Հաճախ դժվար է գուշակել, թե մեր պաշտոնյաները որ երկրից են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Անվտանգության Դաշնային ծառայության կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարեց, թե ԱԴԾ-ն պետք է օգնի եվրասիական ինտեգրացիոն գործընթացին:
«Ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն մեր ներքին գործերին, ցանկացած ձևի ճնշում Ռուսաստանի վրա, մեր դաշնակիցների և գործընկերների վրա, անթույլատրելի է: Անհնար է ամեն տիպի գոչյուններով ու ջղաձգումներով եվրասիական տիրույթում ինտեգրվելու նախագծերի կասեցումը: Արևմուտքը ցանկանում է արգելակել ինտեգրացիոն աշխատանքը՝ օգտագործելով ճնշման տարբեր գործիքներ, այդ թվում նաև՝ այսպես կոչված, փափուկ ուժի մեխանիզմներ:
ԱԴԾ-ն պետք է սերտ շփումների մեջ լինի Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների իր գործընկեների հետ, որոնք մասնակցում են այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին»,- ասել է ՌԴ նախագահը:
168.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեց, թե Պուտինի հայտարարությունը չի՞ ենթադրում, որ Հայաստանը, որը ևս դասվում է ինտեգրացիոն գործընթացին մասնակցող երկրների շարքին, ԱԴԾ-ի հետ սերտ շփումների մեջ լինելով, ինչպես ասել էր ՌԴ նախագահը, թույլ է տալիս խառնվել պետության ներքին գործերին: Թևան Պողոսյանն ասաց, որ ընդհանրապես ցանկացած երկիր պետք է կարողանա առաջնորդվել իր շահերով:
«Ռուսաստանն առաջնորդվում է իր շահերով, և այդ իմաստով ՌԴ ցանկացած պաշտոնյայի հայտարարություն լինելու է՝ ի նպաստ ռուսական շահերի: Մենք պետք է սովորենք, ոչ միայն լսել այլոց շահերի մասին, այլև ճիշտ հաշվարկել մեր շահերը և առաջնորդվել միայն և միայն մեր` Հայաստանի Հանրապետության շահերով: Այս պարագայում, լսելով Պուտինի խոսքը, մենք պետք է հասկանանք, թե որոնք են ռուսական նպատակները, և ինչ ճանապարհով են իրենք ցանկանում իրենց շահերը բավարարել: Բայց մեր քայլերը պետք է պայմանավորվեն միայն մեր շահերից ելնելով»,- ասաց պատգամավորը:
Թևան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանի համար այսօր շատ ավելի կարևոր է խորացնել այն բարեփոխումները, որոնք միտված են Եվրաինտեգրմանը, և կարողանալ սովորել, ընդօրինակել, ինչպես նաև տեղայնացնել այն լավագույնը, որը Հայաստանը կարող է վերցնել ԵՄ-ից: «Այդ լավագույնը կարող է լինել ապրանքների որակի ստուգումը, հեղինակային իրավունքը, բաց շուկայական հարաբերությունները, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը, ժողովրդավարության հաստատումը, բարեկեցությունը և այլն»,- մասնավորեցրեց նա:
Իսկ թե որքանո՞վ է գործող իշխանությունը հաշվի առնում Հայաստանի շահը, Թևան Պողոսյանը կարծում է, որ, ցավոք, «այսօրվա իշխանությունը ոչ միշտ է առաջնորդվում մեր շահերով, նույնիսկ հաճախ պահում է իրեն այնպես, որ դժվար է գուշակել թե մեր պաշտոնյաները որ երկրից են»:
Հիշեցնենք, որ Վ. Պուտինը նաև նշել է, որ իրենք կարող են բախվել, և բախվում են ինտեգրացիոն աշխատանքն արգելակելու փորձերի հետ, ինչի դեմ կարող են օգտագործվել ճնշման ամենատարբեր գործիքներ, ներառյալ, այսպես կոչված, թեթև ուժի մեխանիզմները: Նա կոչ է արել ԱԴԾ աշխատակիցներին՝ հուսալի պաշտպանել ինտեգրացիոն գործընթացը և գործակցել Բելառուսի, Ղազախստանի, ինչպես նաև այս կամ այն ինտեգրացիոն պրոցեսին մասնակցող այլ երկրների անվտանգության ծառայությունների հետ: