Գեներալ Մանվել Գրիգորյանի ազգական, ՊՆ գնդապետը «Մերսեդեսով» վթարի է ենթարկվել. կան վիրավորներ (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Նորիկ Ավագյանը վարելով Մերսեդես մակնիշի 45 VP 045 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաք մտնող կամուրջի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրանց տեղափոխում են Երևան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Ն. Ավագյանը պաշտպանության նախարարության գնդապետ է, ով բարեբախտաբար վնասվածքներ չի ստացել:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով:
Արդեն ժամանել են Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածներն ասում են, որ ՊՆ գնդապետը Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի ազգականն է:
20:04.
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Արտաշատի բաժնի քննչական բաժանմունքի քննիչ Վահագն Սարգսյանը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք Երևան քաղաքի բնակիչ 33-ամյա Գառնիկ Հովսեփյանն է և Արմավիրի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ 45-ամյա Ռոման Ռոմանոսյանն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ճանապարհային ոստիկանությունը, քննիչն ու Փրկարար ծառայության աշխատակիցներն իրենց աշխատանքը կատարել, վերջացրել են, սակայն մեծն ԱՊՊԱ-ն մինչ այժմ չի բարեհաճում ժամանել դեպքի վայր, իսկ հավաքվածներն էլ կատակում էին, թե ԱՊՊԱ-ն հերթական անգամ «ուղտի ականջում քնած է մնացել»: