Բաժիններ՝

Ինչպե՞ս կարելի է ծախսել 1 միլիոն եվրոն Հայաստանում

Որևէ մեկի մտքով կարո՞ղ էր անցնել, որ Հայաստանի լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրները, այդ թվում՝ արտագաղթի խնդիրը, կարելի է լուծել 1 միլիոն եվրոյով:  Եթե չի անցել, ուրեմն ասենք, որ դա ֆանտաստիկայի ոլորտից չէ:

Սակայն ամեն ինչ՝ հերթով:

Եվրամիությունը 1 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանին` աջակցելու «շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը»: Արարողությունը տեղի է ունեցել երեկ. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանն ու People in Need կազմակերպության նախագահ Սառա Կորադը նախօրեին հռչակագիր են ստորագրել այդ կապակցությամբ:

Գումարը տրամադրվում է ավելի ընդգրկուն՝ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում (նշենք, որ անցած շաբաթ, Եվրամիությունն միգրացիայի հետ կապված խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով տրամադրել էր ևս 3 մլն եվրո):

Ի՞նչի վրա է ծախսվելու այս 1 միլիոն եվրոն և ի՞նչ խնդիրներ է լուծելու:  Փոխնախարար Պետրոսյանը պատասխանել է այդ հարցին և ներկայացրել ծրագրի ուղղությունները:  Դրանցից առաջինը, ուշադիր եղեք, արտագաղթի կանխարգելումն է:  Ինչպե՞ս են դա անելու:  Ըստ Արա Պետրոսյանի՝ դրա համար հարկավոր է սոցիալական և հոգեբանական ճիշտ աշխատանք տանել այն մարդկանց հետ, ովքեր մտադիր են մեկնել երկրից, բայց դեռ չեն մեկնել.  «Առաջարկել մի բան, որը կարողանա հետ պահել մարդուն արտերկիր մեկնելուց: Մարդուն առաջարկել կոնկրետ զբաղվածություն, կոնկրետ աշխատանք»: Այսինքն՝ ստիպել նրանց հրաժարվել արտագաղթի մտքից:  Կարճ ասած՝ համոզել:  Սա հումոր չէ, սա պաշտոնական մեկնաբանություն է:

Ինչպես ասում են՝ լուծումը հանճարեղ է իր պարզությամբ:  Մնում է զարմանալ, թե հայրենի իշխանությունների մտքով մինչև հիմա ինչպե՞ս չի անցել մեկական համոզող նշանակել օդանավակայանում, կայարանում և ՀՀ սահմանային անցակետերում:  Մի քիչ փող կտային, սակայն փոխարենը՝ զերծ կմնային արտագաղթի թեմայով քլնգոցներից:  Սակայն պարզվում է՝ ծրագիրն այլ ուղղություններ էլ ունի:  Ինչպես ամերիկյան ֆիլմերում են ասում՝ պլան B:

Եթե չի հաջողվում համոզել, եթե այդ մարդիկ հստակ որոշել են մեկնել, ապա, նախարարի խոսքերով. «Այդ դեպքում պետք է նրանց հատկացվի աշխատանքային միգրանտի, այն երկրների օրենսդրության վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, որտեղ նրանք աշխատելու են և այդ պետություններում նրանց իրավունքների պաշտպանման երաշխիքները»:

Այսինքն, եթե ստացվում է համոզել, որ չարտագաղթեն՝ շատ լավ:  Իսկ եթե՝ ոչ, ապա ամեն ինչով կօգնեն, որ արտագաղթողն արագ հարմարվի, իրեն պաշտպանված զգա և հետ չգա:

Այս մոտեցման հետ մի հին, բայց դիպուկ անեկդոտ հիշեցինք:  Մեկը այգում աշխատելիս տեսնում է, որ արջը մտել է այգի և բարձրացել ծառի վրա:  Զանգահարում է որսորդներին:  Գալիս է մի որսորդ՝ հետը մի հրացան և վարժեցած փոքրիկ շուն՝ «տուզիկ»:  Հրացանն ու տուզիկին տալիս է գյուղացուն և ասում. «Հիմա ես բարձրանում եմ ծառն ու արջին գցեմ:  Հենց արջն ընկավ, տուզիկին բաց կթողնես, տուզիկը վրա կհասնի և արջի ամորձիները կպոկի»:  «Լավ, բա հրացա՞նն ինչներիս է պետք»:   «Ո՞նց:  Որ հանկարծ ես ընկա՝ տուզիկին կխփես»,- ասում է որսորդը:

Սակայն սա դեռ ամբողջը չէ:

Եթե ծրագրի շրջանակներում  «բարով-խերով» ճանապարհում են արտագաղթելու հստակ մտադրություն ունեցող քաղաքացիներին, ապա փոխարենը՝ ցանկանում են խրախուսել դրսում բնակվող ՀՀ քաղաքացիների վերադարձը հայրենիք:  Ծրագրի երրորդ ուղղությունը նախատեսում է քայլեր ձեռնարկել ՀՀ վերադառնալ ցանկացողների վերաինտեգրման, նրանց բնակարանով ապահովելու և եկամուտներով ապահելու ուղղությամբ:  Նկատի ունեցեք՝ կրկին՝ նույն 1 միլիոն եվրոյի շրջանակներում:

Եվ վերջապես՝ չորրորդ ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Հայաստանի ինստիտուցիոնալ հնարավորությունները. բացել ռեսուրսային  կենտրոններ, որտեղ մարդիկ կկարողանան մանրամասն տեղեկատվություն ստանալ արտերկիր՝ աշխատանքի համար մեկնելուց և հայրենիք վերադառնալուց առաջ:

Կարդալով այս տողերը՝ քիչ է մնում հավատաս, որ 1 միլիոն եվրոյով իսկական հրաշքներ կարելի է գործել:  Սակայն նախորդ տարիների դառը փորձը, ցավոք, թույլ չի տալիս հրաշքների հավատալ:  Ծրագրի պատասխանատուներից մեկն անզգուշություն է ունեցել հիշեցնել, որ այս նախաձեռնությունը նոր չէ, մեկնարկել է մի քանի տարի առաջ, և դրա շրջանակներում Հայաստանին տրամադրվել է արդեն 9 միլիոն եվրո:  Իսկ մենք գիտենք, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթը կազմել է շուրջ 200 հազար մարդ, և այդ թիվը գնալով մեծանում է:  Այսինքն՝ նման ծրագրերի իրական արդյունավետությունն իրականում չափազանց փոքր է, 9 միլիոն եվրոն ծախսվել է չգիտես՝ ինչի՞ վրա:  Իսկ 1 միլիոն եվրոյով անգամ 50 ընտանիքի դժվար կլինի համոզել մնալ Հայաստանում:  Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված ոգևորությունը:

Պարզ ասենք:  Որովհետև նման ծրագրերի շրջանակներում նախատեսվում են հիմնականում կոնֆերանսներ, սեմինարներ՝ իրենց «քոֆի-բրեյք»-երով, ուսուցողական բուկլետների-բրոշյուրիկների-ֆլայերների տպագրություն:  Եվ նման ծրագրերում ներգրավվող հայկական կազմակերպությունները, հաճելի ժամանակից բացի, կարողանում են նաև քիչումիչ վաստակել՝ դրամաշնորհների տեսքով:

Եվրոպացիները չե՞ն գիտակցում այս ամենը:  Իհարկե, գիտակցում են:  Իսկ ինչո՞ւ են գումարներ ծախսում նման ծրագրերի վրա:  Միամտություն կլինի կարծել, որ նրանք չեն քնում՝ գիշերը մտածելով Հայաստանի ժողովրդագրաֆիական վիճակի մասին:  Պարզապես այս մարդիկ մտածում և անհանգստանում են իրենց վիճակի մասին և փորձում են կրճատել իրենց երկրներում հաստատվել ցանկացող միգրանտների հոսքը՝ նրանց պահելով իրենց հայրենիքում:  Թե որքանո՞վ է դա հաջողվում, արդեն գումար տվողի խնդիրն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս