Բաժիններ՝

Դասադուլի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ

Դասադուլ հայտարարած ուսանողները Հայաստանի հիմնը երգելով՝ հասան Երևանի պետական բժշկական համալսարան։ Նրանք կոչ արեցին համալսարանի ուսանողներին միանալ իրենց։ «Մեր երկիրը մեզ չի հարգում։ Երեկ ձեզ սպառնացել են, բանտարկել ձեր իսկ համալսարանում։ Նրանք դրա իրավունքը չունեն»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Բժշկական համալսարանի ուսանողներից մի քանիսը միացան ակտիվիստներին։ Նրանցից մեկը հանդես եկավ կոչով. «Հորդորում ենք ձեզ չվախենալ։ Համալսարանի դռները բաց են, միացեք մեզ։ Եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում մեզ միանալ՝ միացեք դասերի ավարտից հետո»։

Որոշ ժամանակ անց ուսանողներն այցելեցին նաև Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ, որի դռները փակ էին։ «Մենք երեկ տասնյակ ահազանգեր ենք ստացել, որ մի շարք ուսանողներ ցանկանում են միանալ մեզ։ Նրանք նույն քաջությամբ պատրաստ են այսօր մեզ միանալ։ Խնդրում ենք դռները բացել։ Դուք պետք է տեր կանգնեք մեր երկրին։ Միացեք մեր ակցիային և «ոչ» ասեք կեղծիքներին»,- դիմելով ուսանողներին՝ ասում էր մասնակիցներից մեկը։ Նրանք կրկին հիշեցրին, որ իրենք ոչ մի հակասահմանադրական քայլ չեն անում։ Քոլեջի դռները փակ են։ «Ուշադրություն դարձրեք, որ դռները փակել է Ոստիկանությունը, ում աշխատավարձը տալիս եք դուք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակտիվիստները շարժվեցին դեպի Երևանի պետական գեղարվեստի ակադեմիա, որտեղ, ըստ ուսանողների և աշխատակիցների՝ պետական քննություն էր տեղի ունենում։ Դասադուլի ակցիայի կազմակերպիչները որոշեցին չխանգարել Գեղարվեստական ակադեմիայի ուսանողներին և քայլքով շարժվեցին դեպի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան՝ բոլորին կոչ անելով միանալ իրենց նախաձեռնությանը:

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ուսխորհրդի անդամները և մի քանի ուսանողներ դիմավորեցին ակցիայի մասնակիցներին՝ «Եկել եք այստեղ, որ ի՞նչ անեք» արտահայտությամբ։ Ակցիայի մասնակիցներին նրանք կոչ էին անում հեռանալ համալսարանից և չխանգարել դասապրոցեսը։

Կարդացեք նաև

Ակցիան այս պահին շարունակվում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առջև, որի դռները ևս փակ են։ Մասնակիցները վանկարկում են «ա-մոթ» բառը, քանի որ դռները փակելու պատճառով ուսանողները չեն կարողանում շենքից դուրս գալ և միանալ ակցիայի մասնակիցներին։ Ակտիվիստներին ընդառաջ եկավ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսխորհրդի նախագահը: Նա կոչ արեց հեռանալ՝ պատճառաբանելով, որ այդպիսով դասադուլի մասնակիցները խոչընդոտում են դասապրոցեսը։

Ի դեպ, այս ընթացքում ակտիվիստներին ուղեկցող ոստիկաններից մեկի նյարդերը տեղի տվեցին, և նա սկսեց հայհոյել ակտիվիստներին։ Դասադուլի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի Ազատության հրապարակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս