Հմայակ Հովհաննիսյանը ներողություն կխնդրի՞
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հմայակ Հովհաննիսյանը դատական նիստին ներկայացավ մեկ այլ փաստաբան՝ Գեորգի Գուլքանյանի հետ, ով շարունակեց ներկայացնել նախորդ դատական նիստին՝ երկրորդ պաշտպան Կարեն Ղազարյանի ներկայացրած միջնորդությունը:
Պաշտպանական կողմը նշեց, որ նախաքննությունը կատարվել է թերի և թույլ են տրվել մի շարք խախտումներ: Ինչպես նաև քննիչի գործողությունները բողոքարկվել են դատախազին, իսկ դատախազն ակնհայտ անհիմն կերպով դրանք մերժել է: Պաշտպանը նշում է նաև, որ տուժող Սենիկ Ջուլհակյանը, ով հանդիսանում է «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ –ի տնօրենների խորհրդի նախագահ՝ հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է մատները դռան արանքում թողնելու հետևանքով: Ըստ պաշտպանի՝ բուժանձնակազմը չի հարցաքննվել, դեպքը տեսանկարահանողները ևս: Պաշտպանական կողմը՝ մեղադրողին անընդմեջ դատախազ դիմելով պնդեց, որ մեղադրող Էյրամջյանը չի կարող այս գործով անաչառ լինել, քանի որ պետք է ամեն բան անի, որպեսզի պաշտպանի մեղադրանքը՝ բացարկ հայտնելով դատախազին, ինչը դատարանը մերժեց:
Դրան հաջորդեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Սակայն դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց:
Եվ Հմայակ Հովհաննիսյանի պաշտպանը հանդես եկավ դատարանի ինքնաբացարկի միջնորդությամբ, ինչը նույնպես մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Դատարանն անցավ դատաքննության փուլի: Ապացույցների հետազոտման սահմանված հաջորդականության համաձայն՝ նախ հարցաքննվեց տուժողը՝ Սենիկ Ջուլհակյանը, որի ցուցմունքների ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը մի քանի անգամ միջամտեց, ինչ համար արժանացավ դատարանի դիտողությանը՝ նախազգուշացվելով, որ կրկնվելու դեպքում նա դուրս կհրավիրի նիստերի դահլիճից:
Իսկ տուժող Սենիկ Ջուլհակյանը դատարանում հայտարարեց, որ եթե Հմայակ Հովհաննիսյանը ներողություն խնդրի իր կոլեկտիվի անդամներից և «Հայհիդրոէներգոնախագիծ» շենքի տարածքում «զավթած» տարածքները ետ վերադարձվի, ապա Ջուլհակյանը քաղաքացիական դիմումը ետ կվերցնի: Տուժողը նաև իր ցուցմունքներում պնդեց, որ Հովհաննիսյանը գիտակցաբար է հրել իրեն այլ ոչ թե պատահմամբ:
Ապա դատարանն անցավ վկաների հարցաքննությանը և դատարան հրավիրվեց ականատես վկա Վարդանուշ Կոստանյանը։ Նա մասնավորապես պատմեց դեպքի մանրամասները, որոնք սակայն հակասում էին նախաքննական ցուցմունքներին և դատարանը հետաքրքրվեց, թե արդյոք նախաքննության փուլում վկային դրդել են կեղծ ցուցմունքներ տալ: Վկայի պատասխանը բացասական էր, պարզվեց, որ նա շփոթվում է դատարանում և որ ինչ-որ բաներ այլևս չի հիշում, քանի որ դեպքից անցել է երկար ժամանակ։
Մեղադրող կողմը ևս հակասություններ տեսնելով վկայի ցուցմունքներում միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, որտեղ մասնավորապես ասվում է, որ Հմայակ Հովհաննիսյանը և Սենիկ Ջուլհակյանը կանգնած են եղել մեկ հարթության վրա, Հմայակ Հովհաննիսյանը կանգնած էր չբացվող դռան մոտ, իսկ տուժողը՝ բացվող դռան մոտ, Հովհաննիսյանը ձգվել է դեպի դռան զանգը և երբ ներսից բացվել է դուռը, այդ պահը համընկել է այն բանի հետ, որ Հովհաննիսյանը աջ ձեռքով հրել է Ջուլհակյանին, և վերջինս ընկել է բազալտապատ աստիճանավանդակի վրա, ինչի հետևանքով վնասվածք է ստացել:
Նախաքննական մարմնին տված իր ցուցմունքը վկան լսելով, կարծես թե հիշեց այդ ամենը և հաստատեց, որ հենց այդպես էլ եղել է:
Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ հրաժարվում է երկրորդ պաշտպանից, սակայն դատարանն ասաց, որ պաշտպանից հրաժարվում են հենց իր ներկայությամբ:
Դատական նիստը հետաձգվեց և տեղի կունենա մարտի 6-ին:
Հիշեցնենք, որ Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Ըստ մեղադրական եզրակացության, Հմայակ Հովհաննիսյանը 2012թ. ապրիլի 21-ին` ժամը 10:30-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան 34ա հասցեում տեղակայված «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց, վիճաբանության ժամանակ, «հանցավոր անփութություն դրսևորելով իր գործողության և դրա վտանգավոր հետևանքների նկատմամբ», հրել է նույն ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին, ինչի հետևանքով վերջինս նախ մարմնով և ձախ ձեռքով համահարվածվել է մուտքի դռան եզրային մետաղյա շրջանակին, ապա, կորցնելով հավասարակշռությունը, գլորվել է բազալտապատ աստիճանահարթակից: Դրա հետևանքով Ս.Ջուլհակյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝ ձախ սրունքի շրջանների արյունազեղման, ձախ ձեռքի 3-րդ և 5-րդ մատների հիմային ֆալանգների չտեղաշարժված կոտրվածքների ձևով։