Րաֆֆի Հովհաննիսյանը պարապությունի՞ց է հանրահավաք անում

«Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարապ է մնացել, դրա համար է միտինգ անում, որովհետև քաղաքական այլ զբաղմունք ինքը չի ունենա: Վստահ եմ, եթե ինքը լիներ ԱԺ-ում, թեկուզ հասարակ անդամ, միգուցե իր խոսքը դրսևորվեր այնտեղ: Բայց այսօր այդ մարդը, հազար ներողություն, պարապ է մնացել, միտինգ է անում, որպեսզի քաղաքական իր դրսրևորումները ռեալիզացնի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Լրագրողների այդ դիտարումը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատ ուներ, սակայն հրաժարվեց դրանից, Հ. Սահակյանն անպատասխան թողեց: Նա հավելեց, թե իր ասածը վերաբերում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ հանրահավաքի եկող մարդիկ  ոչ թե պարապ են, այլ երկրի սոցիալական իրավիճակից են դժգոհ: «Դժգոհ մարդիկ , ովքեր խոսք ունեն ասելու, լսելու,  փոփոխության ակնակալիք ունեն, էնտեղ են, ո՞վ է բացառում դա»,- նշեց ԱԺ պատգամավորը: Հ. Սահակյանն անլուրջ համարեց Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը, որով վերջինս Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում:

Ինչ վերաբերում է Ր. Հովհաննիսյանի մյուս պահանջին, որով առաջարկվում է նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գալ Ազատության հրապարակ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե գուցե այս անգամ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի: «Միգուցե ինքը փոշմանի և գնա հանդիպի և Տարոն Մարգարյանին, և վարչապետին, և նախագահին, և փորձի ինչ-որ ելք գտնի իրեն այս վիճակից հանելու առումով, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է մի ճանապարհով, որտեղ կոնկրետություն, քայլերի  հստակ հաջորդականություն, ծրագիր չկա»,- հայտարարեց ԱԺ  ՀՀԿ խմբակցության քարտուղարը: Նրա կարծիքով, այն քայլերը, որոնք առաջարկում է Րաֆֆի Հովհաննիսյանը երկրում քաոս ստեղծելու լավագույն նախադրյալներն են: Մասնավորապես, անդրադառնալով Ազգային ժողովը լուծարելու պահանջին` Հովհանես Սահակյանն ասաց, թե իրավական տեխնիկա գոյություն չունի ԱԺ-ն արձակելու համար: Ինչ վերաբերում է  սահմանադրական բարեփոխումներին, ՀՀԿ-ն ոչ միայն կողմ է, այլ  իրենք էլ են տեսնում դրա անհրաժեշտությունը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս