5 ՏԱՐՎԱ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի օրը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահի` թվով վեցերորդ ընտրությունները: Իշխանությունը խոստանում է, որ դրանք աննախադեպ են լինելու` որպես ամենաարդար, ամենաազատ ու ամենաթափանցիկ ընտրություններ: Անկախ նրանից` ինչ տեղի կունենա փետրվարի 18-ին, իշխանությունների խոստումը` աննախադեպ լինելու մասով, արդեն կատարվել է. 2013 թվականի նախագահի ընտրություններն իսկապես աննախադեպ են նորանկախ Հայաստանի պատմության մեջ, աննախադեպ են` որպես ամենաանբովանդակ, ամենաանհետաքրքիր և ամենաանհեռանկար ընտրություններ: Անցած բոլոր ընտրություններից փետրվարի 18-ի ընտրությունը տարբերվում է ևս մեկ առումով, ավելի ճիշտ` հակասականությամբ: Բոլոր համապետական ընտրությունների օրինականությունն, առաջին հերթին, պայմանավորվել է ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Նախորդ ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուների, որևէ թեկնածուի չհամակրող մտավորականների` ընտրողներին ուղղված հիմնական, քաղաքացիական կոչը եղել է ընտրություններին ակտիվ մասնակցությունը, որը համարվել է ընտրակեղծիքների դեմ պայքարի գրավականներից մեկը: Այս անգամ պատկերը, սակայն, միանգամայն հակառակն է. իշխանությունների հիմնական մտահոգությունը ոչ այնքան գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրությունն է (վստահ լինելով «ընտրական համակարգի կառավարման» սեփական փորձին` իշխանությունը համոզված է, որ նրա «հաղթանակն» ապահովված է), որքան ընտրություններին քաղաքացիների աննախադեպ ցածր մասնակցության հեռանկարը: Պատահական չէ, որ նախորդ ընտրություններում «աշխատող ակտիվն» այս օրերին տնետուն ընկած մարդկանց համոզում/կաշառում է ոչ թե գնալ-ընտրել Սերժ Սարգսյանին, այլ ուղղակի գնալ քվեարկության: Այս առումով ընտրություններին ակտիվորեն մասնակցելու` ավանդաբար հնչող կոչն անուղղակիորեն դառնում է աջակցություն` իշխանության վերարտադրությանը: Մյուս կողմից` ընտրություններին չմասնակցելը նշանակում է` հրաժարվել քաղաքացու` սահմանադրական իրավունքը գոնե ձևականորեն իրացնելու հնարավորությունից: Սա, ըստ էության, փակուղի է ինքնուրույն ու առողջ մտածող յուրաքանչյուր քաղաքացու համար: Ու փետրվարի 18-ին ընտրողների այդ հատվածը կանգնելու է ոչ այնքան` «Ո՞ւմ ընտրել» հարցի, որքան` «Գնա՞լ, թե՞ չգնալ» երկընտրանքի առաջ: Դժբախտաբար, շատերի համար այդ հարցն արդեն վերաբերում է ոչ միայն փետրվարի 18-ին ընտրատեղամաս այցելելուն, այլ Հայաստանից հեռանալուն: Վաղը լռության օր է, օրենքով արգելվում է թեկնածուներից որևէ մեկի օգտին քարոզչությունը կամ հակաքարոզչությունը, որևէ թեկնածուի դեմ: Որքանով կհետևեն թեկնածուներն օրենքի այս ձևական, խորհրդանշական պահանջին, էական չէ: Քանի որ այսօրվա լռությունն ավելի շատ խորհրդանշում է «լռության 5 տարիները», որոնք Հայաստանն ապրելու է փետրվարի 19-ից հետո: Քաղաքացիներով կամ առանց նրանց:

Տեսանյութեր

Լրահոս