Տիգրան Ուրիխանյանը` ԲՀԿ-ի հնարավորությունների և Տարոն Մարգարյանի «ցուցադրության» մասին

«Ապրիլի 7-ին հավուր պատշաճի կմեկնարկի մեր քարոզարշավը` համապատասխան միջոցառմամբ, որտեղ կհռչակվեն և կուրվագծվեն այն, թեպետև արդեն բոլորիս հայտնի ուղղությունները, որոնցով ԲՀԿ-ն պատրաստվում է տանել քարոզարշավը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` խոսելով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների և դրանցում ԲՀԿ-ի մասնակցության մասին:

«Մենք գնում ենք աշխատելու, փոփոխությունների իրականացնելու, գնում ենք Երևանը դարձնելու նախևառաջ ավելի բարեհամբույր, ավելի հարմարավետ, ավելի բարեկարգ, ավելի հյուրընկալ` դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց Ուրիխանյանը:

ԲՀԿ մամլո խոսնակն անդրադարձավ նաև տեղերում տարածքների սեփականատերերի վրա նկատվող ճնշումներին, այսինքն` այդ տարածքները վարձակալությամբ ԲՀԿ-ին որպես շտաբ տրամադրելու խոչընդոտմանը, և հորդորեց իշխանություններին ոչ միայն ԲՀԿ-ի, այլև մյուս քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումներ չգործադրել և «չցուցաբերել իրենց մրցակցությունը»:

Իսկ հարցադրմանը, թե ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ի հնարավորությունները Երևանի ընտրություններում` հաշվի առնելով նաև այն փաստը, որ ԲՀԿ-ն չմասնակցեց վերջին նախագահական ընտրություններին, Տիգրան Ուրիխանյանն այսպես պատասխանեց. ««Բարգավաճ Հայաստանը» երբևէ որևէ նախագահական ընտրության չի մասնակցել, և դա ոչ մի դեպքում չխանգարեց այն վստահությանն ու քվեին, որը բոլորի համար տեսանելի դարձավ խորհրդարանական ընտրություններին: Նախագահական ընտրությունները նախագահի ընտրություններ են, շատ պարզ, տրիվիալ բան եմ ասում, Երևանի ավագանու ընտրությունները կուսակցական ընտրություններ են: Եթե որևէ մեկը դրանց միջև զուգահեռ է անցկացնում, ուրեմն այդ տարբերությունը թող հասկանա: ԲՀԿ-ն կուսակցություն է` բոլոր հատկանիշներով հանդերձ, ահռելի թիմով, լուրջ մարդկային պոտենցիալով, առաջնորդով, ում հեղինակությունն ու վարկանիշը կառուցվել է ոչ թե այսրոպեական, ինչ-որ կարճաժամկետ ակցիայի միջոցով, այլ երկար տարիներ, օր-օրի, հասցեագրված գործողությունների իրականացնելու, անշեղուն քաղաքական կուրսի, առանց ձևականության ու սեթևեթանքի: Հետևաբար` ես վստահ եմ, որ ցանկացած այլ կուսակցական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն արժանանալու է այն ընտրողի քվեին, ով հասկանում է` ինչ է նշանակում անշեղուն, քաղաքական կուրս»:

Կարդացեք նաև

ԲՀԿ մամլո խոսնակից խնդրեցին մեկնաբանել նաև Հանրապետական կուսակցությունից հնչող մեղադրանքներին, թե ԲՀԿ-ն ժամանակից շուտ արդեն սկսել է իր քարոզարշավը:
«Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են մի քանի հեռուստաալիքներ, կարծում եմ` պետական միջոցներով, անընդմեջ ցուցադրում ոչ թե քաղաքապետարանի կատարած աշխատանքներն, այլ քաղաքապետին ուղղված քաղաքացու կամ ինչ-որ մեկ այլ անձի գովեստները, ինձ մոտ հարց է առաջանում` բա սա քարոզարշա՞վ է արդեն»,- ի պատասխան ասաց Տ.Ուրիխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս