Բաժիններ՝

Ես գիտեմ, որ դու գիտես

Վերջապես: Ապրեցինք ու տեսանք: Տեսանք, թե ինչպես են իշխանությունը ներկայացնող կառույցներն իրար հակասում: Նույնիսկ մեղադրում իրար: Առաջինը սկսեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Սկսեց «Մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը տնտեսությունում»` թրիլեր հիշեցնող իր հրապարակումներով: Մեղադրանքի սեփական փայ-բաժինը ստացան տնտեսությունը կառավարող բոլոր գերատեսչություններն ու գրասենյակները: Ֆինանսատնտեսական նախարարություններից` մինչև հարկային մարմիններ ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարեց, որ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները սեփական բիզնես ունեն: Որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը «Չի վերահսկել ու չի ձեռնարկել իրական և արդյունավետ քայլեր ազատ տնտեսության զարգացման համար»: Որ Էկոնոմիկայի նախարարությունը լիցենզիաների տրամադրման ընթացքում միասնական (ավելի ճիշտ կլիներ ասել՝ նույնական) մոտեցում չի ցուցաբերել: Ու լիքը նման բաներ: Ասեք, որ այս հաշվետվությունների ընթերցումը «Շպիոն Օնոյի» մասին հանրահայտ անեկդոտն է հիշեցնում: Բայց լավ է, որ պետական գերատեսչությունները վիճում են ու իրար մեղադրում:

Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե լուրջ բանավեճեր ծավալվեին: Բայց դրանց բացակայության պարագային հասարակությանը մնում է թուլանալ ու հաճույք ստանալ: Հաճույք ստանալ, օրինակ, Տնտեսական մրցակցության հանձնաժողովի պատասխանից: Այս գրասենյակի ղեկավարը Պաշտպանի հայտարարությունը գնահատեց «Առավել, քան տարօրինակ»: Այն, որ սեփական աշխատանքի քննադատության հետ չէր համաձայնելու, պարզ էր ի սկզբանե:

Կարդացեք նաև

«Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ կան խոշոր տնտեսվարողների համաձայնություններ, որոնց ուղղությամբ հանձնաժողովն աշխատանք չի տանում: Տարօրինակ է այնքանով, որ Պաշտպանը գիտի նման երևույթների մասին ու տեղյակ չի պահում հանձնաժողովին». Սա, ըստ մամուլի, Արտակ Շաբոյանի բառացի զարմանքն է: Զարմանք, որից հստակ պարզ չէ, թե ինչն է ՏՄՊՊՀ ղեկավարը համարում տարօինակ: Այն, որ Պաշտպանը գիտի՞ հակամրցակցային համաձայնությունների մասին, թե՞ այն, որ գիտի, բայց չի հայտնել: Եթե բանավեճերն այս մակարդակում շարունակվեն, կարելի է ենթադրել, որ Պաշտպանի հանդեպ քրեական գործ կհարուցվի:

«Իմանալ-չհայտնելու» հոդվածով: Հնարավոր է, որ այդ պարագային Պաշտպանն ինքը պաշտպանության կարիք ունենա: Այս իրավիճակն ինձ խորհրդային տարիների սիրելի այլ անեկդոտ է հիշեցնում: Անեկդոտ, որը վերապատմել երբեք ավելորդ չեմ համարում. «Խորհրդային տարիներին գիշերը միլիցիոները նկատում է մեկին, ով թուղթ է փակցնում պատին: Փակցնողը միլիցիոների «Ի՞նչ ես փակցնում» հարցին պատասխանում է՝ «Թռուցիկ»: «Սա ի՞նչ թռուցիկ է, թղթի վրա ոչինչ գրված չի»,- զարմանում է միլիցիոները և ստանում հետևյալ պատասխանը` «Ի՞նչ գրեմ, բոլորն էլ ամեն ինչ գիտեն»»:

Ինչ լավ է, չէ՞, երբ ձևացնում ես, որ չգիտես այն, ինչ գիտեն բոլորը: Այսպես պաշտոնավարելն ավելի անվտանգ է: Տեսեք, մի երկու տարի առաջ մեր վարչապետը նկատեց ձկնարդյունաբերության ոլորտը: Նկատեց ու քննարկում կազմակերպեց: Ոլորտին աջակցելու ազնիվ մղումով: Մինչ այդ ձկնարդյունաբերությունն առանց իշխանությունների հոգածության ձևավորվել էր: Ավելին՝ նույնիսկ զարգանում էր:

Քննարկման ընթացքում մեր վարչապետը չմոռացավ խոսել նաև հանրային շահի մասին: Համարյա հուզիչ էր: Ձկնարդյունաբերողները հասկացան, որ հանուն հանրային շահի` իրենց տնտեսությունում ջրաչափեր պիտի տեղադրեն: Տեղադրեն ու վճարեն հանրային ռեսուրս համարվող ջուրն օգտագործելու դիմաց: Այդ պահից արդեն պարզ էր, որ իշխանություններն ու նրանց հարակից գործարարաց դասը նկատել են այս ոլորտի շահութաբերությունը: Տարիներ շարունակ բազմաթիվ մանր ու միջին գործարարներ տնտեսության առանձին մի ճյուղ էին ոտքի կանգնեցրել: Ճյուղ, որ արտահանման լուրջ ծավալներ ուներ:

Թե ինչ կատարվեց ոլորտում` դժվար չէ ենթադրելը: Ինչ մեթոդներով՝ նույնպես: Սա առաջին ոլորտը չէր, որ հայտնվել էր մեր կառավարության ուշադրության կենտրոնում: Հատկապես ՏՄՊՊՀ ղեկավարի պաշտոնական հայտարարությունից հետո: Այս հանձնաժողովն ուսումնասիրել է ձկնամթերքի շուկան ու հայտարարում է` մրցակցությունն այստեղ ևս անցյալ է` «Գրանցվել են երկու գերիշխող դեր գրավողներ` «Յունիֆիշն» ու «Մասիս ձուկը»: Բա կարծում էիք` Պաշտպանը հենց այնպե՞ս է խոսում տնտեսության ոլորտի թերությունների մասին: Այստեղ միշտ ու հաստատապես նկատելի է մեր իշխանությունների ձեռագիրը:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս