
Արմավիրի մարզում հիվանդը դանակի սպառնալիքի տակ առևանգել է իրեն բուժող բժշկի BMW-ն

Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի հիվանդանոցի բակում, դանակի սպառնալիքի տակ, առևանգել է Արմավիր բժշկական կենտրոնի հոգեբույժ Ռոբերտ Ալեքսանյանին պատկանող BMW մակնիշի ամվտոմեքենան: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Արմավիրի բաժնի աշխատակիցները ճշտել են որոշ հանգամանքներ, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում, վթարի ենթարկված BMW մակնիշի ավտոմեքենա կա, որի վարորդն էլ վնասվածքներով ընկած է ավտոմեքենայի մոտ գտնվող հողամասում:
ՃՈ աշխատակիցներն ու գյուղացիները վիրավորին տեղափոխել են Մեծամորի բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նշված BMW-ն առևանգված այն ավտոմեքենան է, որը փնտրվում էր Արմավիրի ոստիկանների կողմից: Իսկ հիվանդանոց տեղափոխված անձը այն առևանգող, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 24-ամյա Հայկ Մադաթյանն է, ով, ըստ տեղեկությունների, որպես հոգեկան հիվանդ հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում և բուժում է ստանում Արմավիրի բժշկական կենտրոնի հոգեբույժ Ռ. Ալեքսանյանի մոտ: