Ռուբեն Հախվերդյան. «Սերժ Սարգսյանը հրաշալի մարդ է»

«Խորը չեմ վերլուծել, բայց կարծում եմ՝ մի քիչ անհեթեթ էր այդ մոմավառությունը: Ես էլ ձեզ պես: Երեկ մի երկու ժամ չեմ կարողացել քնել, անընդհատ շուռ էի գալիս, քանի որ չեմ հասկացել, թե ինչ պետք է անել: Ես ուղղակի իմ վերաբերմունքը կարող եմ արտահայտել այս ամեն ինչի նկատմամբ, բայց թե ինչ պետք է անել… ես առաջնորդ լինել, ըստ երևույթին, չեմ կարող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգահան Ռուբեն Հախվերդյանը՝անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա ակցիային:

Ռուբեն Հախվերդյանի խոսքով, երեկ չնայած բախում տեղի ունեցավ ոստիկանների և ժողովրդի միջև, սակայն արյունահեղություն չեղավ հավանաբար այն պատճառով, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հումանիստ է:

Թեև Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա քայլերը Ռուբեն Հախվերդյանի համար այդքան էլ հստակ չէին, և, ըստ նրա՝ «ջուրը շատ էր» նրա խոսքում, բայց կարծում է՝ ժողովրդին հիասթափեցնելու առիթ չի տվել:

Նա կրկին շեշտեց այն հանգամանքը, որ ինքը, ինչպես նաև ժողովուրդը կանգնել են Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, քանի որ դեմ են Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, երկուսն էլ, ըստ Ռուբեն Հախվերդյանի, դրական անձնավորություններ են: Րաֆֆի Հովհաննիսյանը պարկեշտ է և ազնիվ, իշխանությունների հետ գործարքի չի գնացել, իսկ Սերժ Սարգսյանն էլ հրաշալի անձնավորություն է:

«Սերժ Սարգսյանը հրաշալի մարդ է, ես իր հետ անձամբ ծանոթ եմ, շատ բարի, շատ լավ, ինձ էլ լավություն է արել, այսինքն՝ ինձ չէ, այն երեխաներին, էդ գրքի տպելու համար 30 հազար դոլար է տվել: Բայց երբ որ ինձ մեկը լավություն անի, բայց իմ ընտանիքը կոտորի, ես  ո՞նց պետք է վերաբերվեմ էդ մարդու հետ:

Այսինքն՝ ինձ երախտամոռության մեջ մեղադրելն ամենաքիչը տխմարություն է»,- ասաց երգահանը:

Երեկվա իրադարձություններից Ռուբեն Հախվերդյանն հիշատակեց նաև Սերժ Սարգսյանի երդմնակալությունը՝ նշելով, որ այն հիշեցնում էր Իոսիֆ Ստալինի ժամանակները, երբ առաջնորդն ինչ տխմարություն էլ ասեր, ներկաները  հոտնկայս ծափահարում էին:

Ռուբեն Հախվերդյանին տխրեցրել  էր նաև հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ելույթը կարդում էր: Դա, ըստ Ռուբեն Հախվերդյանի, իրեն ավելի է հուսահատեցնում, քան շարունակվող արտագաղթը: Քանի որ խոսք գնաց առաջնորդներին ծափահարելու մասին, Ռուբեն Հախվերդյանը չկարողացավ մոռանալ  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն ոչ թե ամբողջական անունը նրա տվեց, այլ գերդասեց իշխանությունների սիրած հապավումը գործածել՝ ԼՏՊ:

Նրա խոսքով,  Լևոն Տեր-Պետրոսյանը «քառակուսի» նախադասություններ էր ասում՝ օրինակ՝ «փիղը մեծ  կենդանի է», և բոլորը ոգևորված ծափահարում էին:

Ռուբեն Հախվերդյանը չմոռացավ հիշատակել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ճիշտ է, ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանը  այնպիսի ելույթներ էր ունենում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կուռկուռի ձագ էր դառնում», բայց դե նրա թերությունն էլ այն էր, որ Ռուբեն Հախվերդյանին հասած շշուկների համաձայն, երկրի մոլիբդենը նրա գրպանն է գնում:

«Ես իհարկե չեմ ուզում հավատալ այդ բանին, բայց եթե երկրի ընդերքը գողացվում է  իշխանության կողմից, այդ ժամանակ, բնական է, որ երկիրն այս վիճակում պիտի լինի»,-նշեց երգահանը:

Տեսանյութեր

Լրահոս