Ապրիլի 9-ի հաղթողները
Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում, ապա՝ նաև Բաղրամյան պողոտայում, տեղի ունեցած իրադարձությունները, դրանց պատճառները դեռ շատ կքննարկվեն: Ինչո՞ւ այդպես եղավ, ո՞վ կամ ովքե՞ր էին մեղավորները, ի՞նչ կլիներ, եթե այլ քայլեր կատարվեին… Այս և բազմաթիվ այլ հարցերի մի ամբողջ շարք մնում է անպատասխան: Ըստ ամենայնի, այդ հարցերի պատասխաններն առայժմ չունեն ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ էլ, առավել ևս, նրա մերձավոր թիմակիցները՝ «Ժառանգության» անդամները: Մինչդեռ նրանք գոնե պետք է իմանային առնվազն մի քանի սկզբունքային հարցերի պատասխաններ՝ «Նոր Հայաստանի երդմնակալությունը» կազմակերպելուց առաջ: Դա, սակայն, խոսակցության միանգամայն այլ թեմա է, որին անդրադառնալու բազմաթիվ առիթներ այս օրերին կունենանք:
Մինչ այդ՝ հետաքրքիր մեկ այլ հարցի պատասխան՝ իսկ ինչպե՞ս կզարգանային իրադարձությունները, եթե ապրիլի 9-ին Ազատության հրապարակի հարթակում, ապա՝ նաև Երևանի տարբեր պողոտաներում, փողոցներում ու նրբանցքներում, երթն առաջնորդելիս (տեղ-տեղ՝ նաև չառաջնորդելիս)՝ Րաֆֆի Հովհաննիսյանը լիներ ոչ թե միայնակ, այլ նրա կողքին լինեին իրենց ընդդիմադիր կամ ոչ իշխանական համարող ուժերի ներկայացուցիչները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: Բնականաբար, միանշանակ դժվար է ասել՝ ինչ կլիներ այդ դեպքում, սակայն կարելի է առնվազն չբացառել, որ հանրահավաքային պայքարի երկար փորձ ունեցող ՀԱԿ-ի, հսկայական ֆինանսական ռեսուրսների տիրապետող ԲՀԿ-ի ու հարյուրամյա պատմություն ու քաղաքական կոփվածություն ունեցող ՀՅԴ-ի մասնակցությունն ապրիլի 9-ի ակցիաներին կարող էր շատ ավելի ուղղորդված դարձնել ժողովրդական բողոքի ալիքը, որը հորդում էր Երևանի փողոցներում, և առաջնորդների ու համակարգման բացակայության պատճառով ուղղակի փոշիացվեց:
Նշված ոչ իշխանական ուժերի ներկայությունը հրապարակում կարող էր ընդդիմադիր շարժմանը միանգամայն նոր լիցք հաղորդել՝ իրական վտանգ դառնալով իշխանության համար: Բայց այդ ուժերից որևէ մեկը երեկ հրապարակում չէր, քանի որ ֆորմալ առումով դա Րաֆֆիի հրապարակն էր, ու այնտեղ հայտնվելով՝ նրանք պետք է ընդունեին Րաֆֆիի առաջնորդությունը, հաջողության հասնելու դեպքում էլ՝ դրա արդյունքների տնօրինողն առաջին հերթին լինելու էր Րաֆֆին:
Բայց քանի որ նշված ուժերը գոնե ներկայումս պայքարում են ոչ այնքան իշխանության դեմ, այլ՝ հանուն ընդդիմադիր դաշտում առաջնորդության, նրանք ապրիլի 9-ին չէին կարող լինել Րաֆֆիի, կամ, ինչպես վերջինս է իրեն նույնացնում՝ ժողովրդի կողքին: Ավելին՝ ապրիլի 9-ի տապալումը նշված ուժերն, ամենայն հավանականությամբ, համարում են իրենց հաղթանակը:
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ և դրանից հետո ձևավորվելիք քաղաքական դաշտում տեղ ունենալու առումով: Այնպես որ, եթե խտացնելով գույները՝ արձանագրենք, որ ապրիլի 9-ին Րաֆֆին պարտվեց, ապա պետք է արձանագրենք նաև, որ հաղթեց ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Առաջինը՝ իշխանությունը գրեթե առանց ցնցումների պահպանելու, մյուսները՝ ընդդիմության դաշտում «իշխանության գալու» հնարավորություն ստանալու առումով: Իսկ եթե ավելի խտացնենք գույներն ու հիշենք, թե որ «ծիրին» մեջ են գտնվում նշված երեք ուժերը, ապա կարող ենք արձանագրել նաև, որ ապրիլի 9-ին որոշակիորեն հաղթեցին նաև Ռոբերտ Քոչարյանն ու Հայաստանում ռուսական ազդեցությունը:
Պատահական չէր ու ոչ էլ, առավել ևս, մտքի սայթաքում, որ ապրիլի 9-ին՝ դեռ Ազատության հրապարակում, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր կարող է մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ «խոսելու» նպատակով: Հրապարակում վերը նշված ուժերի բացակայության պատճառները Րաֆֆին, ըստ ամենայնի, ճիշտ էր գնահատել ու ազնվորեն հայտարարեց, որ անձամբ կգնա այնտեղ, որտեղի հետ այդ ուժերը համաձայնեցնում են՝ լինե՞լ հրապարակում, թե՞ ոչ: