Սահմանամերձ գյուղերի այգիները ցրտահարության դեպքում ավելի շատ կվնասվեն

Սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց այգիները ցրտահարությունից պաշտպանելու հնարավորություն չունեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Արայիկ Ղարիբյանը: «Այն գյուղացիները, ովքեր սահմանի ներսում մշակովի այգիներ ունեն, միևնույն է, ցրտահարության դեպքում չեն կարող ծխահարման միջոցով գոնե ինչ-որ չափով  փրկել իրենց  բերքը: Սահմանները փակվում և բացվում են կոնկրետ ժամերին, իսկ սահմանի ներսում գիշերել չի թույլատրվում, եթե նույնիսկ ցրտահարման վտանգ լինի»,- ասաց Ա. Ղարիբյանը: Թեև գյուղացիներից շատերը, նաև օդերևութաբաններն այս գիշեր կանխատեսում էին ցածր ջերմաստիճան, բայց  գիշերն անհամեմատ տաք է եղել: «Երեկ առավոտյան ավելի սառն էր օդի ջերմաստիճանը, կարծում եմ, տեղ-տեղ նաև մինչև -3 աստիճան է եղել: Չնայած դեռ վնասի չափը հստակ չի, բայց որ սպասվող բերքի մի որոշ տոկոս այնուամենայնիվ վնասվել է, դա հաստատ է: Արարատյան դաշտում առավել խոցելի են Գետաշեն, Շենավան, Փշատավան, Ջանֆիդա, Նալբանդյան գյուղերը, որտեղ սահմանի ներսում մարդիկ մեծ քանակությամբ այգիներ ունեն: Այդ ֆերմերներին պետք է որոշակի արտոնություններ տալ, քանի որ իրենց ապրուստի միջոցները հիմնականում հենց սահմանների ներսում են:  Տա՛ Աստված, որ ցրտահարությունը մեծ վնասներ չպատճառի գյուղատնտեսությանը: Չնայած գյուղատնտեսության առումով այս տարին այնքան էլ բարենպաստ չի թվում, այնուամենայնիվ, հուսանք, որ բնական աղետները քիչ կլինեն»,- ասաց ֆերմերը: Հարցին, թե ինչո՞ւ տարին խոստումնալից չի թվում, Ա. Ղարիբյանը պատասխանեց, որ գյուղացիներն իրենց  գյուղերից հեռանում են: «Եթե նախորդ տարի մարդիկ ինչ-որ կերպ մշակում էին իրենց հողակտորները, վարկ էին վերցնում՝ հուսալով, որ տարին բարենպաստ կլինի, ու արդյունքն էլ երկար սպասեցնել չի տա, ապա այս տարի ոչ ոք ոչինչ չի անում: Մարդիկ ուղղակի անջրդի են թողնում իրենց հսկայական հողակտորները: Անցյալ տարի բերքի իրացման խնդիր կար, Հայաստանում մարդ՝ գնորդ, չի մնացել: Արտադրանքը կար, գնորդ՝ չկար: Էլ ի՞նչ հույսով գյուղացին նորից ցանք անի»,- ասաց Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա. Ղարիբյանը:

Տեսանյութեր

Լրահոս