Ի՞նչ է մշակելու գյուղացին այս տարի
Այս տարի գյուղացին կմշակի ավելի քիչ գյուղմթերք, քան նախորդ՝ 2012 թվականին է մշակել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասացին Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչ Գևորգ Սեդրակյանն ու Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ Սամվել Հովհաննիսյանը: Վերջիններիս խոսքով, պատճառը նախորդ տարվա բերքի կորուստներն էին, հիվանդություններն ու շուկայական ցածր գինը:
«Նախորդ տարի կար բերքի լճացում, եթե գործարաններն էլ չընդունեին՝ բերքի 100 տոկոսանոց կորուստ կունենայինք: Առանց այն էլ մի բարձր գնով չենք կարողացել վաճառել մեր բերքը: Գյուղացին գումար չի կարողացել հետ գցել, որ գարնան աշխատանքներն իրականացնի: Փող չկա, հազիվ մի կերպ աշխատողի, հողի, ջրի հարկ ենք տվել, վարկերն էլ կիսատ-պռատ մարել ենք, որ չգան տներից հանեն: Ասա տեսնեմ, հիմա ո՞նց գյուղացին վարուցանք անի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եղեգնուտ գյուղի բնակիչ Գևորգ Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ նախորդ գյուղատնտեսական տարին բերքի տեսանկյունից հաջող էր, սակայն տարվա ընթացքում եղան ժամանակներ, երբ բերքը շուկայում լճացավ կամ վաճառվեց ինքնարժեքից ցածր գնով: Հունիս-հուլիս ամիսներին գլուխ բարձրացրեց ցեց հիվանդությունը, որն ազդեց մորմազգի մշակաբույսերի վրա: Նշենք, որ «Ագրոգյուղացիական միավորման» նախագահ Հրաչյա Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում առաջարկել էր ցեց հիվանդության դեմ պայքարելու իր եղանակը: Ըստ Հ.Բերբերյանի՝ ցեցը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնք կարելի է վերացնել՝ նույն տեղում ախտահանիչ բույսեր մշակելով:
Նա առաջարկում էր ախտահարված տարածքներում ցանել սոխ և սխտոր՝ զարկ տալով այդ մշակաբույսերի տեղական արտադրությանը: Նշենք, որ թե՛ սոխը, թե՛ սխտորը գյուղատնտեսության տեսանկյունից համարվում են բարձր ինքնարժեքով մշակաբույսեր: Գյուղացիներից շատերն ուղղակի խուսափում են այդ մշակաբույսը ցանելուց՝ վախենալով ստացված բերքի քչությունից և վաճառվելիք գնի ցածր լինելուց: Վերլուծությունները ցույց են տալիս, որ սովորաբար սոխի մեծածախ գինը սեզոնին կարող է հասնել առավելագույնը 250-300 դրամի: Դա գյուղատնտեսության տեսանկյունից համարվում է գյուղմթերքի միջին գին, սակայն ոչ բոլոր դեպքերում է սոխն այդ գնով վաճառվում:
Գյուղացիների հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել, թե նրանք որքանո՞վ են տեղյակ Հ. Բերբերյանի առաջարկած մեթոդին, և արդյո՞ք այս տարի ցանքը կատարելու են առաջարկված սկզբունքի համաձայն: «Ես նման բան չեմ լսել: Սոխն ու սխտորը համարվում են կենդանական ախտահանիչներ, ոչ թե բուսական: Դրանցով ախտահանում են կենդանի օրգանիզմները: Չեմ կարծում, որ այն կարող է հողը ախտահանել ցեց կամ մեկ այլ տեսակի հիվանդությունից: Ես չեմ ցանելու սոխ, դա բավական ծախսատար մշակաբույս է, բացի դա էլ՝ արդյունքը ոչ միշտ է գոհացնող»,- 168. am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ Սամվել Հովհաննիսյանը:
Գյուղացիների հետ զրույցից պարզ դարձավ, որ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս առավել շատ կմշակվեն այն մշակաբույսերը, որոնք պահածոների գործարանների կողմից մթերվում են: Այդ մշակաբույսերի թվում է լոլիկը, սմբուկը, պղպեղը: Ինչ վերաբերում է կարտոֆիլին, ապա այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունները զգալի կնվազեն: Այդ մշակաբույսը ցանվում է հիմնականում նախալեռնային շրջաններում, ինչպես նաև Արարատյան դաշտի որոշ համայնքներում: Հիշեցնենք, որ նախորդ տարի կարտոֆիլի իրացման լուրջ խնդիր կար մեզ մոտ, որն այդպես էլ չլուծվեց: Գյուղացին այսօր մեծածախ շուկայում կարտոֆիլի 1 կգ-ն վաճառում է 120-130 դրամով: Նշենք, նաև, որ կարտոֆիլի սերմացուի 1 կգ-ն ինչպես՝ նախորդ տարի, այս տարի ևս վաճառվում է 180-200 դրամով: Խոսքը երկրորդ վերարտադրության սերմացուի մասին է:
«Մարդիկ կարտոֆիլ չեն ցանելու՝ դա հաստատ, արդեն քիչ-քիչ պարզ է դառնում, թե այս տարի որ կուլտուրաներն են շուկայում շատ լինելու: Հաստատ կարտոֆիլն այդ կուլտուրաների մեջ չէ: Սերմացուի գինն է, նախ, շատ բարձր, հետո՝ մշակման տեխինական է ծախսատար: Նախորդ տարի մարդիկ չեն կարողացել իրացնել իրենց բերքը: Սեզոնին կարտոֆիլի 1 կգ-ն 40-60 դրամ էր, ինչը սարսափելի ցածր գին էր: Մարդիկ 200 դրամով սերմացու էին առել, աշխատողին փող էին տվել, տեխնիկայի, թույների, ջրի համար էին վճարել: Հազար ծախս էին արել, արդյունքում էլ՝ մինչ այսօր չեն կարողանում իրենց բերքն իրացնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Մասիս Ավետիսյանը: