Հայոց պատմության դաս
Հայաստանյան քաղաքական կյանքն ապրում է իր վերելքների օրացուցային վերջին ամիսները։ Մայիսին տեղի կունենան Երևանի ավագանու (քաղաքապետի) ընտրությունները, ինչից հետո մենք, մեծ հաշվով, կունենանք չորս տարվա դադար` մինչև հաջորդ խորհրդարանական ընտրւթյունները։ Արդյոք այդ տարիները հանգիստ կանցնե՞ն։ Հիմա դժվար է ասել։ Եթե քաղաքական վերլուծաբան լինեի` այդ կապակցությամբ մի բան կասեի, ու կարևոր չի` ինչ: Մեկ է, հետո հետին թվով ասվածը ստուգող չի լինելու։ Բայց քանի որ քաղաքագետ չեմ, հանգիստ խղճով կարող եմ ասել, որ այդ հարցին դժվարանում եմ պատասխանել։ Մի պարզ պատճառով: Հայաստանում բոլորը համոզված են, որ միշտ ամեն ինչ պարզ է, և, որ բոլորն իրենց տեղերում արդեն հարմարվել են։ Սակայն, երբ հայացք ես նետում անկախության անցած տարիներին, հասկանում ես, որ մեզ մոտ անընդհատ անկայուն քաղաքական իրավիճակ է` ընդհանուր կայունության և թվացյալ հստակության մեջ։
Ընտրություններն, իհարկե, այս ամենի մեջ սեղմ ժամանակահատվածում լրացուցիչ քաոսի գործոն են մտցնում։ Փորձենք հիշել. բավական էր մեյդան գային հայ-թուրքական արձանագրությունները, որոնք բավական արագ էլ, այսպես ասած` «զոհվեցին», որպեսզի Դաշնակցությունն իշխանությունից վերափոխվեր ընդդիմության։ Հիմա ո՞վ է հիշում, որ ընդամենը վերջերս դաշնակներն իշխանության մաս էին։ Կամ` հանրապետականները. նրանք բոլորն իրենց մասին այնպես են խոսում, կարծես արդեն մի քանի դար իշխում են։ Կարծում եմ` հանրապետականների մոտ ևս նման տպավորություն է, քանի որ բյուրոկրատացման, կուսակցականացման, երիտչինովնիկների քանակով, էնտրոպիայի ազդեցության առումով իրենք իսկապես մի քանի տասնամյակի պատմություն ունեցող իշխող կուսակցության են նմանվել։ Բայց փորձենք մի պահ մեր իրականությանը նայել 1996 թվականին ապրող հայաստանցու աչքերով։ Այն ժամանակ էլ մարդկանց թվում էր, թե
ՀՀՇ-ն արդեն մի քանի դար իշխում է, և այլևս պրծում չի լինելու։ Անցան տարիներ, Լևոնը կրկին վերադարձավ և ընդհանրապես փակեց ՀՀՇ-ն։ Մարդ արդեն ափսոսում էլ է, որ ՀՀՇ այլևս չկա, նույնիսկ մի տեսակ վատ զգացինք։ Իսկ 1996 թվականին, եթե որևէ մեկին նման բան ասեին` միանշանակ չէր հավատա։ Բա հիշո՞ւմ եք, որ բոլորը «Երկրապահ» էին մտնումգ ո՞վ` ումի՞ց շուտ կհասցնի։
Մեր խնդիրը նրանում է, որ, նախ` մենք ամեն ինչ դիտարկում ենք պատմական տեսանկյունից։ Արևմտյան կոնֆլիկտաբանները և քաղաքական գործիչները, որոնք վախենում են Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց, հաճախ սկսում են մեզ խրատել, որ մենք շատ ենք տրվում պատմությանը, հիշողություններին, որ պետք է նայել առաջ, և, որ հերիք է ապրել անցյալով։ Համաձայնեք, որ նման խոսքեր հաճախ ենք լսում, և նման դեպքերում շատ հաճախ ցանկություն է առաջանում մի երկու քաղցր խոսք ասել այդ մոխրագույն կոստյումով անձանց։
Մյուս կողմից` մենք իսկապես սիրում ենք անցյալը։ Միշտ հիշում ենք մեր մեծերին, և հաճախ դա մեր միակ մխիթարանքն է։ Մենք առայսօր չենք մոռանում հռոմեացի կայսրերի կողմից մեզ հասցված վիրավորանքները։ Շատ չերկարացնեմ, ինձ թվում է, որ միտքը հասկանալի է և հաճախ քննարկվող։
Սակայն այսպես մենք Հայաստանը մեր մեջ ընկալում ենք ոչ թե` որպես Հայաստանի Հանրապետություն, այլ որպես մի ոգեղեն, դիցաբանական պատկեր, որը դարեդար գոյատևում է` վերաձևակերպվելով, փոփոխվելով, բայցև միևնույն ժամանակ` մնալով անփոփոխ։
Իսկ ինչպե՞ս ենք մենք ընկալում Հայաստանն այսօր, ներկայիս հայաստանյան դրությունը։ Ա՛յ, այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը. ներկա օրերը մենք բացարձակ ունակ չենք ընկալել նույն` պատմական հայացքով։ Մենք այնքան ենք թաթախված մեր առօրյայի մեջ, մերօրյա քաղաքականությունն այնքան առօրեական է, որ մեր մտքով նույնիսկ չի էլ անցնում, որ այսօր, այս պահին տեղի ունեցող գործընթացները ևս հայոց պատմության մի մասն են կազմում։
Մենք այնքան ենք կառչած պահից, այնքան կլանված ենք տեղի ունեցող, նույնիսկ ուշադրության անարժան իրադարձություններով, որ հաճախ չենք կարողանում պատկերացնել, որ այդ ամենն անցողիկ է, և, որ այդ պահն ընդամենը մի փոքրիկ անդրադարձ է ամբողջ պատմության էջերի մեջ։ Եվ ավելին, չպետք է մոռանանք, որ մենք միայն ներկան և ապագան չենք կերտում, այլ հիմա, հենց այս պահին գրում ենք հայոց պատմության գիրքը։
Այն, որ մեզ այսօր դավաճանում է պատմական մտածողությունը` ունի իր վտանգները։ Պատմականությունն իր մեջ կրում է նաև ուրիշների և սեփական փորձի վերապրումը, սեփական և ուրիշների սխալների վերաիմաստավորումը։ Ընդհանրապես, պատմական հայացքը թույլ է տալիս իրադարձությունները դիտարկել «վերևից», այսինքն` ավելի ընդհանուր, բարձր պլանից` վերանալով մանրուքներից։ Պահից կառչելու հատկությունը շատ հաճախ կարող է նաև հիասթափեցնել, թևաթափ անել։
Այս օրն էլ հեշտ օր չէ։ Բայց սա մեր պատմության մի մասն է։ Իսկ պատմությունն անընդհատ շարժվում է առաջ։ Լավ կլինի, որ «սառած» չկանգնենք ու քթի տակ չմրթմրթանք. «Կա՛նգ առ, ակնթարթ, դու շատ տխուր ես»։