«Ո՞վ իրավունք ունի նորից կրկնել Մարտի մեկը»
Երեկ, 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հնգամյա տարելիցի կապակցությամբ, զոհված 10 քաղաքացիների հիշատակին Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ, որին մասնակցում էին Մարտի 1-ի զոհերի ծնողները և հարազատները:
Բնականաբար, պատարագին ներկա էին նաև մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում, առաջին հերթին, 2008թ. գլխավոր ընդդիմադիր ուժի` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները` Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը և այլք: Առավել հետաքրքրական էր, որ Սբ. Սարգիս եկավ նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով եկեղեցում մոմ վառեց` հանգուցյալների հոգիների հանգստության համար, իսկ այնուհետև` ՀԱԿ ներկայացուցիչների հետ միասին, մասնակցեց պատարագին: Պատարագից հետո` ՀԱԿ-ը Սբ. Սարգիս եկեղեցուց կազմակերպեց երթ` դեպի Ալ. Մյասնիկյանի հուշարձան, որի շրջակայքում էլ 5 տարի առաջ տեղի էին ունեցել ողբերգական դեպքերը: Այստեղ երթի հարյուրավոր մասնակիցները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակին: Բնականաբար, նշված քաղաքական գործիչների մեծամասնությունը հիշեց Մարտի 1-ի դեպքերը` անդրադառնալով դրանց բացահայտման խնդրին և քաղաքական նշանակությանը:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մարտի մեկի բացահայտման հարցն օրինականության հարց է: Փաշինյանը, ով, որպես ընդդիմադիր գործիչ, 2008թ. փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած հետընտրական իրադարձությունների ակտիվ մասնակիցներից էր, ասաց, որ պետք է խոսել Մարտի 1-ի ամբողջական բացահայտման և կոնկրետ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին, ինչը, ըստ նրա, տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Հայաստանում կհաստատվի ժողովրդի իշխանություն:
«Բայց կարող ենք մի բան հստակ արձանագրել, որ Մարտի մեկի սպանությունների բացահայտման հարցը երբեք չի կարող դուրս գալ Հայաստանի ժողովրդի օրակարգից, քանի դեռ բոլոր մեղավորները, առանց բացառության, չեն կանգնել դատարանի առջև` օրենքով սահմանված կարգով»,- ավելացրել է նա:
Լրագրողները Նիկոլ Փաշինյանից խնդրեցին նաև մեկնաբանել այն տեսակետը, որ Մարտի 1-ի դեպքերը մշտապես կապվում են ՀՀ երեք նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անունների հետ: Ի պատասխան` Ն. Փաշինյանն ասել է, որ իր համար հասկանալի չէ «երեք նախագահ» արտահայտությունը: «Ձեր նշած վերջին երկու անուններով նախագահ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցելգ Ինձ համար Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան անուններով նախագահ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, խոսելով Մարտի 1-ի դեպքերի բացահայտման մասին` ասել է, որ պայքարը բացահայտման համար դեռևս շարունակվում է:
«Եվ կշարունակվի մինչև վերջ, որ ամեն ինչ պարզվի, որ ՀՀ քաղաքացին իրեն ՀՀ քաղաքացի զգա»,- նշել է նա:
Սասուն Միքայելյանը խոսել է նաև այսօր ծավալվող հետընտրական զարգացումների և ընդդիմության պայքարի մասին` նշելով, որ այդ պայքարը մի օր անպայման հաջողություն ունենալու է: «Երբեք չպետք է դադարեցնենք պայքարը, իշխանությանը գցելու բոլոր միջոցներն արդարացված են: Ես միշտ ժողովրդի հետ եմ, ես միացած եմ, նշանակություն չունի` ով է առաջնորդում, կարևորն այն է, որ ժողովուրդն իր արդարացի պայքարը տանում է, բնական է` մի օր արդյունք կտա, երբե՛ք թող չհուսահատվի ժողովուրդը»,- ասել է նա:
Մարտի 1-ից 5 տարի անց, Հայաստանում կրկին տեղի են ունենում հետընտրական իրադարձություններ, այնպես, ինչպես 2008թ. նախագահական ընտրություններից հետո: «168 Ժամի» հարցին, թե որքանո՞վ է Ս.Միքայելյանը հնարավոր համարում Մարտի 1-ի կրկնությունը, վերջինս պատասխանել է. «Ո՞վ իրավունք ունի նորից կրկնել Մարտի մեկը, դրա համար ժողովուրդը երբեք չի մոռանա: Եվ փառք ու պատիվ էդ տղերքին, ովքեր նահատակվեցին, իրենց ազատության, ազատ խոսքի համար նահատակ դարձան, գնացին դեպի հավերժություն. նրանց հոգիները միացան Անդրանիկին, Արաբոյին, Կոմիտասին, և մի օր թեկուզ այս հրապարակում կկառուցվի հուշարձան իրենց հիշատակին»: Ըստ Ս. Միքայելյանի` Մարտի 1-ի զոհերն ազատության մարտիկներ էին. «Անկասկած, նրանք ազատության մարտիկներ էին, և ազատության համար էլ հենց Երևանի սրտում խփվեցին»: Հայ ազգային կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ` Արամ Մանուկյանն, այդ կապակցությամբ «168 ժամի» հետ զրույցում ասել է. «Ոչ լեգիտիմ, հանցագործության, կրիմինալի հետ ախպերություն անող իշխանությունն ամեն ինչի ընդունակ է: Երկիրն ապահովագրված է, երկիրը կանխատեսելի է, երբ իշխանությունը ժողովրդի կողմից է ընտրված: Մենք ունենք այսօր այդ խնդիրը, և հետագա հանցագործությունների, արտագաղթի, նման դեպքերի կանխումը միայն արդար, ընտրված իշխանության միջոցով կարող է երաշխավորվել»:
Արամ Մանուկյանը նշել է, որ իրենց ձգտումը հենց դա է` ունենալ կանխատեսելի, արդար իշխանություն: Ըստ Արամ Մանուկյանի` Հայաստանում բոլոր խնդիրները կապված են արդար իշխանության ընտրության հետ. «Մարտի 1-ի դեպքերի բացահայտումն էլ չի լինելու այնքան ժամանակ, մինչև արդար, ընտրովի իշխանություն չլինի: Կեղծիքով ընտրված, կեղծիքով նշանակված, «զոռբայությամբ» աթոռները գրաված մարդկանցով ոչ մի արդար խնդիր Հայաստանում երբեք չի՛ լուծվելու»: Վերջինիս կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիներն այսօր երկիրն ավելի շատ լքում են անապահովության զգացումից, քան թե սոցիալական խնդիրների պատճառով: