Բաժիններ՝

Հովհաննես Վահանյան. քիմիկոսն ու օսմանյան պետական գործիչը

Հայ կյանքի հանրագիտարան

19-րդ դարում Օսմանյան կայսրության մայրաքաղաքը` Կ.Պոլիսը, եղել է հայկական քաղաքային, հոգևոր ու նյութական մշակույթի ամենաաչքի ընկնող կենտրոններից մեկը, որտեղ ապրել ու ստեղծագործել են հայ իրականության երևելի գործիչներ, արհեստների ու արվեստների վարպետներ: Լինելով հայկական միջավայրի մի մասնիկը, հայերը, միևնույն ժամանակ, իրենց համարել են Օսմանյան կայսրության անդամը, նշանակալից դեր խաղացել Օսմանյան կայսրության կյանքում, ծառայել նրան` որպես հայրենիքի: Հայերը բացառիկ մեծ ներդրում են ունեցել կայսրության գրեթե բոլոր գործառույթներում` պալատական, վարչական, դիվանագիտական, դատական, զինվորական, բանկային, արդյունաբերական, նաև` ճարտարապետության, լուսանկարչության, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի, կիրառական արվեստների ու սպորտի մեջ: Ցավոք, նմանօրինակ հայ գործիչներից բոլորի մասին չէ, որ մենք գիտենք: Նրանցից շատերի մասին միայն քչերին կամ էլ ուսումնասիրողներին է առավելապես հայտնի: Այդօրինակ լուսավոր մարդկանցից մեկն էլ Հովհաննես Վահանյանն է` Վահան էֆենդին (1832-1891):
Ծնվել է Պոլսի Օրթագյուղ թաղամասում, որտեղ ապրել ու ստեղծագործել են նաև Հակոբ Պարոնյանը, արքունի ճարտարապետ Հակոբ Պալյանը և ուրիշներ: Վահանյան նշանավոր գերդաստանը Կ.Պոլսում հայտնվել էր Կեսարիա քաղաքից: Սարգիս Վահանյանի և Նազլը Վահանի ընտանիքում, Հովհաննեսից բացի, ծնվեց նրանց դուստրը` ապագա նշանավոր վիպասանուհի Սրբուհի Վահանյանը, ով հետագայում ֆրանսիացի ամուսնու ազգանունը կրելով` հայտնի է Սրբուհի Տյուսաբ անունով:
1842-ին, երբ Հովհաննեսն ընդամենը տասը տարեկան էր, մահացավ հայրը: Հովհաննեսի և ու քրոջ խնամքն անցավ մորը, ով կրթյալ կին էր, տիրապետում էր ֆրանսերենին ու հունարենին: Բարեբախտաբար, Սարգիս Վահանյանը մեծ հարստություն էր թողել, այնպես որ, Կ.Պոլսում նախնական կրթություն ստանալուց հետո Հովհաննեսը հնարավորություն ունեցավ 1848-ին մեկնել Փարիզ, որտեղ էլ ստացավ քիմիկոսի մասնագիտություն: Կ.Պոլիս վերադառնալուց ընդամենը մեկ տարի անց, 1853-ին, Հովհաննես Վահանյանը, ընդամենը 21 տարեկանում, Կ.Պոլսում աշխարհաբար արևմտահայերենով հրատարակում է 395 էջանոց «Սկզբունք քիմիական գիտութեան» գիրքը, որտեղ արծարծվել են ընդհանուր և անօրգանական քիմիայի հարցեր, տրվել են նկարագրված փորձերի, սարքավորումների գծագրեր: Թվում էր, թե դա եվրոպական չափորոշիչներով քիմիայի մասին գրված մի սովորական ու հերթական հետազոտություն է: Սակայն Հովհաննես Վահանյանի այդ գիրքը, ըստ էության, հայ իրականության մեջ քիմիայի առաջին դասագիրքն է:
Գրքի առաջաբանում հեղինակն անդրադարձել է իր համար մի շատ կարևոր խնդրի: Նա նշում է, որ թեև հայ իրականության մեջ գիտության տարբեր ոլորտների վերաբերյալ գրքեր գրվել են, սակայն քիմիային նվիրված առանձին աշխատանք դեռ չի հրատարակվել: Հենց դա է պատճառը, որ երիտասարդ քիմիկոսը ստանձնել է այդ բարդ, միևնույն ժամանակ` շնորհակալ գործը: Մեր ուշադրությունը գրավեց ևս մի հետաքրքիր փաստ: 1853թ. հեղինակն օգտագործում է «քիմիա» եզրն` այն դեպքում, երբ թե՛ իր և թե՛ իրենից հետո շատուշատ հայ հեղինակներ «քիմիա» բառի փոխարեն` կիրառում էին, մեր կարծիքով` ոչ ճիշտ ընտրված «տարրաբանություն», «բնալուծություն» և այլ եզրեր: Նշենք նաև, որ քիմիայի ոլորտում Հովհաննես Վահանյանի ամենածանրակշիռ ներդրումներից մեկն էլ կապված է քիմիական շատուշատ գիտական տերմիններ հայերեն տարբերակներով գիտական շրջանառության մեջ դնելու փաստի հետ: Սակայն կանխատեսելով դեռևս նորաստեղծ տերմինների ընկալման հնարավոր դժվարությունները, հեղինակը գրքի վերջում զետեղել է օգտագործած տերմինների հայերեն-ֆրանսերեն փոքրածավալ մի բառարան:
Նշենք նաև, որ բնագիտությանը և մասնավորապես քիմիային նվիրված բոլոր հայատառ գրքերը մինչև 20-րդ դարի 30-ական թվականները լույս են տեսել Հայաստանի սահմաններից դուրս, առավելապես` Մխիթարյանների տպարաններում: Պատճառները մեկնաբանության կարիք չունեն:
Թվում էր, որ առաջին քայլերում հաջողության հասած երիտասարդը պետք է շարունակի իր գործը քիմիայի բնագավառում, որի մեջ նորարար էր: Սակայն ճակատագիրը Հովհաննեսի համար միանգամայն այլ ուղի էր նախանշել: 1860-ականներից Հովհաննես Վահանյանը ներագրավվում է Օսմանյան պետական գործունեության մեջ` զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ` հիմնականում արդարադատության, կրթության և առևտրի ոլորտներում: Հովհաննես բեյը երկար տարիներ Օսմանյան կառավարության կազմում Դատական նախարարության խորհրդական էր: 1860 թվականին նշանակվել է նորակազմ Առևտրական դատարանի անդամ, իսկ չորս տարի անց դարձել Առևտրական դատարանի նախագահ: 1868-ին նշանակվել է Առևտրի փոխնախարար, իսկ 1869-1871-ին ընտրվել է Արդարադատության նախարարության անդամ: 1871-ին Օսմանյան կայսրության կրթության նախարարի խորհրդականն էր: 1872-1873-ին ստանձնել է Կ.Պոլսի Ղալաթա Սարայի լիցեյի տնօրենի պարտականությունը: 1873-ին վերստանձնել է Արդարադատության նախարարության անդամակցությունը: 1875-ին ընտրվել է Դատական խորհրդի ցմահ անդամ` միաժամանակ լինելով դատական նախարարի խորհրդական: Օսմանյան կայսրությունում դատական օրենքների կատարելագործման նպատակով գործուղվել է Եվրոպա: 1877-ին վերադառնալով` երկու ամսով փոխարինել է դատական նախարար Ասըմ փաշային:
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Վահանյանն այդքան հաճախակի տեղափոխվել մի նախարարությունից կամ գերատեսչությունից մյուսը: Այս իրողությունը կապված է եղել միմիայն հայ պետական գործիչների մասնագիտական կարողություններն առավելագույնս օգտագործելու և Օսմանյան պետական համակարգն արդիականացնելու փաստի հետ: Հատկանշական է, որ Օսմանյան կայսրության նախարարությունների և վարչական այլ մարմինների աշխատակազմերում, նաև որպես խորհրդականներ, հայերը մեծ թիվ են կազմել, և շատ դեպքերում, մնալով աննկատ, հսկայածավալ գործ են կատարել, ավելին, քան նախարարները: Պատահական չէ, որ Օսմանյան կառավարիչները կայսրության պետական պաշտոնյաների ընտրության ժամանակ կարևորել են էթնիկ ու կրոնական գործոնը` լայնորեն օգտագործելով հայկական ռեսուրսը:
Լինելով Օսմանյան պետական գործիչ, Հովհաննես Վահանյանը միևնույն ժամանակ ակտիվորեն մասնակցել է պոլսահայ համայնքի ազգային կյանքին: Հայտնի է նաև, որ Հովհաննեսը մոր հորդորով տնային պայմաններում ֆրանսերեն և բնական գիտություններ է դասավանդել քրոջը` Սրբուհի Տյուսաբին:
Խորհրդային Հայաստանում առաջին անգամ Հովհաննես Վահանյանի մասին հիշատակել է Ալբերտ Շարուրյանը «Սրբուհի Տյուսաբ» մենագրության էջերում, որը հրատարակվել է Երևանում, 1963 թվականին: 1992-ին Երևանում մեր կողմից լույս տեսած «19-րդ դարի քիմիան հայ բնագետների աշխատություններում» մենագրության մեջ 16 էջ նվիրված է Հովհաննես Վահանյանի «Սկզբունք քիմիական գիտութեան» դասագրքին:
Այսօր Կ.Պոլում (Ստամբուլ) երբեմնի հայկական կյանքն ու մշակույթն այլևս պատմություն են: Այստեղ չեն սիրում խոսել հայկական իրողությունների, Օսմանյան կայսրության մեջ հայերի ունեցած դերակատարության մասին: Սակայն Հովհաննես Վահանյանի` քիմիային վերաբերող աշխատանքն այլևս գիտության պատմության սեփականությունն է, այն ուղեցույցը, որն առաջնորդեց հետագայի շատուշատ ուսումնասիրողների:

ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս