
Անդրիաս Ղուկասյան. Անհրաժեշտ է ժողովրդի իշխանության անմիջական դրսևորում

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Երբ կազմակերպված հանցավոր խմբերը զավթում են պետական իշխանությունը և իրենց վերահսկողության տակ են վերցնում իրավապահ համակարգը, ժողովուրդը զրկվում է իր իշխանությունն իրականացնելու բոլոր սահմանադրական հնարավորություններից: Իշխանության զավթման արդյունքում ձևավորված բռնապետությունը վերարտադրվում է շինծու ընտրությունների միջոցով:
Հանրապետության իշխանության մարմինները հանցավոր ուժերից ազատելու համար անհրաժեշտ է ժողովրդի իշխանության անմիջական դրսևորում: Հայաստանի քաղաքացիների համապետական ժողովը իրավասու է կայացնել որոշում իշխանությունը զավթողներին ձերբակալելու եւ մեկուսացնելու վերաբերյալ:
Ուստի ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիները, որվքեր երդվել են չճանաչել պետության կեղծ ղեկավարներին, չհնազանդվել անիրավ հրամաններին, չվախենալ, չվաճառվել և չնահանջել, պետք է միավորեն իրենց ջանքերն այդ միջոցառման օրակարգը սահամանելու և ընդունված որոշմումներն ի կատար ածելու համար»: