Թուրքական հրետանին հրետակոծել է Հյուսիսային Իրաքում PKK-ի թաքստոցները
Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ`թուրքական զորքերը հրետանային հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքին` փորձելով ահաբեկել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) պարտիզաններին, որոնց հետ Անկարան վարում է «խաղաղության բանակցություններ»:
Հրետակոծությունն իրականացվել է մարտի 28-ի գիշերային ժամերին և ուղղված է եղել Հաֆթանինի շրջանին, ուր PKK-ն ունի թիկունքային բազաներ: Հրետակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել: PKK-ի դաշտային հրամանատարները զերծ են մնացել տեղի ունեցած վերաբերյալ մեկնաբանություններ տալուց:
Թուրքական անվտանգության ուժերում եղած աղբյուրները հայտնել են, որ իրենց արկերն ուղղվել են Քուքուրչա բնակավայրի մոտ ապստամբական թաքստոցների վրա, սակայն հիմնականում ուղղված են եղել PKK-ականների` Թուրքիայի տարածք ներթափանցելու ձգտման զսպմանը:
Հրետակոծությունն իրականացվել է այն բանից մի քանի օր հետո, ինչ PKK-ի հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բանտից (մարտի 21-ին, Նովրուզ) քուրդ զինյալներին կոչ արեց դադարեցնել ռազմական պայքարը և Թուրքիայից քաշվել Հյուսիսային Իրաք: