Ջոն Քերին ապրիլի վերջին վերստին կայցելի Թուրքիա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով նախորդ շաբաթ գտնվել է Ստամբուլում, ապրիլի վերջին վերստին կայցելի Ստամբուլ:
Քերին Ստամբուլում մասնակցելու է այսպես կոչված «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպմանը: Այդ հանդիպման անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ջոն Քերիի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի միջև Ստամբուլում անցկացված վերջին բանակցությունների ժամանակ:
Հանդիպման նախաձեռնողները հուսով են, որ այն կնպաստի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալման արագացմանը և հնարավորության կտա նվազագույնը հումանիտար միջանցք բացել Սիրիա: Պլանավորված է այդ հանդիպումը Ստամբուլում անցկացնել ապրիլի 20-ից հետո:
Հանդիպմանը մասնակցելու են 11 երկրի ներկայացուցիչներ: Խոսքը գնում է ԱՄՆ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Կատարի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի մասին:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 1-ին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Ջոն Քերին Թուրքիա է այցելել մարտի 1-ին և ապրիլի 6-ին: