Բաժիններ՝

Ինչպես ոգևորել ժողովրդին. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Ձեր նպատակն է ժողովրդի մեջ ներարկել այն միտքը, որ պետք է համակերպվել այս ռեժիմի հետ, որ այս ռեժիմն անպարտելի է: Դուք ապատիա և հիասթափություն եք սերմանում ժողովրդի մեջ»: Մոտավորապես այս խոսքերով են ինձ մշտապես կշտամբում արմատական տրամադրություններ ունեցող ընթերցողները:

Բանն այն է, սակայն, որ նման ձևակերպումներում կա երկու բառ, որի իմաստը ինձ համար մինչև վերջ հասկանալի չէ՝ «ժողովուրդ» և «ռեժիմ»: Եթե ժողովուրդը այն մարդիկ են, հիմնականում տարեց, որոնք 20 տարի է՝ հավաքվում են Ազատության հրապարակում, ամեն տեսակի ընդդիմադիր հանրահավաքների ժամանակ, ապա ես չեմ կարող նրանց հիասթափեցնել՝ նրանք հիացած էին և շարունակում են հիանալ բոլոր ընդդիմադիր հռետորներով՝ Արշակ Սադոյանից սկսած և Նիկոլ Փաշինյանով վերջացրած:

Եթե ժողովուրդը Հայաստանի ամբողջ, ենթադրենք, երկու միլիոնանոց բնակչությունն է, ապա ես նման լսարան չունեմ, իմ ընթերցողների քանակը լավագույն դեպքում մի քանի հազար մարդ է:

Պետք է հաշվի առնել նաև, որ կան բազմաթիվ խիզախ և սկզբունքային հեղինակներ, որոնք, ի տարբերություն ինձ, փոքրատառով են գրում ՀՀ նախագահի, նրան շրջապատող պաշտոնյաների և օլիգարխների անունները՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչպես է պետք պայքարել ռեժիմի դեմ: Այնպես որ՝ իմ չոգևորելը լիովին փոխհատուցվում է նրանց ոգևորելով:

Հիմա դառնանք ռեժիմին: Ռեժիմը, ինչպես հասկանում եմ, վատ բան է, քանի որ մենք չենք ասում՝ Օբամայի կամ, ասենք, Օլանդի ռեժիմ: Այսինքն՝ եթե ասում ենք «ռեժիմ», հասկանում ենք, հավանաբար, դեմոկրատիայի ցածր և կոռուպցիայի բարձր մակարդակ: Ըստ այդմ, հիմա Սերժ Սարգսյանի ռեժիմն է: Իսկ դրանից առաջ՝ նախորդ նախագահների ժամանակ ռեժի՞մ էր, թե՞ ռեժիմ չէր: Այն ժամանակվա ընդդիմադիրները, համենայնդեպս, պնդում էին, որ ռեժիմ էր, վարչախումբ: Ընդ որում, այդ բառերը նրանք կիրառում էին նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության նկատմամբ՝ չնայած ոչ ոքի մոտ լուրջ կասկած չկար, որ առաջին նախագահը 91 թվականին իր պաշտոնն է զբաղեցրել արդար ընտրությունների արդյունքում:

Լավ, իսկ անկախությունից առաջ՝ կոմունիստական տարիներին նո՞ւյնպես ռեժիմ էր: Կարծես թե, այո: Այդ ռեժիմի դեմ նույնպես պայքարողներ կային՝ չնայած չեմ հիշում, որ մարդիկ հնարավորություն ունեին հավաքվելու որևէ հրապարակում և վանկարկելու, ասենք, «Բրեժնև, հեռացիր, Պոդգորնի, նախագահ»:

Այդպիսով, ինձ համար հստակություն չկա «ժողովուրդ» և «ռեժիմ» հասկացությունների մեջ: Նրանք, ովքեր հաճախ են օգտագործում այդ բառերը, ըստ երևույթին, նկատի ունեն, որ ռեժիմը մի խումբ չարագործներ են, որոնք զավթել են իշխանությունը, իսկ ժողովուրդը բարի և բարձր բարոյական հատկանիշներով օժտված մի զանգված է, որը ցանկանում է այդ չարագործներից ազատվել:

Ենթադրենք, դա այդպես է: Միայն թե պարզ չէ, թե ինչ կապ ունի ոգևորել-չոգևորելը: Եթե դրանք իրար հետ կապ չունեցող, առանձին «բարի» և «չար» սուբստանցիաներ են, ապա մեկին մյուսի դեմ տրամադրելն այնքան էլ իմաստալից չէ:

Ինձ թվում է, «ոգևորելու տեսության» կողմնակիցները անում են նույն մեթոդաբանական սխալը, որն անում է նաև Սերժ Սարգսյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, գտնում էր, որ երկրում ստեղծված «գաղջ մթնոլորտի» համար պատասխանատու են նաև լրատվամիջոցները: Իսկ այս մարդիկ կարծում են, որ ռեժիմը չի տապալվում, որովհետև որոշ լրագրողներ ժողովրդին չեն ոգևորում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս