«Թեղուտը երկրի ողնաշարը փշրող ծրագիր է»

ՀՀ կառավարությունը տնտեսության զարգացման գերակա ոլորտ է հռչակել հանքարդյունաբերությունը: Մինչդեռ ամբողջովին ուսումնասիրված չեն հանքարդյունաբերության հետևանքները` և չկա համապատասխան բնապահպանական օրենսդրական դաշտ: «Ընդերքի մասին» օրենքը բարենպաստ դաշտ է ստեղծում` առանց սահմանափակման օգտագործել ընդերքն` անգամ անտառների հաշվին և բնության հատուկ պահպանվող տարածքներում: Դեռևս անցած տարի Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը դիմում ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարություն, որ ներկայումս Թեղուտում իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքներն իրականացվում են ոչ թե 2006 թ.-ին հաստատված նախագծով, այլ լրիվ այլ` 2010 թ.-ին մշակված նախագծով: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը Թեղուտի հանքի շահագործումը համարում է պետության հանդեպ սեփական իշխանությունների աննախադեպ հանցանք:

 

– Ասացեք խնդրեմ, նախ` ի՞նչ էական տարբերություն կա Թեղուտի հանքի 2006թ.-ի ծրագրի և 2010 թ.-ի ծրագրերի միջև:
– 2008 թ.-ի հունիսին կառավարությունում խորհրդակցություն եղավ, ասվեց, որ Թեղուտի հանքավայրի նախագիծը 28,5 տարիների համար է, սակայն թույլտվություն կա միայն առաջին 8 տարիների համար: Տեղում հարցը քննարկվեց, և «Վալեքս գրուպ» ընկերության պաշտոնյաների ներկայությամբ վարչապետը կարգադրեց, որ նոր նախագիծ կազմվի: Ընկերության ներկայացուցիչները խոստացան, որ մինչև 2008 թ.-ի դեկտեմբերը նոր նախագիծը կազմված կլինի և կդրվի հասարակական քննարկման: Սակայն նրանք իրենց խոստումը չկատարեցին: Հիմա Թեղուտը բզկտում են, և մեզ դեռևս հայտնի չէ, թե նոր կամ հին նախագծով է իրականացվում այդ բացահայտ հանցագործությունը: Եվ ոչ մի ճանապարհով հնարավոր չէ տեղեկանալ` ինչպե՞ս է ստեղծվել այս նոր նախագիծը, կամ այն գոյություն ունի՞, թե՞ ոչ:

 
-Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության դիմումին ի պատասխան` Բնապահպանության նախարարությունից հայտնել էին, որ 2010 թ.-ի նոր նախագիծը որևէ փորձաքննության չի ներկայացվել: 
– Բնապահպանության նախարարությունը գործարար աշխարհի շահերը պաշտպանող մի կազմակերպություն է: Նախարարին կամ նախարարությանը մեղադրել կարելի է մի բանում, որ դիմում չեն գրում և չեն հեռանում: Մի շարք փաստաթղթեր, այդ թվում` Թեղուտի նախագծի քննարկումները ցույց են տալիս, որ երկրում կա մեկ-երկու մարդ, որոնց կարգադրությամբ են իրականացվում այս երկրի բախտորոշ ծրագրերը: Այն գերատեսչությունները, որոնք պետք է մասնագիտորեն քննեին և պետության և ժողովրդի շահերից ելնելով որոշում կայացնեին, փաստորեն, կատարում են վերադասի կարգադրությունները:

Կարդացեք նաև

 
– Թեղուտի շահագործման նախագծում, մի առիթով նկատել եք, խախտված է ՀՀ 77 օրենք: 
– Սա կորստի, երկրի ողնաշարը փշրող ծրագիր է: Եթե հաշվարկ կատարեք` այն օգուտները, որը պետք է ստանա «Վալեքս գրուպը», և այն կոպեկները, որ պետք է մտնի պետական գանձարան, դա միլիարդավոր, գուցե տրիլիոնավոր անգամ ավելի փոքր է, քան այն վնասը, որը պետք է կրի Հայաստանը` երկրաբանական կառույցների և բնապահպանական համակարգերի ոչնչանալու հետևանքով: Հատվելու է 170.883 ծառ, սակայն սա այդ խախտումների ամենափոքր կետն է: Հողի արժեքն ընդամենը 0,8 դրամ է: 550 քմ հող կարող եք վեցնել մեկ դոլարով: Սրանք կարելի է մանրուք համարել սպասվելիք կորուստների ու սպառնալիքների համեմատությամբ: Ընդհանրապես հանքերի շահագործումից հետո տարեցտարի առավել աղտոտված են դառնում դրանց շրջապատի տարածքները, իսկ ծանր մետաղները միլիոնավոր տարիներ պահպանում են իրենց թունավոր հատկությունները: Այս տարածքներն աստիճանաբար դառնում են մեռյալ տարածքներ: Հանքերի շահագործումից եթե միայն 20,30, 100 տարի հետո այդտեղ կյանքը վերականգնվերգ Սակայն ծանր մետաղները միլիոնավոր տարիներ այդպես էլ մնում են: Այդ տարածքը դառնում է մեռյալ տարածք նաև շրջակա տարածքների համար, որտեղ այդ նյութերն էռոզիայի կամ հողի քայքայման ճանապարհով տարածվում են նաև հարևան արոտավայրերի, այգիների, ջրային համակարգեր ստեղծող տարածքների վրա:

