
Դիակը տեղափոխել է գերեզմանատուն ու դիմել փախուստի

Առանձնակի դաժանությամբ` դանակի 26 հարվածի միջոցով կատարված սպանության գործը Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին վարույթ է ընդունել:
Այսպես, ըստ մեղադրանքի, Կամո Բունիաթյանը Մկրտիչ Հովհաննիսյանի հետ անձնական փոխահարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ եղած դանակով 26 անգամ հարվածել է վերջինիս: Դրա հետևանքով Մկրտիչ Հովհաննիսյանը մահացել է, իսկ, Կ.Բունիաթյանը մեքենայով դիակը տեղափոխել է Երևանի «Շահումյան 2» գերեզմանատուն և դիմել փախուստի:
Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, նախկինում դատապարտված Կամո Բունիաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորյան սպանության համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: