխանությանը: Այս մասին այսօր Ազատության ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, թե «ժողովրդի հավատն անսասան է, Աաստված կբացի դուռը», պետք է ուժեղ լինել ներկայի մեջ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե երբ նորից բոլորը վերադառնան հրապարակ՝ «մենք կողջունենք իրենց».
«Մեկը եկավ կեղծ թամաշայի համար՝ չուզեց, մյուսը եկավ, որովհետև իր տան մեջ նստած մտածում է, թե ինչպե՞ս անի, որ ժամանակը գա այս ժողովրդի ուսերով իրականացնեմ իմ ծրագիրը: Բայց իրենք չհասկացան, որ գործ ունեն ոչ միայն Րաֆֆու հետ, այլև ժողովրդի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց, թե ունենալու ենք հաղթանակ առանց որևէ մեկ կաթիլ արյան:
Դիմելով Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիյանն ասաց. «Պարոն Սարգսյան, ես ասացի, ո հայ ժողովուրդը չի ճանաչում ու չի ընդունում այդ պաշտոնը, այդ գրասենյակը, կեղծ երդումը ու այնտեղ, որտեղ Դուք եք նստել, պատկանում է հայ ժողովրդին ու պետք է դառնա հայ ժողովրդի կենտրոնակայանը: Իսկ այդտեղ մենք չենք գալու արյամբ. գալու ենք խաղաղությամբ, սիրով»:
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց գոչել «ազատութուն», որովհետև, նրա խոսքով, հայ ժողովուրդը վաստակել է այդ ազատությունը և հորդորեց «գեղարվեստական թռիչք այստեղ չգտնել»:
Նա ավելացրեց, որ ազատությունը կեղծ արժեք կամ կենաց չէ, իսկ սահմանադրական իշխանությունը ժողովրդի հեգնանքը չէ: Ր. Հովհաննիսյանն ասաց, թե մենք պատրաստ ենք առանց հուսահատվելու, ուժ տալով իրենց ու իրար, փոխել երկիրը:
«Այս իշխանությունը հրաժարական է տալու: Կեղծ ընդդիմությունն էլ հրաժարական է տալու, որովհետև հաղթել է հայ ժողովուրդը: Դրա համար թող ոչ մեկ չնեղանա իմ սուր խոսքից: Ես ձեզ հետ միասին ինձ վրա վերցրի պատասխանատվությունը ու մինչև կյանքիս վերջ կստանձնեմ այդ պատասխանատվությունը: Ով ուզում է քաղաքական դիակների մասին խոսել, իշխանությունից միչև ընդդիմություն, դուք նույն ստորն եք, որովհետև հայ ժողովուրդը երբեք դիակ չի դառնա: Հայ ժողովուրդը տանելու է այս պայքարը ոչ միայն սիրով, այլև իրավական ու քաղաքական հարթության մեջ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, թե ժամանակն է դուրս գալ տնից ու հարգել հայի ժողովրդի որոշումը:
Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ հաջորդ ուրբաթ օրը, ժամը 6-ին «Անի» հյուրանոցի դահլիճում կկայանա հանդիպում, որտեղ, նրա հավաստմամբ, կլինեն նրանք, ովքեր հարգում են ժողովրդի որոշումը: