Բաժիններ՝

Կոտայքի մարզպետ. Պռոշյանի գյուղապետը ենթրկվող մարդ էր, և մեր մեջ հակամարտություն չի եղել. մամուլ

«Ժամանակ» օրաթերթին հարցազրույց է տվել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը:

– Պարոն Շահգալդյան, ի՞նչ մեկնաբանություններ ունեք Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հետ կապված:

– Մեկնաբանությունները նախաքննական մարմինը պետք է կարողանա տալ, ես ընդամենը կասեմ, որ ցավում եմ այդ դեպքի առիթով, այս առիթն էլ օգտագործելով ցավակցում եմ ընտանիքին: Երիտասարդ էր, բազմանդամ ընտանիք ուներ, ափսոս տղա էր: Երկրապահ, արցախյան գոյամարտի մասնակից էր:

– Գյուղում պատմում էին, որ Հ.Մուրադյանը Ձեզ հետ խնդիրներ է ունեցել, որ դուք պաշտոնի բերումով անհաշտ եք եղել:

– Այդ ասողները, մի հատ լավ բառ կա, չեմ ուզում մեջբերել…. Մենք նորմալ աշխատանքային փոխհարաբերություններ ենք ունեցել: Այդ խոսակցությունները ասողների ախմախության արդյունքն են: Իհարկե, աշխատանք է, տարաձայնություններ էլ են լինում: Սովորաբար իմ ու համայնքապետերի փոխհարաբերությունները ձևավորված են աշխատանքի արդյունքում, և ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մեր միջև որևէ հակամարտություն չի եղել:

– Գյուղացիները պատմում էին, որ նա անկախ բնավորություն է ունեցել, մարզային իշխանություններին չի ենթարկվել և այդ առումով խնդիրներ է ունեցել:

– Հակառակը՝ կարծում եմ, որ նա շատ ենթարկվող համայնքապետ էր:

– Ու՞մ էր ենթարկվում:

– Աշխատանքի առումով՝ մարզպետին: Նա իր էությամբ հակադրվող մարդ չէր, որ ինձ հակադրվեր: Պարզապես նա չէր հասցնում իր աշխատանքները կատարել ամբողջ ծավալով, դրա համար մի քանի անգամ դիտողությունների էր արժանանում: Ավագանու կողմից հաստատված համայնքի բյուջեն չէր կատարում, հողի, գույքի և այլ հարկերը չէր կարողանում հավաքագրել: Պռոշյան համայնքը պարբերաբար թերակատարում էր բյուջեն, բայց մեր միջև նորմալ աշխատանքային հարաբերություններ են եղել: Անմտություն եմ համարում այն վարկածները, թե մեր մեջ հակամարտություն է եղել:

– Պատմում էին նաև, որ նա կարողացել է իր կապերով որոշակի ֆինանսավորում ապահովել՝ վերանորոգել գյուղի մանկապարտեզը, բուժկետը, որոշ փողոցներ բարեկարգել ու ասֆալտապատել: Եվ հենց այդ պատճառով էլ ավելի անկախ է եղել մարզային իշխանություններից:

– Որոշ բաներ, իհարկե, արվել են: Նման գործեր արվել են նաև այլ համայնքների ղեկավարների կողմից: Պետությունն էլ բավականին մեծ գումարներով խմելու և ոռոգման երեք ջրագիծ է կառուցել:

– Համապետական ընտրություններին էլ, ասում են, չի փորձել ազդել գյուղացիների ընտրական կամքի վրա:

– Որևէ մեկը ընտրությունների ժամանակ երբեք Մուրադյան Հրաչին որևէ բան չի ասել: Բացառված է: Իշխանությունները նրան չէին էլ կարող որևէ բան ասել, որովհետև նա մեր կուսակցությունից չէր, այլ կուսակցության անդամ էր: Բացառված է, այդ խոսակցությունները հերյուրանք են:

– Իսկ Դուք անձամբ նրա հետ ի՞նչ հարաբերություններ եք ունեցել:

– Նորմալ աշխատանքային հարաբերություններ: Այնպես չէ որ բոլորի հետ մտերմիկ կարող ես լինել, մեր միջև ձևավորված են եղել նորմալ փոխհարաբերություններ:

– Ամեն դեպքում, նա Ձեր ղեկավարած մարզի համայնքի ղեկավար էր, Դուք տեղյակ չե՞ք եղել, որ նա ինչ-որ անհանգստություն, խնդիր, հակառակորդներ կամ թշնամի ունենար: Չէ որ այդ սպանությունը թշնամանքի արդյունք է:

– Իհարկե, բայց ես որևէ բան չգիտեմ: Մի քանի տարի առաջ «ռազբորկեք» են տեղի ունեցել, ես տեղյակ չեմ: Ամեն դեպքում ափսոսում եմ, որ դեպքը մեր մարզում է և Հ.Մուրադյանի հետ է տեղի ունեցել:

– Նախորդ ընտրություններում նրա մրցակիցները Հանրապետական կուսակցությունից են եղել: Եվ այսօր խոսում էին, թե այդ առումով հատկապես վերջին մրցակից ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հետ ունեցել է խորը հակասություններ: Եվ վերջինս որոշ խնդիրներ է ստեղծել նրա համար:

– Ինչ է նշանակում հակասություններ: Հրաչը ընտրություններին հաղթել է, և որևէ գործողություն դրան չի հետևել: Մենք թողել ենք, որ և Արթուրը, և Հրաչը իրավական հարթության վրա պայքարեն: Նույնիսկ մենք Արթուրին որևէ աջակցություն չենք ցուցաբերել, թողել ենք, որ հավասար հարթությունում պայքարեն, և Հրաչը հաղթել է:

– Ամեն դեպքում, այդ սպանությունը ի՞նչ հողի վրա կարող էր տեղի ունենալ՝ անձնակա՞ն, պաշտոնակա՞ն:

– Կարծում եմ, որ պաշտոնականը պիտի բացառել, համայնքի ղեկավարը պաշտոնական ինչ խնդիրներ պետք է ունենար, որ գործը հասնի սպանության:

– Միգուցե հողատարածք են ուզել, չի տվել: Հայտնի է, որ Երևանից շատ մեծահարուստներ Պռոշյանում տուն կամ հողակտոր են գնում: Կամ՝ մրցակիցներն են փորձել վրեժ լուծել: Բազմաթիվ այլ պատճառներ կարող են լինել:

– Ես կանխագուշակություններով չեմ զբաղվում: Արդեն քրեական գործ է հարուցվել, նախագնությունն ընթանում է, ինչ-որ բաներ կբացահայտվեն, մենք էլ իրականությունը կիմանանք: Դուք չպետք է ենթադրություններ անեք, դա անշնորհակալ գործ է: 60-ից ավելի համայնքապետեր կան մեր մարզում: Եթե ինձ հարցնեին, թե նման դեպք կարո՞ղ է որևէ գյուղապետի հետ պատահել, ես Հրաչին կբացառեի, որովհետև անշառ մարդ էր: Գյուղում ընդունված էր, պատահական չէ, որ երեք անգամ համայնքի ղեկավար է ընտրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս