
Բաքուն Ղարաբաղի հարցում Անկարայից սպասում է շատ ավելին, քան պարզապես աջակցելն է. Today’s Zaman

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրքական Sunday’s Zaman թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ադրբեջանը շուրջ երկու տասնամյակ Լեռնային Ղարաբաղում պահպանվող ստատուս-քվոյի փոփոխության հարցում, Թուրքիայից ակնկալում է շատ ավելին, քան պարզապես աջակցությունն է: Հայաստանը կարող է (Ղարաբաղյան բանակցային գործընթացում) կառուցողական դիրքորոշում որդեգրել, եթե գիտակցի, որ Թուրքիան տարածաշրջանում մշտապես աջակցելու է Ադրբեջանին:
Թուրքիան ամեն ինչ անում է ստատուս-քվոն դրական ուղղությամբ փոխելու համար, սակայն այն մեթոդները, որոնց նա դիմում է, դանդաղեցնում են Ղարաբաղյան բանակցային գործընթացի ընթացքը: Ղարաբաղյան բանակցային գործընթացն անհամատեղելի է հայ-թուրքական մերձեցման հետ, քանի որ Հայաստանը (Թուրքիայի հետ) պնդում է առանց նախապայմանների բանակցությունների շուրջ: Ի՞նչ նախապայմանի մասին է խոսքը: Իհարկե, Լեռնային Ղարաբաղի»:
Թուրքական Anadolu լրատվական գործակալությունն իր հերթին մեջբերում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովի խոսքերը. «Հայաստանի հանդեպ Թուրքիայի յուրաքանչյուր դրական ժեստ բացասաբար է անդրադառնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Մենք շարունակում ենք ամրապնդել մեր բանակն ու տնտեսությունը: Եթե պահպանվի ստատուս-քվոն, ապա Հայաստանի դեմ պատերազմն անխուսափելի է»: