Ես կասկածում եմ, որ Էրդողանը կկատարի քրդերին տված խոստումները. Բաշար Ասադ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնաբանել է քրդերի հետ Թուրքիայի կառավարության խաղաղության գործընթաց սկսելը.

«Չի կարելի հավատալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոսքերին, որի կառավարությունը բանակցում է քրդերի հետ: Ես չեմ վստահում այդ մարդուն: Ես կասկածում եմ, որ նա կկատարի իր խոստումները: Բոլոր քայլերը, որ նա ձեռնարկել է, ժամանակավոր միջոցներ են՝ աջակցություն ստանալու համար: Այստեղ մենք տալիս ենք նույն հարցը. «Ինչո՞ւ նա այդ քայլերը չարեց մի քանի տարի առաջ»:

Քրդերի հետ թուրքական բանակցությունները պայմանավորված են սիրիական հակամարտությամբ: Սիրիայի կառավարությունն աջակցում է Թուրքիայում «Քրդական հարցի» կարգավորման ուղղությամբ յուրաքանչյուր քայլին: Մենք ողջունել ենք այդ ուղղությամբ մի քանի տարի առաջ Թուրքիայում կատարված առաջին քայլերը:Մենք չենք ցանկանում Թուրքիայում այլևս տեսնել արյունահեղություն, ինչն անկասկած բացասաբար է ազդում տարածաշրջանի վրա:

Ես դեմ եմ քրդերի անկախությանը, որտեղ էլ որ դա լինի տարածաշրջանում: Քրդերի միայն աննշան մասն է ցանկանում անկախություն: Սիրիան, Իրանը, Իրաքը և Թուրքիան երբեք չեն համաձայնի իրենց քրդական բնակչության անջատմանը, և նմանատիպ յուրաքանչյուր փորձ կհանգեցնի պատերազմի»:

Տեսանյութեր

Լրահոս