Դասադուլի ակցիան՝ Երևանի բուհերում (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մի շարք ուսանողներ երեկվանից անժամկետ դասադուլ էին հայտարարել: Այսօր նրանք վաղ առավոտից հավաքվել էին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, որտեղից սկսեցին իրենց ակցիան:
Այցելելով մի շարք բուհեր՝ դասադուլ հայտարարած ուսանողները կոչ էին անում մյուս ուսանողներին՝ միանալ իրենց նախաձեռնությանը: «Մեր պահանջն է՝ չեղյալ համարել ընտրությունների արդյունքը և նշանակել նոր ընտրություններ»,- ասում էին ակցիայի մասնակիցները:
Մի շարք բուհերից նրանց ընդառաջ եկան Ուսանողական խորհուրդների նախագահները և կոչ արեցին «չխանգարել դասապրոցեսը»: Նշեք, որ մի քանի համալսարանների դռները պարզապես փակել էին, և ուսանողները չէին կարողանում միանալ ակտիվիստներին:
Շրջելով ՀՀ մի շարք բուհերով (ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ, Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Թատրոնի և կինոյի պետական համալսարան), ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
«Կան բազմաթիվ ուսանողներ, ովքեր մտահոգություն հայտնեցին իրենց հասցեին հնչած սպառնալիքների մասին, որ զանգահարել են իրենց, զգուշացրել, որ եթե ակտիվություն ցուցաբերեն, ապա համալսարանից իրենց կհեռացնեն: Կրկին հիշեցնում եմ, որ դասադուլը Սահմանադրությամբ թույլատրելի միջոց է՝ արտահայտելու ուսանողի բողոքը: Ցանկացած տեսակի բողոք կարելի է արտահայտել դասադուլի միջոցով: Ոչ ոք իրավունք չունի մեզ սպառնալ: Սադրանքների մի՛ ենթարկվեք: Համալսարանը բանտ չէ»,- ասում էին ակցիայի ակտիվիստները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: