Աֆղանստանում ու Իրաքում պատերազմներն ԱՄՆ գանձարանի համար կարժենան 4-6 տրիլիոն դոլար
Lenta.ru-ի փոխանցմամբ`Աֆղանստանում ու Իրաքում ռազմական կամպանիաներն ամերիկյան գանձարանի համար կարժենան 4-6 տրիլիոն դոլար: Այսպիսի եզրակացություն է պարունակում Հարվարդի համալսարանի անցկացրած հետազոտությունների արդյունքների զեկույցում, որը հրապարակվել է Հարվարդի համալսարանի կայքում:
Նշված գումարի զգալի մասը կազմում են զինծառայողներին, վետերաններին ու նրանց ընտանիքների բժշկական ապահովման վրա ու նրանց հաշմանդամության համար վճարվող փոխհատուցման ենթադրյալ երկարաժամկետ ծախսերը:
Հետազոտության հեղինակ, քաղաքագիտության պրոֆեսոր Լինդա Բիլմսը կարծում է, որ պատերազմի ժամանակ ընդունված որոշումներն ամերիկյան բյուջեի վրա իրենց ազդեցությունը կունենան առաջիկա ևս 3-4 տասնամյակի ընթացքում: Բիլմսը նաև կարծում է, որ այդ երկու օտար կամպանիաները բացասաբար են ազդում ամերիկյան զինված ուժերի մարտունակության վրա:
Զեկույցում նշված է, որ ռազմական ծախսերի մասին որոշումներն ընդունվել են ի վնաս անձնակազմի պատրաստման մեջ ներդրումների, հետազոտական աշխատանքների ու պաշտպանական նոր ծրագրերի:
Միայն 2011 թվականին Աֆղանստանում ու Իրաքում տարվող օպերացիաները Պենտագոնի համար արժեցել են 291 միլիարդ դոլար: Կանխատեսվում է, որ 2013 թվականին ԱՄՆ աֆղանական կամպանիայի վրա կծախսի 88 միլիարդ դոլար