«Նարեկացի»-ն այն հոգևոր տունն է, որը տաղանդավոր մարդկանց հնարավորություն է տալիս անվճար ներկայանալ (տեսանյութ)
««Նարեկացի» արվեստի միությունն՝ իբրև կենտրոն, իր դռները բացել է 2004 թվականի սեպտեմբերին, Երևանում: Բայց «Նարեկացի»-ն 2000 թվականից գրանցված է եղել, և Վահան Արծրունու հետ միասին՝ մենք շատ միջոցառումներ ենք կազմակերպել: Դրանից առաջ էլ տարբեր արվեստագետների հետ եմ աշխատել: Իմ կյանքը միշտ էլ արվեստին և մշակույթին ծառայել է եղել: Ես Լիբանանում եմ մեծացել, և ծնողներիս շնորհիվ մեր տուն միշտ արվեստագետներ էին գալիս: 1988 թվականին, երբ փոխադրվեցի ԱՄՆ, հաջորդ տարի Արթուր Մեսչյանին հանդիպեցի, միասին ձայնագրություններ կատարեցինք: Նրա հետ միասին՝ ծանոթացա նաև այլ արվեստագետների հետ: Այնուհետև Մոնրեալում ծանոթացա քանդակագործ Արտո Չաքմաջյանի հետ, ում միջոցով էլ իմ մեջ ծնվեց «Նարեկացի» արվեստի միության գաղափարը,- 168.am-ի հետ զրույցում պատմում է «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանն ու խոստանում է,- Երկար պատմություն է, մի ուրիշ առիթով կպատմեմ»:
– Նարեկ, բավական երկար տարիներ է, Երևանում և Շուշիում գործում է «Նարեկացի» արվեստի միությունը։ Այս տարիների ընթացքում ո՞րն է եղել Ձեր կենտրոնի ամենամեծ ձեռքբերումը։
– Ես առաջին հերթին՝ փառք եմ տալիս Տիրոջը, որ իմ ազգին, արվեստին և մշակույթին ծառայելու ցանկություն է իմ մեջ ծնել։ Երբևիցե չեմ կարող ասել, թե այս կամ այն իրադարձությունն ամենամեծ ձեռքբերումն է։ Տարվա մեջ Երևանում և Շուշիում մենք 300-400 միջոցառում ենք կազմակերպում։ Երբ շփվում ենք երեխաների, հաշմանդամների, արվեստագետների հետ, տեսնում նրանց բոլորի մեջ գոհունակություն, ցոլք, կամ, երբ մարդիկ միջոցառումներից հետո իրենց բավարարված են զգում… այս ամենը հենց ձեռքբերում է։
Անշուշտ, կան յուրահատուկ միջոցառումներ։ Երբ մտածում եմ Շուշիում անցկացրած միջոցառումների մասին, կարծում եմ՝ ամառային ճամբարն էր շատ յուրահատուկ` իբրև ամենամյա միջոցառում; Սփյուռքահայ բանաստեղծ Հայդուկ Շահումյանն իր տիկնոջ հետ ամեն տարի գալիս է, և 1-1.5 ամիս մենք մեր ուժերը միացնելով՝ փորձում ենք ստեղծել այս ճամբարը։ Մոտավորապես 300-400 երեխա ճամբարի շրջանակում թե՛ մտավոր, թե՛ հոգևոր, և թե՛ ֆիզիկապես սնվում է։ Անցած տարի էլ եղավ «Շուշի art project»-ը, որի շրջանակում զանազան արվեստագետներ՝ ԱՄՆ-ից, Երևանից, Արցախից, իրենց ուժերը միացնելով՝ իրականացրեցին այս ծրագիրը։ Մեր ձեռքբերումներից է նաև «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը, որի անդամները, լինելով տարբեր երաժշտական դպրոցներից, համախմբվել են «Նարեկացի»-ում և նվագում են ժողովրդական նվագարաններ` դուդուկ, քամանչա, դհոլ, թառ, և այլն։ Այնքան հետաքրքիր է, երբ նոր սերնդի մեջ տեսնում եք սերը մեր նվագարանների նկատմամբ։ Մեր նվագարանները միջոց են` փոխանցելու մեր հնամյա մեղեդիները։ Տարիների ընթացքում այսպիսի հիանալի միջոցառումներ շատ են եղել։
– «Նարեկացի» արվեստի միությունը բա՞ց է բոլոր տաղանդավոր մարդկանց առջև։
– Այո, մեր դռները բաց են բոլորի առջև։ Անշուշտ, պետք է տաղանդավոր լինեն, բայց եթե նորասկիզբ են, մենք նրանց հնարավորություն ենք տալիս։ Մեր ազգն այնքան տաղանդավոր է, Աստված մեզ շնորհել է տաղանդով։ Եղել է դեպք, երբ երեք տարեկան Նարեկ անունով տաղանդավոր տղայի համար ցուցահանդես ենք կազմակերպել, որովհետև նա չնաշխարհիկ նկարում էր։ Այսինքն` սահմանափակումներ չկան, որովհետև արվեստը սահմանափակումներ չի ճանաչում։ «Նարեկացի»-ն այն հոգևոր տունն է, որը հնարավորություն է տալիս տաղանդավոր մարդկանց՝ անվճար ներկայանալ։ Հենց առաջին օրվանից «Նարեկացի»-ում ամեն ինչ անվճար է։ Սա մի տեսակ պայքար է նյութամոլության, նյութապաշտության դեմ։ Երբ փողը դառնում է գերիշխող, մարդիկ չարանում են և սկսում են ծառայել սատանային, չարին։ Տեսնում ենք, որ վերջին տարիներին մեր երկրում չարությունը շատացել է, սա հենց նյութապաշտության արդյունքն է։ Եթե մենք հոգևորով, մշակույթով սնվենք, չենք չարանա։
– Կարելի՞ է ասել, որ հենց նյութապաշտության պատճառով էլ մեզանում հավատն առ Աստված պակասել է։
– Չար ուժերը շատ են, և հեշտ է նրանցով տարվել։ Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա պետք է ընտրություն կատարի։ Մարդկանց կարելի է բաժանել երկու մասի` նրանք, ովքեր ծառայում են Տիրոջը, և նրանք, ովքեր ծառայում են սատանային։ Երբ չարը շատանում է, տեսնում ենք, որ նրանց մեջ հավատքը, բարությունը, ազնվությունը, հոգևորը պակասել են։ Չարերը շատացել են, այս պատճառով էլ այն մարդիկ, ովքեր ծառայում են Տիրոջը, պետք է աշխատեն, մաքուր, ազնիվ ծառայեն։
– Նարեկ, եթե մի պահ վերանանք Ձեր կենտրոնից, Երևանի մշակութային կյանքն ինչպե՞ս կգնահատեք։
– Դժվարանում եմ խոսել Երևանի մշակութային կյանքի մասին, որովհետև այն շատ ավելին պետք է լինի։ Ախր, մենք այնքան բան ենք ժառանգել, այնքան հարուստ է մեր մշակույթը։ Մենք քաղաքում պետք է յուրահատուկ վայրեր ունենանք, բայց դեռևս, ցավոք, չունենք։ Ամենապարզ օրինակը` խառնիճաղանջ այս մթնոլորտում մարդը ցանկանում է անջատվել, գնալ մի խաղաղ այգի, որտեղ Կոմիտաս է հնչում։
Տարբեր ալիքները` տարբեր ազգերի երաժշտական, նույնիսկ ֆիլմերի ազդեցությամբ, աղավաղում են մեր մաքրությունը, ժառանգը։ Քանի որ ռաբիսն ավելի շատ է փող բերում, այն, ցավոք սրտի, հեռուստատեսությունում գերակշռում է։ Թող այդ ռաբիսություններն էլի լինեն, բայց դրան զուգահեռ՝ թող նույնքան լինեն նաև մեր հոգևոր, աշուղական, ազգագրական ծրագրերը։
