
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ապրիլի 7-ի կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրության և գեղեցկության տոնի առթիվ.
«Սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին ու դուստրերին. մի բան, որ առօրյա հոգսերով ու խնդիրներով տարված` ամեն օր չէ, ցավոք, որ անում ենք: Այսօր և տարվա մնացած օրերին մենք կարող ենք մեր ջերմությամբ, մեր հոգատարությամբ ու մեր աշխատանքով նրանց ու բոլորի համար կյանքը դարձնել շատ ավելի գունեղ ու շատ ավելի երջանիկ:
Հայաստանի իշխանությունները փոխում են իրականացվող քաղաքականության առաջնահերթությունները` այսուհետ հատուկ հոգածության առարկա դարձնելով մայրական առողջության և առողջ սերնդի դաստիարակության խնդիրները: Մեր երկրում ձևավորելու ենք այնպիսի միջավայր, որտեղ մայրությունն ու մանկությունը գտնվում են հասարակության և պետության ամուր պաշտպանության ու հովանավորության ներքո: Իսկ բազմազավակ ընտանիքները դիտարկվելու են որպես մեր հասարակության կարևորագույն օղակ:
Սիրելի կանայք,
Կրկին շնորհավորելով ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ երջանկություն, ընտանեկան ջերմություն և աշխատանքային հաջողություններ»: