
«Փողկապավոր և լուրջ դեմքով մեծ հումորիստները, որոնք անգամ զուգարան պրոտոկոլով են գնում»

«Ժողովրդին, որ խաբում են, ուղղակի ժողովրդի հետ կապ չունեցող ոչ կոմպետենտ քաղաքական գործիչներ, դրանք անկապ մարդիկ են, որոնք որ ընկել են մեջներս: Մարդիկ, որոնք որ ամբողջ կյանքում փողկապ են հագնում և լուրջ դեմքով հիմարություններ են անում, չի կարելի նրանց հումորով չվերաբերվել, որովհետև ամենամեծ հումորն այն է, որ դա արվում է լուրջ դեմքով և լուրջ արտահայտությամբ, դրանք պրոտոկոլային մարդիկ են, որ անգամ զուգարան պրոտոկոլով են գնում, երբ պետք է` կարելի է, երբ պետք չէ` չի կարելի»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը՝մեկնաբանելով այն հարցը, թե ապրիլի մեկը` որպես հումորի, կատակի և խաբելու օր, հատկապես ժողովրդի որ խավի, որ զանգվածի օրն է: Սերգեյ Դանիելյանը համամիտ է նաև այն մտքի հետ, որ որոշ քաղաքական գործիչներ, ովքեր մշտապես լուրջ դեմքով և փողկապով խաբում են մարդկանց, նրանք մեծագույն հումորիստներն են, ուրեմն ապրիլի մեկը նախ և առաջ նրանց օրն է:
Անդրադառնալով քաղաքական ներկա դրությանը և ապրիլի 9-ին սպասվող երդմնակալություններին` հումորիստն ասաց.
«Շատ օրգանական վիճակ է մեզ համար, մենք մինչև հիմա ունեինք երկու նախագահ՝մեկը` Արցախում, մեկը՝ Հայաստանում, հիմա կունենաք երեք հատ, ի՞նչ է եղել, ի՞նչ վատ ա որ, ինչքան շատ՝ այնքան լավ»:
Հարցին, թե ո՞ր քաղաքական գործչի ինագուրացիային եք մասնակցելու, Ս. Դանիելյանն ասաց. «Ես կմասնակցեմ ինագուրացիայի, երբ ես նախագահ ընտրվեմ: Կարող է և առաջադրվեմ 5 տարի հետո` կտեսնեք, երևի ես առաջադրվեմ արդեն, տեսնենք ի՞նչ է լինելու, հետո ես կառաջադրվեմ»:
Հումորիստն ասաց նաև, որ սա իր այսօրվա կատակն է և վե´րջ, այլևս այսօր օրվա ընթացքում չի խաբելու.«Էսօր էլ վերջ, չեմ խաբելու՝ հավես չկա, ամեն օր ես խաբում եմ,այսօր ինքնաբացարկ եմ տվել: Իսկ ժողովրդին խորհուրդ եմ տալիս շատ կատակել, ամեն ինչին էդքան լուրջ չմոտենալ և թեթև ապրել»: