Ինչո՞ւ է ՀՀԿ-ն պաշտպանում Հայրիկյանին

Երեկ ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ կիրակի օրն իր ներկայացրած դիմումը հետ վերցնելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Պ. Հայրիկյանը նախագահական ընտրություններին թեկնածուների համար առաջացած խոչընդոտների անհաղթահարելի ճանաչման գործերի քննության մասին դիմում էր ներկայացրել ՍԴ: Նշենք նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանի մասին օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ կետով ասվում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով Սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից ութ օր առաջ»: Մեր հարցին, թե Պ. Հայրիկյանի նշյալ քայլը կանխատեսելի՞ էր, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինձ մոտ էդպես սենսացիաներ չէր առաջացնի, և ոչ էլ պատրաստվում էինք այդ մասին խոսել: Պարզապես մի անհեթեթ ժամանակաշրջան ստացվեց, և հերոսացված Պարույր Հայրիկյանն` ինքն, անհեթեթ վիճակի մեջ կհայտնվեր, կմեղադրվեր, որ իր անցած ուղին այնպես չէ գաղափարախոսությամբ, ինչն ինքը ներկայացնում է: Տրամաբանորեն 1990-ական թթ.-ից սկսած Պարույր Հայրիկյանը միշտ էլ փորձել է ավելի ակնհայտ իրականությունը բնորոշել և այդ իրականության մեջ իր դերն ու նշանակությունը ներկայացնել, բայց ամենածայրահեղ պահերին, երբ տեսել է, որ դա վնաս է բերելու թեկուզ հասարակության մի որևէ հատվածի, միշտ էլ հետ է կանգնել: Իր ամբողջ կյանքի ճանապարհն այդպես է անցել»: Գ. Սահակյանի խոսքով` ինքը Հայրիկյանի հետ կատարված դեպքի երկրորդ օրն էլ ասել էր, որ Հայրիկյանը ՍԴ չի դիմի: «Ես հենց երկրորդ օրն ասացի, որ Պարույր Հայրիկյանն այդ ճանապարհով չի գնա, որովհետև, ի վերջո, կմտածի, որ դա վնաս է բերում ոչ թե որևէ իշխանության կամ քաղաքական ուժերին, այլ անմիջապես պետությանը և ժողովրդին»:
Հարցին, թե արդյո՞ք Պ. Հայրիկյանի երեկվա քայլն իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների, կոմպրոմիսների արդյունք է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Կարծում եմ, երբ ասում են` չկա չարիք` առանց բարիքի, հասարակությունը լավ պիտի ճանաչի Պարույր Հայրիկյանին: Պ. Հայրիկյանին որևէ մեկը ո՛չ կարող է համոզել, ո՛չ էլ կաշկանդել: Եթե մամլիչ մեքենաների տակով է անցել, ամբողջ կյանքը` վտանգի տակ, նման մարդիկ մահից չեն վախենում և ընդհանրապես վախկոտ չեն լինում: Մի մտածեք, որ որևէ մեկը կարողանա Պարույրին համոզել, եթե ինքը չի կամենում համոզվել»: Իսկ հարցին, թե, այնուամենայնիվ, իշխանությունները քննարկումներ ունեցե՞լ են նրա հետ, Գ. Սահակյանը պատասխանեց. «Համենայն դեպս, ես նման դիտարկում չունեմ: Չեմ կարծում, թե այն մարդկանցից մեկն եմ, որ ինֆորմացված չեմ: Նման ինֆորմացիա չունեմ և չեմ էլ կարծում, որ Պարույրն անհրաժեշտությունից դրդված որևիցե գործողություն կանի: Նա ընդամենը Պարույր Հայրիկյանն է` ճանաչված ամբողջ աշխարհի տարբեր կառույցներին, հանրությանը, և սա մեկ անգամ ևս հնարավորություն տվեց, որպեսզի ինքն ավելի ներկայանալի դառնա այս ամբողջ գործընթացներում քաղաքական խաղերի տրամաբանությամբ, ինչո՞ւ չէ, մյուս ընդդիմադիր թեկնածուներն էլ նույնն են անում: Որևէ մեկին չենք հակադարձում, իսկ ինչո՞ւ պիտի Պարույրին հակադարձենք: Յուրաքանչյուր թեկնածուի էնքան հակադարձելու բաներ կան: Կարող եմ օրինակ բերել, օրինակ, Հրանտ Բագրատյանն ասում է, որ` «ես ժողովրդին հող տվեցի»: Էդ ո՞վ ասաց, որ էդ հողերը Գալուստ Սահակյանի կամ Հրանտ Բագրատյանի պապական հողերն են, և նվեր տվեցին: Հողը մեր բոլորի պաշտամունքն է: Կամ հայրենասեր Րաֆֆի Հովհաննիսյանը 92-ական թթ. փաստաթղթեր էր ստորագրում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին»: Գ. Սահակյանի ասելով` իրենք կարող են հակադարձել նաև Պարույր Հայրիկյանին: ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի կարծում, թե թեկնածուները հանդես կգան մեկ միասնական ֆորմատով, քանի որ նրանք շարժվում են ոչ թե այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ անեն հասարակության համար, այլ` «նախագահ լինելը լավ բան է» սկզբունքով: Իսկ դիտարկմանը, թե այդ տրամաբանությանը հետևում է նաև Պ. Հայրիկյանը, Գ. Սահակյանը նշեց. «Պարույր Հայրիկյանն առանձնանում է այդ բոլորից, որովհետև նա պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է, մյուսները մեկ դառնում են, մեկ հանում են, մեկ դառնում են, մեկ հանվում են»: Հարցին էլ, թե պրոֆեսիոնալ քաղաքական գործչին հարի՞ր է նման անկայունությունը, մտափոխությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ կարծում` անկայունություն է: Յուրաքանչյուր քաղաքական գործունեությունը, պայքարը կոնկրետ իր բանաձևերը չունի: Յուրաքանչյուր մարդ իր մտածողության կերպով, տիպով հրապուրում է հասարակությանը, այսինքն` հատուկ դպրոցներ կամ բուհեր չկան, որպեսզի քաղաքական գործիչ դառնաս, և հետո` չթվա, թե ես Պարույր Հայրիկյանին փորձում եմ արդարացնել կամ նսեմացնել կամ շատ հավանում եմ: Ես` որպես կյանքի դպրոց անցած մարդ, գնահատում եմ, բայց չեմ հավանում»: Այնուամենայնիվ, պարոն Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ, ինչպես ինքն է ասում, «հակադարձելի քայլեր» կարող է նշել Պարույր Հայրիկյանի առնչությամբ: «Էն դրվագները, որ ինքը գործում է` ընդունելի չէ ինձ համար, այսինքն` այս վերջին մոտեցումները: Իր շանսն ավելին է, քան ինքը կարողացավ ներկայացնել: Ինքն ընդամենը վիրավոր էր և պիտի լռեր, որովհետև հասարակություն ինքն արդեն իր սկզբունքներն արտահայտեց առաջին երկու օրվա ընթացքում: Ավելիին հասնել հնարավոր չէր»,- ասաց Գ. Սահակյանը: Իսկ դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ Պ. Հայրիկյանը` որպես կոմպրոմիսային քայլ, իշխանություններից պահանջել էր ՀՀԿ պատգամավորության մանդատ, Գ. Սահակյանը նշեց. «Մեզանից շատ կարող են պահանջներ լինել, և կարող են բոլորը պահանջել, բայց ես չեմ կարծում, որ Հայրիկյանի մոտեցումները ձևավորվում են ինչ-որ մի բան տալու խնդրով: Ինքն ավելի շատ մի բան ապացուցելու խնդիր ունի, քան այն, որ ինչ-որ մեկն իրեն մի բան տա»։

Տեսանյութեր

Լրահոս