– Իսկ մեզանում շարունակվո՞ւմ է արվեստագետին կենդանության օրոք իր սեփական երկրում չգնահատելու խնդիրը։
– Այդ խնդիրը միանշանակ կա և շատ լուրջ է։ Մենք շատ լավ գիտենք, որ վերջին տարիներին ինչքան հայրենակիցների ենք կորցրել և շարունակում ենք կորցնել, քանի որ երկրի պայմանները չեն բարելավվում։ Նույն խնդիրն ունի նաև տաղանդավոր մարդը, արվեստագետը, քանի որ նա այստեղ իր տաղանդով չի կարողանում իր ապրուստն ապահովել։ Այս խնդիրը մենք շատ քաջ գիտակցում ենք, բայց, ցավոք սրտի, «Նարեկացի»-ն իր փոքրիկ կենտրոնում այս խնդրին չի կարողացել լուծում տալ, որովհետև մեզ մոտ ոչինչ չի վաճառվում։ Իհարկե, լինում են ցուցահանդեսներ, և մենք` որպես նվեր, արվեստագետներին տալիս ենք կայքէջեր, ձայնագրություններ, և այլն։
Քանի որ շատ տաղանդներ ենք կորցնում, և, քանի որ նրանք շատ ավելի են Սփյուռքում գնահատվում, այս տարի որոշել ենք համագործակցել «Մելոս» կազմակերպության հետ և հունիսի 15-22-ին կազմակերպելու ենք «Նարեկացի» ամենամյա արվեստների փառատոն։ Յուրաքանչյուր օր հնչելու են տարբեր երաժշտական ոճեր` ազգագրական, ժամանակակից, ջազ, և այլն, միաժամանակ կազմակերպվելու են ցուցահանդեսներ։ «Նարեկացի»-ն կազմակերպչական հարցերն է լուծելու, իսկ «Մելոսը» զբաղվելու է հարկային, իրավաբանական հարցերով։ Ամբողջ նպատակն այն է, որ, բոլոր ծախսերը հանած, վերջում ինչքան գումար մնա՝ հատկացվելու է արվեստագետներին։ Սա առաջին քայլն է, հուսով ենք՝ հաջողությամբ կպսակվի, և կաջակցենք արվեստագետներին։ Պետական մարմինների աջակցության մասին չեմ խոսում, քանի որ այն այսօր չկա, նույնիսկ նրանք խանգարում են, չես էլ հասկանում` ինչո՞ւ։
– Հայաստանում գործ ձեռնարկելը, թեկուզ՝ հենց մշակութային, դժվա՞ր է։
– Կյանքում ոչ մի գեղեցիկ բան հեշտ չի ծնվում։ Եթե մեջդ ցանկություն է ծնվել, պետք է լինի նաև հավատ, կամք, անշուշտ` ռեսուրսներ։ «Նարեկացի» արվեստի միության առաքելությունը երբևիցե հեշտ չի եղել, բայց եղել է շատ արդյունավետ։ Բախտ եմ ունեցել, որ հայրս, մեծ եղբայրս եղել են հաջող բիզնեսմեններ և ինձ օգնել են։ Նարեկացին ընտանեկան առաքելություն է։ Ես չեմ ամաչում ասել, որ ֆինանսական առումով շատ դժվար է, բայց ես իրավունք չունեմ չշարունակել այս գործը։ Քո ազգին, մշակույթին ծառայելը նշանակում է՝ զոհողություններ անել։
– Երբեմն զոհողություններ անելը ենթադրում է, որ ազգը երախտապարտ կլինի…
– Ոչ, երբևիցե։ Իմ ծնողներն ինձ ասել են՝ եթե կարողանում ես մի լավ բան անել, դրա մասին երբեք մի՛ խոսիր, ոչինչ մի՛ ակնկալիր։ Պետք է առաջնորդվել ազնվությամբ։ Սիրուն է, երբ լինում են գնահատականներ, պարգևատրություններ, բայց չպետք է աշխատել` ունենալով պարգևատրությունների հեռանկարներ։ Ամենամեծ պարգևատրումն ինձ համար երեխայի ժպիտն է, պապիկների, տատիկների օրհնանքը…