Բաժիններ՝

Գորշ իրականություն… օգնենք ՀՀ նախագահին

Արդեն քանի օր է` «168 Ժամ» թերթի խմբագրություն է դիմում Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակչուհի Արմինե Կիրակոսյանը՝ խնդրելով օգնության ձեռք մեկնել իր ընտանիքին, մասնավորապես՝ ամուսնուն:

Բանն այն է, որ Ա. Կիրակոսյանի ընտանիքը՝ լինելով սոցիալապես ծանր վիճակում, նույնիսկ հնարավորություն չունի անձամբ Երևան գալու, անձամբ իր խնդիրը ներկայացնելու համար, որի պատճառով մենք ստիպված եղանք հեռախոսակապի միջոցով լսել այս կնոջ խնդիրը: «Ամուսինս՝ Էդգարը, 33 տարեկան է: Նա հիմա ծանր վիճակում է և ամեն օրվա հետ ավելի է վատանում: Հասկանո՞ւմ եք, մենք չգիտենք` ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, որ նրա կյանքը փրկենք»,- մեզ հետ զրույցում ասում էր Արմինեն՝ հավաստիացնելով, որ, թեև ամուսինը միանգամայն առողջ է եղել, այդուհանդերձ, զինվորական ծառայության ընթացքում կտրուկ վատանալով՝ հոսպիտալում է հայտնվել:

1997թ. ԼՂՀ Հորադիզում զինվորական ծառայության զորակոչվելուց հետո, ուղիղ մեկ տարի հետո Էդգարի մոտ երիկամների սուր ցավեր են սկսվել, ինչից հետո նրան տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ: «Հոսպիտալում բուժօգնություն ստանալուց հետո նրան կրկին ճանապարհել են Հորադիզ՝ առանց բժշկական փաստաթղթեր տրամադրելու և առանց նախազգուշացնելու, որ կարող է հիվանդությունը գլուխ բարձրացնել: Պատկերացրեք, որ նույնիսկ իրեն չեն ասել, որ նման ծանր խնդիր ունի: Մեկ տարի այդպես ծառայել է, բայց կրկին վատ ինքնազգացողությամբ ու պարբերաբար վատանալով: Ես միայն վերջերս եմ էպիկրիզը վերցրել և իմացել, որ դեռ ծառայության ժամանակ նրա մոտ երիկամային հիվանդություն է ախտորոշվել, բայց դրա մասին ոչ ոքի չեն ասել, նույնիսկ՝ ամուսնուս:

Եթե տեղյակ պահեին՝ գոնե հետևողական կլինեինք, պարբերաբար ստուգումների կգնայինք, որ հիմա նման ծայրաստիճան վատթարացում չլիներ»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց Արմինեն: Զորացրվելուց հետո Էդգարը Ստեփանակերտի զորամասում աշխատել է` որպես վարորդ, և աշխատանքի վայրում ինքնազգացողությունն այնպես է վատացել, որ տեղափոխել են հիվանդանոց, որտեղից բժշկական պատմությունն են պահանջել, և հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ դեռ ծառայության ընթացքում նրա մոտ երիկամային լուրջ հիվանդություն են հայտնաբերել:

«Վանաձորի հիվանդանոցում ամեն ինչ պարզվեց, և նույնիսկ մասնագետները մեզ ասացին, որ ծառայությունը շարունակելու իրավունք չկար, այսինքն՝ նրան պետք է զորացրեին, որպեսզի հիվանդությունը չխորանար, և Էդգարն էլ լուրջ բուժում ստանար:

Անկեղծ ասած՝ այս տարիների ընթացքում ինքը շատ էր աշխատում, ճնշումը տատանվում էր, գլխացավեր էր ունենում, թույլ էր, բայց չէինք պատկերացնում, որ երիկամային խնդիր ունի, վերագրում էինք հոգնածությանը»,- ասում է Արմինեն՝ վստահեցնելով, որ հիմա ամուսինը վատ վիճակում է, քանի որ շաբաթվա մի քանի օրը դիալիզ է ստանում: Ախտորոշված երկկողմանի երիկամային անբավարարություն հիվանդությունը, բնականաբար, բուժվող չէ, հետևաբար, դիալիզի միջոցով պարզապես նրա կյանքը փորձում են երկարաձգել: Արմինեն ասում է, որ ամուսինն օր օրի տկարանում է, քանի որ արդեն ախտահարվում են նաև մյուս օրգանները: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հիվանդանոցի բժիշկները Էդգարի կյանքը փրկելու միակ ելքը երիկամների փոխպատվաստման վիրահատությունն են համարում, որի համար հիվանդին խորհուրդ են տալիս մեկնել արտերկիր:

«Բնականաբար, դիալիզով նա երկար չի ապրի, քանի որ դա բուժում չի, այլ՝ ապրելու գոյատևման միջոց է: Հայաստանում էլ կարող էին այդ վիրահատությունը կատարել, բայց` եթե դոնորը հիվանդի հարազատներից է: Մեր պետության օրենքներն արգելում են օտար դոնորի երիկամով փոխպատվաստումը: Մենք՝ հարազատներս, հետազոտվել ենք, և պարզվել է` մեզնից որևէ մեկը չի կարող դոնոր լինել: Չեն համապատասխանում արյան կարգերը, երիկամները և մյուս ցուցումները: Իսկ օտար դոնորի երիկամ չեն կարող փոխպատվաստել, քանի որ օրենքը թույլ չի տալիս»,- ասում է Արմինեն՝ տեղեկացնելով, որ ամուսնու առողջական վիճակի կտրուկ վատացումից հետո իրենց ընտանիքում նույնիսկ աշխատող չկա, և օտար պետություն տեղափոխվելու անգամ չնչին հնարավորություն չունեն: Էդգարն ու Արմինեն չորս տարեկան մի աղջիկ ունեն, և ամբողջ ընտանիքը գոյատևում է 21.000 դրամ ընտանեկան նպաստով ու Էդգարի հաշմանդամության 18.000 դրամ թոշակով: «Ճիշտ է, բուժումն անվճար է, բայց շատ է լինում, որ վիճակը կայունացնելու համար ստիպված ենք լինում թանկարժեք դեղորայք գնել: Նպաստով ու այդ թոշակով չենք կարողանում լուծել անգամ տարրական կենցաղային հարցեր: Ինքը շատ աշխատող է եղել, բայց հիմագ ուղղակի մարում է: Ես էլ չեմ կարող իրեն առանց խնամքի թողնել և աշխատել, վիճակը շատ է վատացել: Ես ձեզ խնդրում եմ, օգնեք ամուսնուս օտար որևէ երկիր տեղափոխելու համար:

Soc (3)Ախր նա շատ երիտասարդ է, կարող է ապրել, բայց ապրելը հիմա կախված է վիրահատությունից: Բժիշկները մեզ խորհուրդ են տալիս անհապաղ տեղափոխել, քանի որ Հայաստանի բուժհիմնարկներում դիալիզն էլ լավը չէ, քայքայում է նաև մյուս օրգանները: Դրսում կարող են նրա կյանքը փրկել: Գերմանիայում նման հիվանդների կյանքը փրկում են: Հիմա մենք հնարավորություն չունեցող մարդիկ ենք, բայց հազարավոր մարդիկ դրսում վիրահատվում և շարունակում են ապրել»,- մեզ հետ հեռախոսազրույցում խնդրում էր Արմինեն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին «ասուլիսի» ժամանակ լրատվամիջոցների ղեկավարներին խնդրում էր օգնել մեր երկրում տիրող «գաղջ» մթնոլորտը վերացնելու հարցում: Միայն մեր խմբագրությունը գրեթե ամեն օր նմանատիպ խնդրով` քաղաքացիներից զանգեր և նամակներ է ստանում: Ապրելու համար որևէ այլ երկրի կլինիկաներ տեղափոխվել ցանկացողների մասին տեքստերով ողողված է համացանցը: Օտար պետություններում բուժում ստանալու համար օգնություն են խնդրում փոքրիկ երեխաներից սկսած, մինչև միջահասակ տարիքի, ծանր հիվանդություն ունեցող անձինք: Մենք ամեն օր, ամեն ժամ բախվում ենք այս երևույթի հետ: Մարդիկ ուզում են փրկվել որևէ հիվանդությունից, բայց այդ փրկությունը հնարավոր է միայն այլ երկրում:

Բնականաբար, այս ցավալի երևույթը չէր լուսաբանվի լրատվամիջոցներով, եթե մեր իրականության մեջ Հայաստանի առողջապահության ոլորտն ի զորու լիներ անել այն, ինչի համար մարդիկ տեղափոխվում են այլ երկրներ: Այս գորշ իրականությունը փաստերով ամեն օր գալիս է մեր խմբագրություն, ու խմբագրությունն էլ այդ ամենը ներկայացնում է: ՀՀ նախագահին օգնում ենք՝ հորդորելով ուսումնասիրել, թե օրական քանի մարդ է Հայաստանից մեկնում` որևէ այլ երկրում առողջությունը վերականգնելու համար: Նույնիսկ այսօրվա բժիշկներն իրենց հարազատների կյանքն իրենց կոլեգաներին չեն վստահում: Մեկնում են շատերը: Ու քանի-քանի մարդ այդ հնարավորությունը չունենալով` զրկվում է կյանքից:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս