Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին թիվ 11117998 քր. գործով տուժող Պարույր Գուլգուլյանից
Մեծարգո նախագահ, համաձայն 2008թ. հայկական հրաշքի բանաձևի. արդարության հասնելու ակնկալիքով հայտնում եմ Ձեզ այն, որ վերջին մեկ տարվա կտրվածքով (չհաշված մնացած նախորդ տարիների և երկրորդ նախագահ պ-ն Ռ.Քոչարյանի մի քանի տասնյակ, գուցե և ավելի դիմումների) Ձեզ եմ ներկայացրել փոստով 05.07.11թ., 05.08.11թ., 22.10.11թ., 27.11.12թ., 27.02.13թ. իմ դիմումները, իսկ թե ինչ պատճառաբանությամբ Դուք այդ դիմումները չեք ստուգել, այդ հարցին կպատասխանի նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանը, քանի որ, ըստ փոստային հավաստագրերի` իմ բոլոր նամակները մուտքագրվել են ՀՀ նախագահի նամակների բաժնում:
Այսօր, քանի որ «դանակը ոսկորին է հասել», բաց նամակով Ձեզ եմ ներկայացնում իմ այս դիմումների բովանդակությունները համառոտակի (հակիրճ), և դիմումներիս պատճենները ներկայացնում եմ լրագրողներին` որպես փաստացի ապացույց:
1994թ. հանցագործությամբ ինձ խոշոր չափերի նյութական վնաս պատճառելու կապակցությամբ, 1998թ. հոկտեմբերին ՀՀ դատախազության կողմից հարուցվել է թիվ 11117998քր. գործը:
Նախաքննությունը սկսվում է Շենգավիթի ոստիկանությունում, և ես քննիչ Մինասյանի կողմից ճանաչվել եմ որպես տուժող:
Այնուհետև քր. գործը հայտնվում է Արաբկիրի դատախազությունում: Դատախազ Վ.Թ.Գրիգորյանի հետ քր. գործը տեղափոխվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազություն: 1999թ. հունվար ամսից քննիչ Մանվել Ալեքսանյանի կողմից քննվելով` հաստատում է իմ տուժողի կարգավիճակը, ինչպես նաև կատարված հանցանքը և իմ կրած 53 հազար հանցագործությամբ պատճառված վնասը: Մայիս ամսին նախաքննությունը մոտեցել էր ավարտին, ու մայիսի 12-13 քննիչի կողմից կարևորագույն առերեսում նշանակած օրը (որից հետո քննիչը կազմելու էր մեղադրական եզրակացություն) դատախազ Վ.Թ.Գրիգորյանը կազմակերպում է քր. գործի «ստուգում» ու քր. գործը իբր ստուգման նպատակով` հայտնվում է քաղաքի դատախազությունում, բայց Վ.Թ.Գրիգորյանի հիմնական նպատակը սկզբունքային քննիչ Մանվել Ալեքսանյանից ազատվելն էր: «Ստուգված քր. գործը» տեղափոխվում է Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների դատախազության քննիչ Հայկազ Գևորգյանի վարույթ: 2-3 ամիս նախաքննությունը շարունակվում է այդ դատախազությունում, ինչպես միշտ, Արարատ Խրիմյանն արհամարհում էր քննիչի կանչերը ու չէր ներկայանում Դատախազություն:
08.08.99թ. նշանակված էին առերես հարցաքննություններ, բոլորը ներկայացան, բացի Խրիմյանից, և տեղի ունեցավ կարևորագույն առերես հարցաքննություն իմ և վկայի միջև:
09.08.99թ. կրկին Ա.Խրիմյանը չներկայացավ: 09.08.99թ. քննիչ Հայկազ Գևորգյանը զոհվում է ավտովթարից, և դատախազ Ստեփանյանը լկտիաբար օգտվելով իրավիճակից` փոխում է առերես հարցաքննության ամսաթիվը` 8-ը դարձնելով 5 ու կեղծելով զոհված քննիչի ստորագրությունը` 05.08.99թ. հետին ամսաթվով կարճում է քր. գործը: Երբ ես պահանջեցի դատաձեռագրաբանական փորձաքննություն, դատախազ Ստեփանյանը խուսափելով և կատարված ապօրինի լկտիությունը պարտակելու նպատակով վերացնում է 05.08.99թ. որոշումը և 04.09.99թ. արտագրելով վերացված 05.08.99թ. որոշումը, կրկին կարճում է քր. գործը:
1999թ. նոյեմբերի 26-ին (կատարվածի մասին իմ բողոքը չորս թերթերում հրապարակվելուց հետո) ՀՀ դատախազության կողմից վերացվում է 04.09.99թ. որոշումը և ուղարկվում է (կրկին խախտելով օրենքը, նախկինում իմ կողմից անվստահություն ու բացարկ հայտնած) Խորհրդային շրջանի դատախազություն: 10.04.2000թ. շրջանի դատախազ Սարդարյանի հրահանգով քննիչը կազմում է ապօրինի մեղադրական եզրակացություն գործով վկա, ԱՄՆ մշտական բնակության մեկնած Մանուկ Մարտիկյանի նկատմամբ, իրավունք վերապահելով ինձ Մարտիկյանի վերադառնալուն պես նրանից ստանալ 53 հազար հանցագործությամբ պատճառված վնասը, և կասեցնում քր. գործը, բնականաբար, համոզված լինելով, որ Մարտիկյանն այլևս չի վերադառնալու:
2000թ. հունիսի 20-ին, համաձայն իմ բողոքի` ՀՀ դատախազի տեղակալ Ժիրայր Խաչատրյանը որոշում է կայացնում առ այն, որ ինձ վնաս պատճառողը Մարտիկյանը չի, այլ Արարատ Խրիմյանն է, նրա քրոջ ամուսին Սամվել Կարախանյանը և մյուսները, այնպես, ինչպես ընդգծում է, որ հանցանքը կատարված է հրազենի գործադրմամբ, անչափահաս երեխաներիս առևանգելու ահաբեկչությամբ և այլ ապօրինի գործողությունների միջոցով:
2001թ.-ից քր. գործի վարույթը վերադառնում է նախկինում հանցանքը բացահայտող քննիչ Մանվել Ալեքսանյանի` վարույթ: 2001թ. Սամվել Կարախանյանը Դատախազություն է ներկայացնում կեղծ նամակ իր փաստաբան Հրաչյա Իսաջանյանի ձեռագրով և հաստատված ԱՄՆ-ի նոտարական գրասենյակի կեղծ կնիքով (խախտումներ ու կեղծիքներ շատ կան, ես ներկայացնում եմ մի մասը):
2001թ. քննիչ Մամվել Ալեքսանյանը ճիշտ հակառակ այս գործի կեղծիքների գիտակ` համար մեկ և գլխավոր կեղծարար դատախազ Վ.Թ.Գրիգորյանի բաղձալի ցանկության ու կամքի` կազմում է քառասուն թերթից բաղկացած մեղադրական եզրակացություն: Արարատ Խրիմյանի պահապան հրեշտակ դատախազ Վ.Թ.Գրիգորյանը չի հաստատում մեղադրականը և իր փորձված անբարոյական մեթոդի համաձայն` քր. գործն ուղարկում է «ստուգման» քաղաքի դատախազություն: Վերադարձված «ստուգված» քր. գործը Վ.Թ.Գիրգորյանը հանձնարարում է Լենինականի նախկին դատախազ, իր ավագ օգնական, քր. գործերի ապօրինի կարճելու հմուտ մասնագետ Սյոմա Ամիրխանյանին: Վերջինս անտեսելով իմ 20.12.2001թ. միջնորդագիրը, այսինքն` անգործության մատնելով իմ բողոքի շարունակվելը, խախտելով օրենքը` 20.04.02թ. վերջնականապես կարճում է քր. գործը:
2002թ. հոկտեմբերին ՀՀ քր. գործերով վերաքննիչ դատարանում բացահայտվում է, որ Վ.Թ.Գիրգորյանի կողմից ինձանից թաքցրած քր. գործի 5-րդ հատորում կարված են 5 հատ (պահեստային) մաքուր թերթեր, և ցանկում բաց է թողնված 3-4 տող, բնականաբար, 5 դատարկ թերթերը սևացնելուց հետո լրացնելու նպատակով:
Դատախազության ներկայացուցիչը չպատասխանեց ինչպես 5 թերթերի, այնպես էլ իմ և դատավորի առաջադրած հարցերին և խնդրեց մեկ շաբաթ ժամանակ` հարցերին պատասխանելու համար: Մեկ շաբաթ անց` 30 հոկտեմբերի 2002թ., դատախազը ներկայացավ դատարան և Վ.Թ.Գիրգորյանի կողմից կազմված օբյեկտիվ բառով «Գյուլնազ տատի» ելույթը կարդալուց հետո դատարանին ներկայացրեց Վ.Թ.Գիրգորյանի պահանջով սարքված իմ նախկին ներկայացուցիչ Արմեն Սողոմոնյանի և Սամվել Կարախանյանի միջև կնքված 20.04.02թ. հետին ամսաթվով ապօրինի «Պայմանագիրը»: Այդ պայմանագրի հիմքով 13.12.2002թ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահող դատավոր Մհեր Խաչատրյանի «թեթև ձեռքով» հաստատվում է 20.04.02թ. կարճման որոշման օրինականությունը:
19.09.05թ. Մալաթիա-Սեբաստիա դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանի վճռով անվավեր է ճանաչվել 20.04.02թ. «Պայմանագիրը»: Այդ վճիռն ինձ տրամադրում են իմ կողմից դատարանի նախագահին 04.10.05թ. բողոքարկման ժամկետը լրանալու օրը դիմում ներկայացնելու հաջորդ օրը, որպեսզի ես չկարողանամ բողոքարկել դատավորի բացթողումների-թերությունների և ստի համար առ այն, որ իբր ես բողոք չունեմ Դատախազության և ոստիկանության նկատմամբ. պնդում եմ` դա կատարյալ սուտ է: Այդ ստի բացահայտման համար շատ եմ պահանջել, որ լսվի դատական նիստի ձայնագրությունը, բայց…:
20.04.02թ. «Պայմանագրի» անվավեր ճանաչելուց հետո, մինչ օրս բազմիցս (համաձայն նոր երևան եկած 19.09.05թ. վճռով 20.04.02թ. անվավեր ճանաչված պայմանագրի հանգամանքով) դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և նրանից անպատասխան մնալուց կամ էլ լավագույն դեպքում ՏՑտՌրՍՈ – պատասխան ստանալուց հետո, համաձայն քր. դատ. օր-ի 290 հոդվածի, դիմում եմ դատարան, որպեսզի հիմնազուրկ – առոչինչ համարվի «քարը փոսը գլորող» դատավոր Մհեր Խաչատրյանի 13.12.02թ. անհիմն որոշումը, որը Մհեր Խաչատրյանը կայացրել է 19.09.05թ. վճռով անվավեր ճանաչված 20.04.02թ. «Պայմանագրի» հիմքով, բայց խնդիրը լուծում չի ստանում և գրում են, որ գոյություն ունեն ուժի մեջ մտած դատական ակտեր:
Ի դեպ, ես իմ 21.05.09թ. Աղվան Հովսեփյանին ուղղված բաց նամակով (որի պատճենը փոստով ուղարկել եմ Ձեզ) նրան գրել եմ. «Պ-ն Հովսեփյան, Դուք, Ձեր նույնատիպ՝ շաբլոնացված, «ազատ-թեմա շարադրություն», առանց ապացուցողական փաստերի գրությունները գրելուց, չեք մոռանում և ամեն անգամ գրում եք (անգիր արած), որ իբր բազմիցս քննարկվել և ստուգվել են իմ բարձրացրած հարցերը, և ավելին, իմ կողմից ապացուցողական փաստերով ներկայացրած օրինազանցությունները համարում եք օրինական և առանց անհարմար զգալու ասում եք, որ իմ դիմումներն այլևս չեն քննարկվելու, և որ Դուք այլևս ինձ չեք պատասխանելու, կարելի է մտածել, թե քննարկողները՝ հալումաշ են եղել: Նույն դիմումում հիշեցման կարգով գրել եմ:
Ես խորհուրդ կտամ, որ Դուք հիշեք Ձեր ասած խոսքերը, որն ասել եք մի երկու տարի առաջ կոլեգայի նիստի ժամանակ, իսկ այդ մասին ես գրել եմ Ձեզ և շատ լավ խորհուրդ եմ տվել:
Անձամբ Դուք ասացիք այն, որ նախքան դատարանում գործը ներկայացնելը, կարդացեք և ձայնագրեք ու լսեք ձայնագրությունը, այսինքն, ի նկատի եք ունեցել, որ դատարաններում գործ ներկայացնող դատախազները (պատկերավոր ասած) իրենց նայեն հայելու մեջ: Հարց է առաջանում, Դուք ե՞րբ եք պատրաստվում նայել հայելու մեջ և դրանից հետո միայն ուղարկել ինձ Ձեր նույնաբովանդակ և չհիմնավորված գրությունները»:
Մեծարգո նախագահ, այսօր իմ վերաքննիչ քրեական բողոքը քննարկվում է դատավոր Գ.Ավետիսյանի վարույթում, 25.03.13թ. տեղի է ունենալու 2-րդ դատական նիստը, որպեսզի ես չստանամ նույնատիպ-շաբլոնավորված-չհիմնավորված մերկապարանոց պատասխան, խնդրում եմ Ձեր միջնրդությունը, որպեսզի ի վերջո դատարան(ներ)ի համար հասկանալի ու պարզ լինի այն, որ եթե որևէ որոշման հիմք հանդիսացող հանգամանքն անվավեր է ճանաչվում դատարանի վճռով, ապա (բնականաբար) այդ հիմքով կայացված նախորդ դատական ակտը համարվում է հիմնազուրկ:
Բացի դրանից, ես քաղ. հայցի պահանջով դիմել եմ Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն դատարան` Արարատ Խրիմյանից և Սամվել Կարախանյանից հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով:
Դատով Սիմիզար Հովսեփյանը կասեցրել է գործը, քանի որ նրանց փաստաբան Սողոմոն Թրաշյանը հայտնել է դատարանին, որ Արարատ Խրիմյանը 13.09.12թ. մահացել է Գերմանիայում: Հայտնում եմ Ձեզ այն, որ Արարատ Խրիմյանի մահը հաստատող և Գերմանիայից (տրանզիտ Մոսկվայով) ուղեբեռի փոխադրման որևէ ապացուցողական բնօրինակ փաստաթուղթ գոյություն չունի: Մահվան փաստը հաստատվել է նաև քաղ. գործով Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում: 31.10.2012թ. ես դիմել եմ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Խաչատրյանին, որպեսզի նա ինձ 12 կետով տրամադրի Արարատ Խրիմյանի մահվան հետ կապված բնօրինակ փաստաթղթերի պատճենները, և պահանջել եմ դատավորից փաստաթղթերի օրիգինալների բացակայության դեպքում, ակնկալում եմ Ձեզանից գրավոր պատասխան և ապագայում արդար դատական որոշում. արդյունքում` ոչ արդար որոշում ստացա, ոչ պատասխան, և ոչ էլ փաստաթղթերի պատճեններ, իսկ դատավորը որպես մահվան վկայական` Գերմանիայից ռուսերեն թարգմանված ընդունել է ինչ-որ տեղեկանք և` առանց նոտարական վավերացման:
Այս կապակցությամբ 14.11.2012թ. դիմել եմ ՀՀ արդարադատության խորհրդին և 2012թ. նոյեմբերի 30-ին թիվ ԴԴ-Ե 5564 գրությամբ աշխատակազմի ղեկավար տ-ն Շողեր Վարդանյանից ստացել եմ պատասխան առ այն, որ դատավորներ Սիմիզար Հովսեփյանի և Դանիել Խաչատրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար չեն: Հարց է առաջանում, եթե առանց համապատասխան (համաձայն քաղաքացիական կացության 64 հոդվածի) բնօրինակ փաստաթղթերի` մահվան փաստ են հաստատում, ի՞նչ է պետք անել, միգուցե հարկավոր է պարգևատրել…
Ի դեպ, գոնե Ս.Հովսեփյանը լռում է, իսկ դատավոր Դ.Խաչատրյանն ասում է այսպես. «Գուլգուլյան, ինչպես կարելի է չհավատալ, չէ՞ որ նա` Խրիմյանը նշանավոր մարդ է, և թաղման արարողությանը մասնակցել են շատ նշանավոր մարդիկ»: Հարց է առաջանում` միգուցե այդ նշանավոր մարդիկ պատշաճ նոտարական կարգով վավերացված, գրավոր ցուցմունք են տվել, եթե` այո և դա կարող է հիմք հանդիսանալ, ապա թող դատավորն ինձ տրամադրեր այդ մարդկանց ստորագրությամբ և նոտարական պատշաճ վավերացված ցուցմունքների պատճենները: Ես գիտեմ` իմ ասածը աբսուրդ է ու ծիծաղելի, բայց համաձայն դատավորի պնդման` այնպես է ստացվում, որ նշանավոր մարդկանց տեսնելը հիմնավոր հիմք կարող է հանդիսանալ մեկ այլ նշանավոր մարդու մահվան փաստը դատական կարգով հաստատելու համար:
Ի դեպ, դատավորներն ինձ նկատողություն անելով` ասում են, որ դատարանում չի կարելի խոսել օտարալեզու (ձայնագրությունը կապացուցի), այսինքն` ռուսերեն, բայց այդ նույն դատավորները (տ-ն Սիմիզար Հովսեփյան, պ-ն Դանիել Խաչատրյան) օտարալեզու և առավել ևս առանց նոտարական վավերացման պատճենահանված (բնօրինակ, բացակայությամբ) հիմնազուրկ «փաստաթղթերի» հիմքով հաստատում են (Ձեր խորհրդարանական թերթում եմ կարդացել անձամբ) մահվան փաստ:
Մեծարգո նախագահ.
Կներեք, ես չեմ ցանկանում շահարկել, եթե շահարկող լինեի, կհաշվարկեի դեռ 2008թ. և դրանից առաջ:
Ասեմ, որ ես Գրիգոր Գուլգուլյանի ավագ ծոռն եմ, նրա մասին կարող եք ծանոթանալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի 2012թ. 24 օգոստոսի համարի 7-րդ էջից, որտեղ մասնավորապես ասված է. «Առ այսօր թուրք բարբարոս-մարդակերների դեմ իրականացված հատուցման առաջին արդարացումը կապվում էր Սողոմոն Թեհլերյանի հետ: Սակայն պարզվում է` առաջին նախադեպը գրանցվում է 1898թ. Սիմֆերոպոլ քաղաքում, որի դատարանը 1898թ. սեպտեմբերի 22-ին քննելով բայբուրդցի Գրիգոր Գուլգուլյանի գործը, արդարացրեց հայորդուն իր հորն ու երկու եղբայրներին մորթոտած մարդակեր Հասանին սպանելու համար»:
Ի դեպ, իմ նախապապը ստուգել-համոզվել է, որ դա Հասանն է (նա աննպատակ ու պատահական շուն չի սատկացրել) և միայն դրանից հետո սատկացրել է շանը. նույնկերպ ես համոզված եմ (պտուղը ծառից հեռու չի ընկնում), թե ովքեր են իմ նկատմամբ ապօրինություններ ու զոռբա սրիկայություններ թույլ տվել, դրա համար վստահ, առանց կաշկանդվելու ասում եմ` բացի դրանից, բավական է, «դանակը ոսկորին է հասել», ես շատերին եմ դիմել, իսկ այսօր, եթե ոչ Ձեզ, ապա ուրիշ ո՞ւմ դիմեմ, որ հասնեմ արդարության իմ հարազատ երկրում…
Մեծարգո նախագահ, եթե հարցը հասնում է դրան (համաձայն դատավոր Դանիել Խաչատրյանի ասածի), ապա ես ոչ միայն նշանավոր մարդու, նշանավոր ծոռ եմ, այլ նաև 40-ից ավելի վկաների ցուցմունքներով ապացուցված նշանավոր արդար տուժող եմ (իմ կողմից հիշյալ իրավապահներից, իմ ներկայության` Ձեզ մոտ, սկսած Աղվան Հովսեփյանից, Վ.Թ.Գրիգորյանից, ավարտած դատավոր Մհեր Խաչատրյանով և ուրիշներով, եթե կկարողանան ապացուցել, որ ես սխալ եմ, հալալ լինի…), և փաստերը մերկապարանոց խոսքերով չեմ ներկայացնում, այլ ամեն ինչ ասում եմ հիմնավորված, և այս ամենից հետո դատարանները 20.04.02թ. ապօրինի կարճման որոշման օրինականությունը հաստատող 13.12.02թ. դատավոր Մհեր Խաչատրյանի հիմնազուրկ որոշումը համարում են ուժի մեջ մտած:
Մեծարգո նախագահ (չգիտեմ` ո՞րն ասեմ, ո՞րը չասեմ, ասելու բան շատ կա), կեսկատակ-կեսլուրջ ասեմ նաև այն, որ մեր ազատ-անկախ դատավորների մոտ այս գործի պարտակման տենդենցը այնքան բարձր է և այնքան լավ են անգիր արած գրել.
«Մերժել, քանի որ ուժի մեջ մտած (13.12.02թ.) որոշում կա, որ անգամ իմ 17.07.06թ. վերաքննիչ քրեական դատարան բողոք ներկայացնելուց 3 տարի անց (ես անընդհատ դիմումներով պատասխան էի պահանջում) 22 ապրիլի 2009թ.-ին ինձ (ոչ բնօրինակ) պատճենահանված գրությամբ (դատավորի անունը չգրեմ, կանանց տոնի միամսյակ է) հայտնում են, որ գոյություն ունի 24.07.06թ. ուժի մեջ մտած որոշում, բայց այդ որոշումը փաստացի գոյություն չունի, ասեմ, որ երբ Մհեր Խաչատրյանն այդ դատարանի նախագահն էր, ես նրան այդ մասին հայտնել եմ և խորհուրդ եմ տվել, որ այդ բողոքը վերցնի իր վարույթ և, որպես ջենթլմեն, կին դատավորին անհարմար վիճակի մեջ չդնի, բայց ի՞նչ ջենթլմեն, ինչ հարգանք, պատիվ…»:
Ազնիվ խոսք, իրենց փոխարեն ես եմ անհարմար զգում, բայց ի՞նչ արած, պայքարելու եմ մինչև վերջ, առավել ևս, որ ազգանունս խայտառակ անելու մտադրություն ընդհանրապես չունեմ և, ավելին, ես զոռբաներից վախեցող չեմ…
Պարույր Գուլգուլյան
(091) 55-41-96, (093) 55-41-96, (055) 54-41-96