Ո՞րն էր Գիզիրյանի ամենամեծ սխալը, որ «տանուլ տվեց» Շիրակում

«ՏԻՄ-ի՝ գործող իշխանությունների օգտին ձայն ապահովելու պրակտիկայի կամ քաղաքականության հիմքը դրվել է 1991 թ-ին: Գյուղապետեր, քաղաքապետեր և մարզպետներ պարտավորվում են ձայն ապահովել, մինչդեռ իրականում նրանք պետք է կապ չունենային նախագահական ընտրությունների հետ»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է գյումրեցի քաղաքագետ-վերլուծաբան Գագիկ Համբարյանը:

Ըստ նրա՝ մեր իրականությունում ստեղծվել է մի վիճակ, որ ցանկացած կուսակցության ներկայացուցիչ, եթե համայնքի ղեկավար է, ապա պիտի աշխատի իշխանությունների օգտին: «Տեսեք, նույն Վանաձորի, Արմավիրի քաղաքապետերը պիտի որ ընտրված լինեին բնակչության կողմից: Բայց մենք լավ գիտենք, որ իրենք պետք է ունենան գործող իշխանությունների հովանավորությունը, որ ընտրվեն քաղաքապետ: Դրա համար բոլոր քաղաքապետերը և նաև ՏԻՄ մյուս ներկայացուցիչները՝ մարզպետ-փոխմարզպետները, գյուղապետերը խոստանում են, որ կաշխատեն գործող նախագահի համար: Սրանով ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործում են իշխանություններին ծառայեցնելու համար»:

Անդրադառնալով Շիրակի մարզպետի հրաժարականին և այն հայտարարությանը, որ Գիզիրյանն էր արել, թե ինքը ընդունել է իր պարտությունը, քաղաքագետը ասել է.

«Մարզպետի մեղավորությունն այն էր, որ ինքը և մյուս բոլորն էլ խոստումներ են տվել շտաբի պետին, տեղակալներին և նաև Սերժ Սարգսյանին: Բայց Գիզիրյանը իրականում շատ էլ լավ աշխատեց, որ Սերժ Սարգսյանը այդքան ձայն տարավ Շիրակի մարզում. մեծամասամբ օգտագործեց լիազորությունները Շիրակի մարզի գյուղերում»: Գագիկ Համբարյանի խոսքերով՝ գեներալ մարզպետի ամենամեծ սխալն այն էր, որ նա լավ չէր հաշվարկել` Գյումրի  գալիս:

«Շիրակը և Գյումրին հանրապետությունից տարբեր է և այլ կերպ է քվեարկում: Չնայած ընտրակաշառքի առկայությանը, վարչական ռեսուրսի օգտագործմանը, պետք է ի նկատի ունենան դա: Պարոն Գիզիրյանը երևի թե սա ի նկատի չէր ունեցել, որ այսպես ստացվեց, բայց հուսով եմ՝ ով էլ մարզպետ լինի, սա պիտի միանշանակ նկատի ունենա, և ընդունի ի գիտություն»:

Իսկ իրականում Սերժ Սարգսյանը Գյումրիում խայտառակ ձևով պարտվեց առաջին հերթին իր չստացված հումորի համար: Նա, ըստ քաղաքագետի, կրկնակի տուժեց, որ այդ հումորը հենց Շիրակի մարզում արեց, և հումորը հենց վերաբերում էր ընտրություններին Շիրակի մարզում տոկոսներ հավաքելուն:

«Սերժ Սարգսյանի անհաջող հումորը Թորոսգյուղում բոլորովին այլ կերպ ընդունեց շիրակցին: Հետո ուրիշ ավելի խորը պատճառներ էլ կային՝ սոցիալ-տնտեսական վատթար վիճակը, անպատժելիության մթնոլորտը քաղաքում…»:

Տեսանյութեր

Լրահոս