Հանձնաժողովների անդամներն ու ընտրակեղծարարներն աշխատում են Սերժ Սարգսյանի դեմ
Նախագահական ընտրություններին նախորդած «արխաիկ» վիճակը, որ իշխանության շրջանում տիրում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում, այսօր` ընտրությունների բուն օրը, շատ կոնկրետ դրսևորումներ ստացավ: Փետրվարի 18-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում տեղակայված ընտրական հանձնաժողովներում ու նրանց շուրջ արձանագրվել ու շարունակում են արձանագրվել ընտրախախտումների բոլոր այն տեսակները, որոնք կիրառվել են հայաստանյան ընտրական պատմության ողջ ընթացքում` ընտրակաշառք, լցոնումներ, կարուսել, բազմակի քվեարկություններ, ընտրողներին մասսայաբար ընտրատեղամաս բերելու դեպքեր, և այլն:
Ընտրատեղամասերում ու նաև դրանց տարածքում արձանագրվող ապօրինությունների մասին տարբեր լրատվամիջոցներում հրապարակվող օպերատիվ տեղեկություններն արդեն անգամ անհետաքրքիր են դառնում: Ասենք, տեղեկություն է ստացվել, որ Արտաշատում գտնվող տեղամասերից մեկում 400 քվեաթերթիկ է լցոնվել քվեատուփ, Երևանի տեղամասերից մեկում մի քանի ջահելներ մի քանի հարյուր քվեաթերթիկներ են ցանկացել լցոնել, մարզերում պատկերն ավելի տխուր է և մասշտաբային: Այս և բազմաթիվ այլ տեղեկություններից կարելի է մի ընդհանրացում անել. Մի կողմից՝ լուրջ, իրական վտանգ ներկայացնող մրցակցի ու ընտրական գործընթացի վերահսկողության գրեթե իսպառ բացակայությունը, մյուս կողմից` վախը, որ, այդուհանդերձ, մարդիկ իշխանությանը չսիրելով՝ կարող են քվեարկել մեկ այլ թեկնածուի դեմ, իշխանական ընտրակեղծարարներին հնարավորություն են տվել հանգիստ, առանց լարվելու անել` ով ինչ կարողանում է:
Ընտրակեղծարարության ողջ «փնջի» մեջ ամենաուշագրավը, սակայն, լցոնումների պրակտիկայի վերադարձն է: Նախորդ խորհրդարանական ընտրություններում, օրինակ, իշխանությունը գրեթե կատարելության աստիճանի համակարգել էր ընտրակաշառքի բաժանման գործընթացը: Դա արվում էր հնարավորինս «մաքուր», իսկ լցոնումներ ու կարուսելներ գրեթե տեղի չունեցան, ինչն էլ շատերը, այդ թվում՝ օտարերկրյա դիտորդները, որակեցին՝ որպես աննախադեպ առաջընթաց: Ինչպիսին կլինի դիտորդների արձագանքն այս ընտրություններին, դժվար է ասել:
Հետաքրքիր է սակայն, թե ինչպիսին է լիելու ոչ այնքան դիտորդների, որքան իշխանության ու անձամբ Սերժ Սարգսյանի գնահատականն այս ընտրություններին: Դատելով ընտրական գործընթացից, ստացվում է, որ այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում գտնվող ընտրատեղամասերում իշխանական հանձնաժողովների անդամները, վստահված անձինք, թաղային հեղինակություններն ու մյուս «համակարգողներն» աշխատել են անձամբ Սերժ Սարգսյանի դեմ:
Վերջինս ողջ քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպումներում, դրանից առաջ` միջազգային ամենատարբեր ամբիոններից, հայտարարում էր, որ 2013 թվականի ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենաթափանցիկ, ամենաազատ, ամենաժողովրդավարական ընտրությունները, Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամներ ասում էր, որ այս անգամ այդպիսի ընտրություններ անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել: Իսկ ընտրություններից առաջ հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հանրապետական կուսակցության անդամներին տրվող հարցերին ի պատասխան՝ վերջիններս պատասխանում էին, որ ովքեր փորձ անեն ստվերել ընտրությունների ընթացքը, նրանք արջի ծառայություն կմատուցեն իշխանությանը, Սերժ Սարգսյանին ու Հայաստանի Հանրապետությանը:
Եթե այդ հայտարարություններն անկեղծ էին, ապա այսօրվա ընտրական գործընթացից ստացվում է, որ Հանրապետական կուսակցության անդամների և Սերժ Սարգսյանի համար «աշխատողների» մեծամասնությունն «արջեր» են` գոնե ծառայություններ մատուցելու իմաստով: Ուստի ճիշտ կլինի ՀՀԿ-ն վերանվանել Հայաստանի` արջածառայողների կուսակցություն, այսինքն` ՀԱԿ: