Ազատազրկում՝ Գերմանիայի քաղաքացուն կողոպտելու համար
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, Արամայիս Հովսեփյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման՝ Գերմանիայի քաղաքացուն կողոպտելու և հայրենակցի բջջային հեռախոսները գողանալու համար: Այսպիսով դատարանը նրան հանցավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կողոպուտը, ու 177-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գողությունը, առաջադրված մեղադրանքում:
Ամբաստանյալն, ըստ մեղադրանքի, 2011թ. մայիսի 18-ին` ժամը 11.15-ի սահմաններում, Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ գտնվող «Հրազդան» կիրճում ձեռքից քաշելու միջոցով, բացահայտ հափշտակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Բարբարա Դամբերքի ձեռքին եղած պայուսակը, որում եղել է նրա անձնագիրը, միջազգային և գերմանական վարորդական իրավունքի վկայականները, «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը, դրամապանակը` 200 եվրո և 45.000 ՀՀ դրամ գումարներով, «Մաստեր» պլաստիկ բանկային քարտ և արևային ակնոցներ: Ընդհանուր առմամբ, տուժողին պատճառվել է 400.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Ա.Հովսեփյանը 2012թ. ապրիլի 12-ին Երևանի Նորքի Այգիներ 160 տնից գաղտնի հափշտակել է Հովհաննես Նազարյանին պատկանող թվով 4 հատ բջջային հեռախոսներ` Հ.Նազարյանին պատճառելով 310.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մինչ դատաքննությունը սկսվելը, ամբաստանյալը միջնորդել էր կիրառել արագացված դատական քննության կարգ՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում: Դատարանի որոշմամբ ամբաստանյալի միջնորդությունը բավարարվել էր:
Դատարանը որպես ամբաստանյալ Ա.Հովսեփյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել, որ նա առաջին անգամ է դատապարտվում, համաձայնել է մեղադրանքի հետ և անկեղծորեն զղջացել կատարած հանցանքների համար:
Դատարանը միաժամանակ հանգել է հետևության, որ նրա կատարած հանացագործությունների համար նախատեսված նվազ խիստ պատժատեսակները չեն կարող ապահովել պատժի նպատակները, և նա պետք է դատապարտվի ազատազրկման, քանի որ նրա ուղղվելը հնարավոր չէ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով: