2030 թվականին Թուրքիան լրջորեն կբախվի ջրի սակավության խնդրին
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ջրային պաշարների ներկայիս պոտենցիալի համաձայն, բնակչության մեկ շնչին տարեկան բաժին է ընկնում 1500 խորանարդ մետր ջուր: Ժողովրդագրական աճի հետևանքով 2030 թվականին այդ ցուցանիշը կնվազի մինչև 1200 խորանարդ մետրի:
Համաշխարհային չափորոշիչների համաձայն՝ այն երկրները, որոնցում միջին հաշվարկով բնակչութան մեկ շնչին բաժին է ընկնում տարեկան 1000 խորանարդ մետրից էլ պակաս ջուր, ապա այդ երկրները դասվում են ջրային պաշարներով աղքատ երկրների շարքին:
Իսկ եթե տվյալ ցուցանիշը կազմում է 2000-3000 խորանարդ մետր, ապա խոսքը գնում է ջրի ցածր սպառում ունեցող երկրների մասին: Ջրային պաշարներով հարուստ երկրներ են համարվում նրանք, որոնցում բնակչության մեկ շնչին տարեկան բաժին է ընկնում ավելի քան 8000 խորանարդ մետր ջուր:
Ներկայումս Թուրքիան կարող է սպառել իր ջրային պաշարների մոտ կեսը, սակայն ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը կսպառվեն առկա ջրային պաշարները: Թուրքիայում ջրի խոշորագույն սպառողը գյուղատնտեսական ոլորտն է (մասնավորապես ոռոգելի տարածքները), որի մասնաբաժինը կազմում է մոտ 70 տոկոս:
Մոտ 15 տոկոսը բաժին է ընկնում քաղաքապետարաններին (ջրի կենցաղային օգտագործում) և նույնքանն էլ՝ արդյունաբերությանը: Առաջիկա 20 տարում ակնկալվում է գյուղատնտեսական ոլորտի մասնաբաժնի կրճատում, սակայն դրա հետ մեկտեղ կաճի արդյունաբերության ոլորտում ջրի սպառման ծավալը: