Դատարանի կազմի փոփոխություն՝ հարթաշենցի նորածնի սպանության գործով

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող, հասարակական հնչեղություն ունեցող սեփական նորածնին սպանելու մեղադրանքով Աննա Մկրտչյանի դեմ գործում տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն: Դատավոր Լեռնիկ Աթանյանի փոխարեն գործը կքննվի նույն դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, դատարանի որոշմամբ, ապրիլի 3-ին նշանակվել է գործով առաջին նիստը:

21-ամյա կնոջը ներկայացված մեղադրանքի համաձայն՝ նա 2011 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 04-ի սահմաններում Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում` խոտի հակերի վրա, միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է երեխայի շնչառական անցքերը` շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:

Ա.Մկրտչյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, այն նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը:

Նշենք, որ գործն ունեցել է «քույր» գործեր, որոնցից մեկով մեղադրական դատավճիռ է կայացվել, իսկ մյուսը կարճվել է մինչդատական վարույթում: Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2013թ. դատավճռով Հարթաշեն գյուղական համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի բռնաբարություն և 142-րդ հոդվածի 1-ին մասով՝ անառակաբարո գործողություններ, ու դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով: Իսկ Ա.Մկրտչյանի կողմից «քննությանը օժանդակելու» արդյունքում բուժքույր Ալիսա Ենոքյանի դեմ քրեական գործ էր հարուցվել, նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանություն, ինչի հետևանքով կինը 57 oր նախնական կալանքի տակ էր գտնվել: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ 2011թ. հոկտեմբերի 8-ին ժամը 04-ի սահմաններում Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանի կազմակերպմամբ Աննա Մկրտչյանի ծննդաբերությունն ընդունելու և նորածնին դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով գնացել է նույն գյուղում գտնվող Ա.Մկրտչյանի տան բակ: Այնտեղ նրա ծննդաբերությունից անմիջապես հետո՝ կատարելով Ազատ Ղուկասյանի ցուցումները, նորածնին տարել է Աննա Մկրտչյանի տնամերձ այգի, որտեղ էլ նորածնին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս շնչուղիները խոտազանգվածով փակելով, խեղդամահ անելու եղանակով սպանել է:

Մեղադրյալի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Ամալյա Ավագյանը մասնավոր հարցումներ էին կատարել Գորիսում, քանի որ Ա.Ենոքյանը պնդում էր, որ ինքն անմեղ է, որ դեպքի ժամանակ հերթապահել է աշխատանքի վայրում՝ «Գորիս» բժշկական կենտրոնում, որտեղ նա աշխատում է որպես բուժքույր, ուստի չէր կարող գնալ ու կատարել նման հրեշավոր արարք: Մասնավոր հարցման ենթարկված անձինք պաշտպանական կողմի միջնորդությամբ նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել էին որպես վկաներ և փաստել, որ իրոք Ալիսա Ենոքյանը չի բացակայել աշխատանքի վայրից: Նախաքննական մարմնի որոշմամբ անցկացված դատաձեռագրաբանական ու դատաթղթաբանական փորձաքննություններով նույնպես պարզվել էր, որ այդ օրը բուժքույրն իրոք գրառումներ է կատարել հիվանդանոցում և որ դրանց վաղեմությունը համապատասխանում է մեկ տարի առաջվա ժամանակահատվածին:

ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության քննիչ Վարդանյանն ու գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Հովհաննիսյանը դատարանում հրաժարվել էին կալանքի ժամկետը երկարացնելու իրենց միջնորդությունից և մեկ օր անց, 57 oր նախնական կալանքի տակ գտնվելուց հետո, Ա.Ենոքյանն ազատ էր արձակվել «Աբովյան» ՔԿՀ-ից, նրա նկատմամբ ընտրվել էր չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը, ապա ավելի ուշ այդ խափանման միջոցն էլ էր վերացվել: Ի վերջո, Ա.Ենոքյանի այլուրեքությունը հաստատվելու արդյունքում գործը կարճվել էր և քրեական հետապնդումը դադարեցվել:

«Փաստինֆո»

Սոնա Մաշուրյան

Տեսանյութեր

Լրահոս