 
– Թեղուտի կամ մահաբեր վտանգներ պարունակող մյուս հանքերի շահագործումը թույլատրող պաշտոնյաները մասնագիտական այս եզրակացություններին ծանոթ են: Այդ դեպքում, բանականությամբ հնարավոր չէ հասկանալ` ո՞րն է շարժառիթը:
– Կարո՞ղ եք բանականությամբ հասկանալ նրան, ով 6 զավակ ունի, ծեր ծնողներ, տանը ունի հիվանդ, բայց գնում է խաղատուն և մսխում վերջին փողերը: Կարծում եմ` հանքարդյունաբերությունը և ոսկու, մետաղի տենդը Հայաստանում հիվանդացրել է այդ բնագավառում որոշում կայացնող մարդկանց: Ամենասոսկալի գործն այս հարցում կատարեց Ռոբերտ Քոչարյանը: Նրանով սկսվեց կյանքի հենարանի` բնական համակարգի քայքայման, թունավորման ու ոչնչացման գործընթացը: Ի՞նչ արեց նա. ընդերքօգտագործման բնագավառում ամեն կարգի միջանկյալ հանձնաժողովները ցրեց, և ստեղծվեց մեկ պատուհանի սկզբունքը: Ինչպե՞ս է հնարավոր` այս բազմաթիվ բաղադրիչներ ունեցող, ժողովրդի, պետության ապագայի հետ կապված այս գործողությունը դարձնել մեկ պատուհանի սկզբունքով: Նրանից հետո եկավ Սերժ Սարգսյանը, որն ավելի խորացրեց կատաստրոֆիկ իրավիճակը: Ասեմ, որ Թեղուտի գործով ամենամեծ մեղավորները, ինչպես լսում ենք ամենուրեք, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են:

 
– Վերջերս փորձ արվեց ԱԺ-ում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրեր Թեղուտի խնդիրը: Հանձնաժողովի ստեղծման օգտին քվեարկեց 16 պատգամավոր: 
– Կուսակցությունը հաղթում է, և նրա անդամների մեծամասնությունից է ձևավորվում ԱԺ-ն: Ով կանգնած է վերևում` դիրիժորը, ձողիկով ցույց է տալիս` ինչպես քվեարկել: Այսօր ԱԺ-ն հաղթող կուսակցության պառլամենտ է, ոչ թե ազգային: Դա ազգի հետ կապ չունեցող մի կառույց է: Պատգամավորը պետք է հաղթահարի մեծ դժվարություններ` կարդա, պրպտի, զննի` ինչպես քվեարկի, ինչպես խնդրին ճիշտ մոտենա: Կուսակցական պատգամավորը վայելում է կյանքը, հանգստանում է` ինչպես կցանկանա, և քվեարկում` ինչպես կկարգադրեն: Այս խորհրդարանում Թեղուտի խնդրի քննությունը պետք է տապալվեր, քանի որ, եթե հանձնաժողովն ուսումնասիրեր իրականությունը, ջրի երես դուրս կգար ահավոր մի պատմություն: Սա մոլագարի հոգեբանություն է: Ժամանակին, երբ անտառների, հանքերի հետ կապված օրինախախտումներ էին լինում, կար` ում դիմել: Հիմա ստեղծվել են այնպիսի օրենքներ, որ կողոպուտն ու բնական համակարգերի ավերումն ու թալանն օրենքի շրջանակում է, և դառնում եք անզոր:

 
– Հանքարդյունաբերությունը հայտարարված է գերակա ճյուղ: Ինչո՞ւ հնարավոր չէ գերակա հայտարարել, օրինակ, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, այնտե՛ղ ուղղել ֆինանսական միջոցները, այդ ոլորտներում գրագետ, արդյունավետ քաղաքականություն տանել: 
– Հանքարդյունաբերությունը հայտարարել գերակա ճյուղ, քիչ է ասել` տգիտություն է: Դա հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ: Հանքարդյունաբերությունը գործ ունի սպառվող պաշարների հետ: 10,20, 100 տարի. այս պաշարները սպառվելու են: Ինչպե՞ս է հնարավոր սպառվող պաշարների վրա դնել գերակայություն: Գյուղատնտեսությունը մարդկության ողջ պատմության ընթացքում եղել է գերակա, կերակրել է մարդկանց: Մոտ 3 շաբաթ առաջ, Դիլիջանում քննարկվում էր Հայաստանի տնտեսության զարգացման 2013-2025 թթ. ծրագիրը: Պետական պաշտոնյաները ելույթ էին ունենում և ասում, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում աշխատատեղերը շատ են, պետք է կրճատվեն: Նույն ծրագրում գրված էր` ստեղծել 157.000 ոչ գյուղացիական աշխատատեղեր: Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի մոտ էինք` Թեղուտի հարցով, ասաց` չէ, գյուղատնտեսության ոլորտում մեզ այդքան տեղեր պետք չեն. հողեր են ոչնչանում, այգիներ, պետք է արդյունաբերական երկիր դարձնենք Հայաստանը: Նրանք ենթակա են Վաշինգտոնյան կոնսենսուսին, ուր գրված է` երկիրը չպետք է ունենա արդյունաբերություն, երկիրը պետք է խրախուսի օտարերկրյա ներդրումներ: Նախկինում կարծում էի` օտարերկրյա ներդրումները լավ են, սակայն օտարերկրյա ներդրումները հանքարդյունաբերության ոլորտում մեծ չարիք է: Թեղուտում գրում են` 282 միլիոն դոլարի ներդրում: Գնացեք Թեղուտ` այնտեղ կտեսնեք 1,5 միլիոն դոլարով գնած մեքենա. այսպիսին է «ներդրում» կոչվածը: Եվ 15 տարիների օտարերկրյա ներդրումների փորձից հասկացանք` այստեղ մեծ լվացք է կատարվում: Ունենք 518 մետաղական և ոչ մետաղական հանքեր: Սրանց տերերին ասվում է` դուք միայն հաշվարկեք` ինչքան վնաս եք տալիս պետությանը, նա մի թիվ է հաշվարկում և ոչինչ չի մուծում պետական գանձարան: Եթե հանքարդյունաբերությունը մտնի իրավական-հարկային դաշտ, շատ հանքավայրեր հավանաբար չեն շահագործվի, քանի որ չեն կարողանա ծախսածածկող լինել: Հիմա նրանք իրենց շահույթը վերցնում են, թափոնները լցնում են հայ ժողովրդի վրա:

 
– ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախապատրաստում է ԱԺ ներկայացնել օրենքի մի նախագիծ, ըստ որի` Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում արգելվի օֆշորային ընկերությունների գործունեությունը: 
– Օֆշորը ևս պետական միջոցների թալան է, կողոպուտ: Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները, բացի այն, որ մյուս հանքարդյունաբերողների հետ մեկտեղ` հարկեր չեն վճարում թափոնների համար, հարկ չեն վճարում նաև տարածքը ոչնչացնելու, պետական տարածքի վրա իրենց թափոնները լցնելու համար: Նրանք ունեն հարկային մի շարք արտոնություններ ևս: Միայն անցյալ տարի Քաջարանի պոչհանքի համար պետք է պետական գանձարան մուծվեր 960 միլիարդ դրամ: Շատ մասնագետներ ասում են, որ Համաշխարհային բանկի և մնացած զորեղ ուժերի հովանու ներքո Հայաստանի իշխանական լծակներ ունեցող մարդիկ կարողանում են հենց իրենք այլ երկրում իրենց անունով ձևակերպել այդ հանքերը և տիրանալ դրանց: Ինքս միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների հանդեպ հարգանք չունեմ. դրանց ենթակայությամբ ստեղծվեցին ՀՀ սահմանադրությունը, օրենքները: Դրանք ծառայում են աշխարհում միակենտրոն կառավարում ստեղծելու խնդրին: Այսինքն` համապատասխանում են «կայուն զարգացում» հայեցակարգի դրույթներին: Զարգացած երկրներում ուսումնասիրել են իրենց հանքերի ծավալը: Հանքարդյունաբերությամբ զբաղվել ցանկացողների առաջ պահանջներ են դնում` մուծիր այսքան հարկ, քանի որ հետագայում թափոնների կառավարումը պետությունը, առանց գումարների, չի կարող լուծել: Յուրաքանչյուրը, ով ուզում է շահույթ ստանալ, հաշվարկում է` իր ներդրած գումարներով չի կարող շահույթ ստանալ, գնում է այնպիսի երկիր, ինչպիսին Հայաստանն է: Ես չեմ հավատում, որ աշխարհում կա մեկ այլ նման պետություն, ուր հանքարդյունաբերության ոլորտում ավելի հակապետական քաղաքականություն վարվի: Մեր պետական համակարգն ինքն է զբաղված պետությունը մորթոտելով: ՀՀ-ն փոքր, խոցելի, նուրբ երկիր է: Բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե գնում եք բնության գիրկ, որևէ գողտրիկ անկյուն, լուսանկարեք. այդ սարերը, կիրճերը չեք տեսնի սրանից 20-30 տարի հետո: Սարերը կդառնան փոսեր, կիրճերն էլ կլցնեն պոչանքով և մյուս թունավոր թափոններով: Ասել, որ սա հանցագործների կողմից կառավարվող երկիր է, նշանակում է` ոչինչ չասել:

Տեսանյութեր

Լրահոս