Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորման պատուհանը չի կարող անվերջ բաց մնալ. Ջոն Քերի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում հանդիպել է այդ երկրի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆեյսալի հետ:
Հանդիպման արդյունքներով՝ Քերին հայտարարել է, որ Իրանն իրավունք ունի ունենալ «անվտանգ միջուկային պոտենցիալ», սակայն դրա համար կան որոշակի չափորոշիչներ. «Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորման համար հնարավորությունների պատուհանը, ըստ էության, չի կարող անվերջ բաց մնալ:
Դեռ ժամանակ կա տվյալ խնդրի լուծման համար, եթե իրանցիները ցանկանում են դրան մոտենալ լրջորեն: Սակայն դա սահմանափակ է: Բանակցությունները չեն շարունակվի հանուն շարունակության, և անկարելի է, որ դրանք վերածվեն ձգձգման գործիքի, ինչը կհանգեցնի էլ ավելի վտանգավոր իրավիճակի: Մենք լի ենք վճռականությամբ՝ Իրանին միջուկային զենք ստանալու հնարավորություն չընձեռելու համար:
Տարածաշրջանում միջուկային սպառազինության մրցավազքը կարող է ծայրահեղական ուժերին դրդել ստեղծել «կեղտոտ ռումբ»: Թեհրանին կոչ եմ անում հավատարիմ մնալ ԱԷՄԳ-ի առաջարկած պայմաններին: Վաշինգտոնն ու Էր-Ռիադը պայմանավորվել են ընթանալ Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական ճանապարհով»:
Նշվում է, որ Ջոն Քերին Սաուդյան Արաբիայից մեկնելու է ԱՄԷ, ապա՝ Կատար: