Ֆրանսիացին եվրոպական վիճակախաղով շահել է մոտ 133 միլիոն եվրո
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`Ֆրանսիայի բնակիչը երեկ հաղթել է եվրոպական «Եվրոմիլիոններ» (Euro Millions) հանրահայտ վիճակախաղում` շահելով գրեթե 133 միլիոն եվրո: Այս մասին հայտնել է Francaise des jeux (FDJ) ընկերությունը, որը պատասխանատու է Ֆրանսիայի տարածքում վիճակախաղի անցկացման համար:
Երջանիկ տոմսի տերն ընդհանուր առմամվ շահել է 132.486.744 եվրո, ինչը FDI-ի հաշվարկներով` հավասարազոր է 3.3 տոննա մաքուր ոսկու: Հաղթողի անունը դեռ չի հրապարակվում: Այդ գումարը «Եվրոմիլիոններ» վիճակախաղի ողջ պատմության մեջ հինգերորդ խոշոր ջեկփոթն է:
Ռեկորդը գրանցվել է նախորդ տարվա օգոստոսին: Այն ժամանակ Մեծ Բրիտանիան ներկայացնող ընտանեկան զույգը շահել է 190 միլիոն եվրո: «Եվրոմիլիոններ» վիճակախաղն անցկացվում է Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում ու Շվեյցարիայում: