Գյումրու ոստիկանապետին գործուղել են Գյումրի՝ որպես աքսորավա՞յր, թե՞ ուղղվելու
«ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է պարզաբանում տա, թե ինչու է Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին նախ ուղարկել կադրերի ռեզերվ և ի՞նչ տրամաբանությամբ է ռեզերվում գտնվող Ս. Մարտիրոսյանին գործուղել Գյումրի՝ որպես Գյումրի քաղաքի ոստիկանապետ»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ըստ Սաքունցի՝ թույլ է տրվել երկու տիպի անօրինություն՝ նախ Ս. Մարտիրոսյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվել` ուղարկվել է կադրերի ռեզերվ քրեական բաժնի պետի հետ և ապա՝ ռեզերվում կարճ ժամանակ մնալուց հետո, նա գործուղվել է ՀՀ երկրորդ քաղաք՝ որպես ոստիկանապետ, այն դեպքում, երբ նրա երկու ենթակաների նկատմամբ կա հարուցված քրեական գործ: Ըստ ամենայնի՝ նրանք բոլորը «պատժվել են» միասին, միայն թե երկուսը ուղարկվել են ռեզերվ, իսկ երկուսի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
«Գյումրու ոստիկանության բաժնի պետ է նշանակվել գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, որը ժամանակին աշխատել է ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի պետ: Նրան հեռացրել են բաժնի պետի պաշտոնից և նաև քրեական բաժնի պետին նույնպես հեռացրել են, իսկ երկու աշխատակիցների նկատմամբ քրեական գործ են հարուցել, շատ հետաքրքիր հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314 հոդվածի՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, ընդ որում՝ մի խումբ անձանց կողմից ուժի, զենքի գործադրման հոդվածն է, իսկ 314-րդը՝ ակնհայտ կեղծիքները: Առաջին հարցն այն է, թե ինչպես եղավ, որ բաժնի պետը խուսափեց քրեական պատասխանատվությունից այնպիսի ծանր հանցագործությունների համար, որ ՔՕ մեղադրանք է առաջադրված նրա ենթակաների նկատմամբ (առնվազն այնքան են եղել ծանրակշիռ հիմքերը, որ անհնար է եղել նրա պաշտոնավարումը և ուղարկել են կադրերի ռեզերվ):
Բայց խնդիրն այն է, թե ինչո՞ւ կադրերի ռեզերվ, ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկելու ճանապարհն է ընտրվել՝ սա մեկ և երկրորդ՝ կադրերի ռեզերվի հսկողության տակ գտնվելու ժամանակ ինչ աշխատանք է կատարվել Մարտիրոսյանի նկատմամբ, որ նա վերականգնվել կամ ուղղվել է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ նրան կարելի է վերստին վստահել պաշտոն և լինել բաժնի պետ՝ այս անգամ Գյումրիի ոստիկանությունում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ոչ թե Սարգիս Մարտիրոսյանը պետք է տա, այլ պետք է տա ՀՀ ոստիկանապետը՝Վլադիմիր Գասպարյանը: Տվյալ դեպքում, կարող եմ կասկածներ ունենալ, որ Վլադիմիր Գասպարյանը դիտել է Գյումրին՝որպես աքսորավայր, ուղարկել են նրան այստեղ աքսորի կամ ուղղվելու»,-ասել է Արթուր Սաքունցը:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը ԳԱԼԱ-ի գրավոր հարցումներին պաշտոնապես պատասխանել է հետևյալը.
«Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը ՀՀ ոստիկանության պետի 26.11.2012 թ. հրամանով ազատվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնից՝ գրանցվելով կադրերի ռեզերվում (ՀՀ ոստիկանության պետի հրամանի հիմք՝ ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 2043 Ն որոշում (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգերը սահմանելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդված (Ոստիկանության ծառայողների կադրերի ռեզերվը)»:
ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանի նախկին ենթականեր Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի նկատմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով (գործի նախաքննությունն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը) նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը»: