Հայ աղջիկներն ու կանայք այսօր շատ ավելի լավ են դիմահարդարվում, քան տարիներ առաջ
Արդեն հինգ տարի գոյություն ունեցող Make-up Studio-ի հիմնադիր տնօրեն Հրանուշ Եղոյանը, 14 տարի է, զբաղվում է պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ: Նա Հայաստանում իրականացնում է համաշխարհային OMS ասոցիացիայի կողմից հաստատված դիմահարդարման ուսուցման իր ծրագիրը և փորձում է գիտելիքները փոխանցել մյուսներին:
Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասը տարբեր երեկույթներին, համերգներին, տեսահոլովակների նկարահանումներին հանդես են գալիս հենց Հրանուշի ստուդիայի մասնագետների կողմից արված դիմահարդարմամբ:
Նշենք նաև, որ վերջերս Kivera Naynomis բրենդի վալենտինյան նոր ֆոտոնախագծում ներկայացված բոլոր արտիստների դիմահարդարումը կրկին Make-up Studio-ինն էր:
– Հրանուշ, make-up-ը ևս հետևո՞ւմ է նորաձևության տենդենցներին։
– Այո, իհարկե։ Ինչպես նորաձևության, այնպես էլ make-up-ի տենդենցները տարին չորս անգամ փոփոխության են ենթարկվում։ Իհարկե, կան տենդենցներ, որոնք տարիներով պահպանվում են և համարվում են կլասիկա։ Դիմահարդարման հայտնի բրենդերը տարվա ընթացքում ներկայացնում են իրենց հավաքածուները, այսպես ասած, առաջարկում են իրենց Look-ը, որին շատ մարդիկ հավանություն են տալիս և հետևում։
– Դուք make-up անելիս ի՞նչն եք կարևորում` նորաձևության տենդենցնե՞րը, թե՞ տվյալ մարդու դիմագծերին համապատասխան դիմահարդարում անելը։
– Եթե անձը նոր է սկսում մեզ մոտ հաճախել, մենք ձգտում են պահպանել նրա բնական տվյալները և գրագետ ձևով ընդգծել դրանք։ Ունենք նաև այնպիսի հաճախորդներ, ովքեր մշտապես մեզ մոտ են գալիս, և նրանց մենք կարողանում ենք առաջարկել նորաձև մեյք-ափեր։ Նորեկ հաճախորդներին նորաձևության տենդենցները, հնարավոր է՝ վանեն, քանի որ, ի վերջո, դիմահարդարումը մի փոքր ինտիմ գործընթաց է։
– Ձեզ դիմո՞ւմ են Faceart անելու համար։
– Faceart-ի տարրեր գործածվում են հատուկ միջոցառումների, նկարահանումների դեպքում, երբ արտիստին պետք է ներկայացնել այս կամ այն կերպարում։ Օգտագործվում են նաև տարբեր մրցույթների ժամանակ, բայց առօրյայում նման դեպքեր չեն լինում։
– Եթե անդրադառնանք հայ աղջիկների և կանանց առօրյա դիմահարդարմանը, ի՞նչ կնկատենք։ Ինչպիսի՞ կոպիտ սխալներ են թույլ տրվում։
– Ես միշտ փորձում եմ քննադատությունից զերծ մնալ և ավելի շատ լավն եմ տեսնում, քան վատը։ 14 տարի է՝ զբաղվում եմ պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ և նկատում եմ, որ մեծ արագությամբ տեղի են ունենում դրական փոփոխությունները։ Հայ աղջիկներն ու կանայք այսօր շատ ավելի լավ են դիմահարդարվում, քան տարիներ առաջ։ Եթե անդրադառնանք սխալներին, ես միշտ ասում եմ` առօրյայում ձգտեք չդիմահարդարվել, քան դիմահարդարվել։ Մաշկի խնամելուն շատ ավելի մեծ տեղ եմ հատկացնում, քանի դեկորատիվ միջոցներին։ 20-25 տարեկան երիտասարդները պետք է ընդգծեն իրենց դեմքի առավելագույնը երկու էլեմենտը, օրինակ` թարթիչներն ու շրթունքը։ Երբ դեմքի ամեն էլեմենտն ընդգծվում է, գեղեցիկ չի լինում, և երեկոյան դիմահարդարմանն այլևս տեղ չի մնում։
– Նկատելի է, որ հայ աղջիկները միանման են դիմահարդարվում։ Ի՞նչ եք կարծում` ինչի՞ց է դա գալիս։
– Սա խոսում է անհատականության կորստի մասին։ Տեսեք` այսօր բոլորն ուզում են բաց գույնի շրթներկ օգտագործել, բայց դա բոլորին չի սազում։ Ինչքան էլ նորաձևությունը դա պահանջի, պետք է անպայման հաշվի առնես` դա քեզ գեղեցկացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Նորաձև և գեղեցիկ լինելն իրարից բարակ գծով անջատվում են։ Միշտ չէ, որ նորաձև լինելը գեղեցիկ է։ Նորաձևությունն այնքան արագ է փոփոխության ենթարկվում, որ, եթե նույնիսկ «սուր» նորաձև լինես, կարող է երկու օր հետո ինքդ քեզ ծիծաղելի թվաս: «Սուր» նորաձևությունից ես միշտ խուսափել եմ։
– Դուք աշխատում եք նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, դիմահարդարման առումով այստեղ իրավիճակն ինչպիսի՞ն է։
– Այո, կարող եմ ասել, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչների 90%-ի հետ աշխատում ենք (Նազենի Հովհաննիսյան, Քրիստինե Պեպելյան, Սոֆի Մխեյան, Էմմի, Իվետա Մուկուչյան, Լուսինե Թովմասյան, Լիլիթ Հովհաննիսյան, Արմինկա, Շուշան Պետրոսյան, Զարուհի Բաբայան, Հռիփսիմե Հակոբյան, Մայա և Սոֆյա Պողոսյաններ, Լուիզա Ներսիսյան…)։ Կրկին կարող եմ ասել, որ իրավիճակն այստեղ ևս բավականին լավ է, իսկ դա գալիս է նրանից, որ սկսել են մասնագետներին վստահել և չառարկել։ Եթե առաջ տեսահոլովակի նկարահանման ժամանակ ասում էին, թե այսպիսի-այնպիսի դիմահարդարում են ուզում, ապա այսօր դա բացակայում է։ Երբ արդեն իմանում ես տեսահոլովակի իմաստը, տեղանքը, որտեղ այն նկարահանվելու է, սյուժեն, հագուստը, սանրվածքը, քեզ համար էլ է պարզ դառնում, թե ինչպիսի դիմահարդարում է անհրաժեշտ։
– Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այսօր շատ հայ արտիստներ կրկնօրինակում են համաշխարհային մեծության աստղերի դիմահարդարումը։
– Շատ բարդ դիմահարդարում արտատպելը խոսում է պրոֆեսիոնալիզմի մասին։ Երբեմն մարդիկ զուգահեռներ են տանում և ասում, թե այս երգչուհին նման է սրան, նա` նրան, և այլն։ Կարծում եմ` եթե դիմահարդարումը գրագետ է արված, որևէ խնդիր չկա, իսկ վատ կրկնօրինակի դեպքում ես ինքս էլ դեմ եմ արտահայտվում։
– Այսօր Հայաստանում լավ դիմահարդարողներ կա՞ն։
– Նախ՝ պետք է ասեմ, որ ես ինքնուսույցներին չեմ սիրում։ Ես պատասխանատու եմ նրանց համար, ում ինքս եմ սովորեցրել։ Կարծում եմ` պրոֆեսիոնալները քիչ են։ Թող գլուխ գովալ չհնչի, բայց ես այստեղ հավաքել եմ պրոֆեսիոնալ և լավ մարդկանց, ովքեր երբեք չեն դադարի իրենց վրա աշխատել։ Ես մինչև այսօր սովորում եմ։
– Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ աղջիկներին։
– Խորհուրդ կտամ, որ աղջիկներն իրենց համար պատասխանատու օրերին դիմեն իսկական պրոֆեսիոնալներին, որ մի փոքր ափսոսանքով վերաբերվեն իրենց, խնամեն և սիրեն։